Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմաբանի օրը գյումրեցիներիս համար ներկվեց սգո գույներով»․ մահացել  է անվանի հնագետը

Դեկտեմբեր 04,2022 23:17

Ծանր հիվանդությունից այսօր մահացել է Շիրակի երկրագիտական թանգարանի երկարամյա տնօրեն, անվանի երկրաբան, հնագետ Համազասպ Խաչատրյանը։

Անվանի գիտնականը նաև Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադիրներից էր, հնագիտական բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ։

Նա Շիրակի դաշտավայրի տարբեր տեղանքներում կատարած իր պեղումներով անընդմեջ զարմացնում էր շիրակցիներին։

Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը, ֆեյսբուքյան իր էջում հայտնելով  նրա մահվան գույժը, գրել է․ «Համազասպ Խաչատրյանն իր գործի բացառիկ նվիրյալն էր, հմուտ հետազոտողն ու բազմակողմանի գիտակը։ Շիրակի հնագիտական ժառանգության ուսումնասիրման ու պահպանման գործում մեծ է նրա ներդրումը։ Հնագիտությունը նրա տարերքն էր, ամենօրյա նվիրումն ու կյանքի իմաստավորումը։ Համազասպ Խաչատրյանի կենսագրությունից անտրոհելի են Շիրակի տարբեր բնակավայրերի ու դամբարանադաշտերի, Շիրակի կուրարաքսյան մշակույթի դամբարանների պեղումները, Ախուրյանի ավազանի միջնադարյան ամրաշինական կառույցների ուսումնասիրությունը․․․ Հայկավան, Շիրակավան, Ջրափի, Ջրաձոր,Ղազանչի, Մայիսյան, Կապս, Հացիկ, Սեպասար, Առափի և այլն․․․Թվարկումն իսկ կարող է վկայել այն տիտանական աշխատանքը, որ կատարել է նա: Իր ազգանվեր գործունեության համար Համազասպ Խաչատրյանը 2011 թ․ արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի»։

Արվեստաբան Արաքս Մարգարյանն էլ, սգալով նրա մահը, իր մտահոգությունն է հայտնել, որ եզակի գիտնականները չունեն փոխարինողներ․ « Ամենալավ ու պայծառ մարդիկ հեռանում են․․․Ընկեր Խաչատրյանին ճանաչում եմ շատ վաղուց․․․Երբ ուսանող էի ու գնում էի հնագիտական պրակտիկայի, հետո դասախոսի կարգավիճակում իմ ուսանողներին տարել եմ Շիրակի երկրագիտական թանգարանի անձնակազմի հետ պեղումների։ ․Խաչատրյանից շատ բան եմ սովորել․ նվիրվել, սիրել մասնագիտությունը, չհամաձայնվել տգիտության ու միջակության հետ։

Հիմա չկան ո՛չ Լարիսան, ո՛չ Խաչատրյանը․․․ Ովքե՞ր են գալու նրանց փոխարինելու, արդյոք կա՞ն այդպիսիք։Հեռանում են լավագույնները»։

Պատմաբան Լիլիթ Ասոյանն էլ գրում է․ «Այսօր պատմաբանի օրն է, որը մեզ գյումրեցիներիս համար ներկվեց սգո գույներով… մեզ իր արևը բաշխեց այդ մասնագիտության եզակի նվիրյալը` Համազասպ Խաչատրյանը, որը պատմության դասերից զատ մեզ համար կյանքի դպրոց էր, մարդ լինելու և մնալու, նվիրվածության և ազնվության վառ օրինակ… հանգչիր խաղաղությամբ սիրելի դասախոս…»:

Շիրակի մարզպետարանի աշխատակազմն էլ,  իր ցավակցությունը հայտնելով նրա ընտանիքին, ներկայացրել է ճանաչված գիտնականի կենսագրությունը․ « Խոր վշտով հայտնում ենք վաստակաշատ երկրաբան ու հնագետ, Շիրակի երկրագիտական թանգարանի երկարամյա տնօրեն, հնագիտական բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ, գիտնական Համազասպ Խաչատրյանի մահվան մասին։

Շիրակի մարզի պատմամշակութային արժեքների, անգնահատելի գտածոների գիտակն էր Համազասպ Խաչատրյանը, անմնացորդ նվիրումով փայփայում էր Շիրակի երկրագիտական թանգարանի 30 հազարից ավելի նմուշները, մեծ ոգևորությամբ պատմում նրանցից յուրաքանչյուրի պատմությունը։

Շիրակի մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ, ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում նվիրյալ գիտնականի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, բոլոր շիրակցիներին:

Համազասպ Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` դեկտեմբերի 5֊ին, Սուրբ Նշան եկեղեցում, ժամը 17:00։

Հուղարկավորությունը դեկտեմբերի 6֊ին ժամը 13:30։

Համազասպ Հակոբի Խաչատրյանը ծնվել է 1952 թ., հուլիսի15-ին, Լենինականում:​

1959-1969 թվականներին սովորել և ավարտել է Լենինականի թիվ 19 միջնակարգ դպրոցը

1971-1972 թվականներին սովորել է Լենինականի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում:

1972-1976 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմա-հասարակագիտական բաժինը:

1976-1977թվականներին աշխատել է Դիլիջանի թիվ 3 միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ:

1977-1978 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում:

1978-1979 թվականներին աշխատել է Լենինականի թեթև արդյունաբերական տեխնիկումում որպես ուսուցիչ:

1980-1986 թվականներին աշխատել է ՆԳ Լենինականի վարչության անչափահասության գործերի տեսչությունում, որպես տեսուչ:

1987-2017 թվականներին Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն:

1988 թվականին մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների է մասնակցել ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրության համամիութենական ինստիտուտում:

1997 թվականից մինչև այսօր համատեղությամբ աշխատել է ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում սկզբում որպես գիտքարտուղար, ապա գիտաշխատող:

2017-2019 թվականներին աշխատել է Շիրակի երկրագիտական թանգարանում որպես գիտաշխատող:

2020 թվականից մինչև այսօր աշխատել է Շիրակի երկրագիտական թանգարանում որպես գլխավոր ֆոնդապահ:

1989 թվականից մինչև այսօր կազմակերպել և ղեկավարել է Շիրակի երկրագիտական թանգարանի հնագիտական արշավախումբը, որի արդյունքում մարզում հայտնաբերվել են 30-ից ավելի հնագիտական հուշարձաններ, որոնց մի մասում արշավախմբի կողմից իրականացվել են հնագիտական պեղումներ:

1994 թվականին նախաձեռնել և իրականացրել է Շիրակի պատմամշակութային ժառանգությանը նվիրված հանրապետական 1-ին և 2-րդ գիտաժողովները: Նախաձեռնել և գործուն մասնակցություն է ունեցել ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ստեղծմանը:

1996 թվականին նախաձեռնել է « Հին Հայաստանի գանձերը, ակունքներից մինչև Քրիստոնեություն» խոշոր ցուցահանդեսը, որը կայացել է Ֆրանսիայի Նանտ, իսկ 1977 թվականին՝ Լիոն քաղաքներում:

1998-2002 թվականներին մասնակցել է հայ-ֆրանսիական համատեղ հնագիտական արշավախմբի աշխատանքներին Բենիամինում, Լուսակերտում և Արզնիում:

2004-2012 թվականներին եղել է Հայկաձորի հնագիտական արշավախմբի ղեկավար:

2009-2012 թվականներին եղել է Շիրակի երկրագիտական թանգարանի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Ֆրանսիայի Էքսան Պրովանսի համալսարանի համատեղ հնագիտական արշավախմբի ղեկավար:

2010 թվականից մինչև այսօր Շիրակի երկրագիտական թանգարանի և Գերմանիայի դաշնային հանրապետության Հարավային Սաքսոնիայի հուշարձանների պահպանության և հնագիտական ծառայության, Հալլեի Մարտին Լյութեր համալսարանի համատեղ հնագիտական արշավախմբի ղեկավար:

2007-2014 թվականներին ֆրանսիացի հատնի հայագետ Ժան Պիեռ Մահեի հետ ղեկավարել է Շիրակի երկրագիտական թանգարանի և Անիի ֆրանսիական հնագիտական համատեղ արշավախմբի աշխատանքները Շիրակում:

2004-2019 թվականների մասնակցել է Մեծ Սեպասարի հնագիտական արշավախմբի աշխատանքներին, իսկ 2020 թվականից մինչև այսօր ղեկավարում է այն:

1987-2017թթ. թանգարանի ղեկավարման տարիներին հիմնական ֆոնդի ցուցանմուշների թվաքանակը 8157-ից հասել է 23115-ի:

Հեղինակ է շուրջ 70 գիտական հոդվածների, որոնց մի մասը հրատարակվել է արտասահմանյան հայտնի գիտական ամսագրերում: Ունի հրատարակած մեկ մենագրություն:

Համազասպ Խաչատրյանի գիտական վաստակը նշանակալի ներդրում է ունեցել հայոց հնագույն մշակութային ժառանգության ուսումնասիրության գործում: Դրասխանակերտի, Հայկաձորի, Մեծ Սեպասարի և շիրակյան այլ հնագիտական հուշարձանների պեղումների արդյունքում հայտնաբերված ու մշակված մեծարժեք գտածոները իսկական գյուտեր էին, որոնք ակադեմիական լրջախոհ գիտնական Խաչատրյանի հետազոտությունների և հրապարակումների շնորհիվ իրենց արաժանի տեղն են զբաղեցնում հայոց բազմահազարամյա պատմության ու մշակութային ժառանգության անդաստանում: Համազասպ Խաչատրյանի ջանքերի շնորհիվ եվրոպական գիտական շրջանակներին հասանելի դարձան մեր ժողովրդի հարուստ մշակութային արժեքները և պատահական չէր, որ բազմաթիվ արտերկրյա նշանավոր գիտական կենտրոնների ներկայացուցիչներ և արշավախմբեր անմիջական մասնակցություն ունեցան Շիրակի հնագիտական ուսումնասիրության գործին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031