Լրահոս
Օրվա լրահոսը

Վտանգված արդարադատություն

Հունվար 25,2023 13:30

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավորներ Ալեքսանդրա Հարությունյանի եւ Կարեն Մաթեւոսյանի գործողությունների արդյունքում իրեն իրավական պետություն հռչակած Հայաստանի Հանրապետությունում ներկայումս ի կատար չի ածվում օրինական ուժ ստացած եւ պարտադիր կատարման ենթակա դատական ակտը:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեռեւս 2020 թվականին թիվ ԵԴ/22943/02/20 քաղաքացիական գործով քննության էր առել օտարերկրյա դատական ակտը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու եւ կատարման թույլատրելու՝ Լիբանանում բնակվող հայազգի բժշկի պահանջը։ Օտարերկրյա դատական ակտի անբաժանելի մասը կազմող հաշտության համաձայնագրի կնքմամբ մայր-ծնողը պարտավորվել էր Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր տեղափոխված անչափահաս որդուն վերադարձնել հորը, որպեսզի վերջինս միավորվեր իր ծննդավայր Լիբանանում բնակվող հարազատ եղբորը։

Արդարադատություն իրականացնելիս դատարանը, օտարերկրյա դատական ակտի յուրաքանչյուր դրույթը քննարկման առարկա դարձնելով եւ համոզվելով, որ դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության հանրային կարգին, երրորդ անձանց (այդ թվում՝ անչափահասի) իրավունքներին եւ շահերին, եւ որ բացակայում են օրենքով ամրագրված՝ օտարերկրյա դատական ակտի ճանաչումը մերժելու հիմքերը, 2021 թվականին կայացրել էր որոշում «Օտարերկրյա վճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու եւ կատարման թույլատրելու մասին»։ Դատարանի որոշումը մայր-ծնողը վիճարկել էր վերաքննության եւ վճռաբեկության կարգով, ինչի արդյունքում մնացել էր անփոփոխ եւ ստացել օրինական ուժ։ Դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել էր վարչական վարույթ՝ պարտապան ծնողի վրա դնելով ի թիվս այլոց՝ երեխային հորը հանձնելու իրավաչափ պարտավորությունը։

Մինչ Լիբանանի Հանրապետությունում բնակվող անչափահասի հարազատ եղբայրը, հայրն ու այլ հարազատները պատրաստվում էին երեխայի՝ հայրենիք վերադարձին, մայրը միջոցներ էր ձեռնարկել դատական ակտի կատարումը ձախողելու ուղղությամբ։ Վերջինս, նպատակ ունենալով խոչընդոտել դատական ակտի կատարմանը՝ ակնհայտ արհեստածին, վարչական դատարանին քննությանը ոչ ենթակա հիմքերով ձեւականորեն վիճարկել է հարկադիր կատարողի այն որոշումները, որոնցով իր վրա էին դրվել օրինական ուժ ստացած դատական ակտի պահանջները կատարելու պարտավորությունը՝ միեւնույն ժամանակ միջնորդելով կասեցնել դրանց կատարումը։

Հարկադիր կատարողի որոշումների կատարումը կասեցնելու միջնորդությունը քննած՝ այդ ժամանակ դեռեւս ՀՀ վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանը, ապա՝ վերջինիս կայացրած որոշումը վերաքննության կարգով վերանայած ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Մաթեւոսյանը, արդարադատություն իրականացնելիս դրսեւորելով կոպիտ անփութություն, առանց կատարելու գործի փաստական հանգամանքները պարզելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դրա շուրջ ՀՀ վճռաբեկ դատարանի մեկնաբանություններով իրենց վրա դրված դատավարական պարտականությունը, առանց Հարկադիր կատարողի որոշումները կասեցնելու համար նախապայման համարվող՝ կասեցման անհրաժեշտության շուրջ հիմնավոր կասկած ձեւավորելու, համարել են, որ երեխայի հանձնման գործողությունը կատարելը (նույնն է, ինչ ԵԴ/22943/02/20 քաղաքացիական գործով կատարողական թերթի պահանջները կատարելը) կարող է անհնարին դարձնել պարտապանի «իրավունքների» պաշտպանությունը։

Հիշյալ դատավորները ոչ միայն կոպիտ կերպով խախտել են վարչական վարույթով պահանջատիրոջ՝ հայր-ծնողի, ՀՀ սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքը, ՀՀ սահմանադրության 31-րդ հոդվածով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով ամրագրված՝ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, այլեւ կայացրած որոշումներով ամենաուղղակի ձեւով հանգեցրել դատական իշխանության հեղինակազրկմանը։

Կասեցնելով օրինական ուժ ստացած դատական ակտով սահմանված գործողությունների կատարումն այն պատճառաբանությամբ, թե դրանց կատարումը կարող է անհնարին դարձնել երեխայի հանձնումը կատարելու պարտավորություն ունեցողի իրավունքների պաշտպանությունը՝ նույնն է, ինչ կասկածի տակ դնել թիվ ԵԴ/22943/02/20 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետությունում կայացված արդարադատությունը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի կիրառությանը, նշել է, որ հոդվածի 1-ին կետում ամրագրված՝ դատարանի իրավունքն անիրական կլիներ, եթե Պայմանավորվող պետության ներպետական իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական, պարտադիր դատական որոշումը շարունակեր չգործել ի վնաս կողմերից մեկի: 6-րդ հոդվածի նպատակներով, որեւէ դատարանի կողմից կայացված վճռի կատարումը, այսպիսով, պետք է համարվի «դատավարության» անբաժանելի մասը (տես «Հորնսբին ընդդեմ Հունաստանի» [Hornsby v. Greece], 1997 թվականի մարտի 19, «40, Վճիռների եւ որոշումների մասին զեկույցներ 1997 II»): Վերջնական, պարտադիր դատական որոշման կատարումը չի կարող անհարկի հետաձգվել (տես «Իմոբիլիարե Սաֆֆին ընդդեմ Իտալիայի» ՄՊ) [Immobiliare Saffi v. Italy [GC]], թիվ 22774/93, «66, ՄԻԵԴ 1999 V): Այս տրամաբանությունից էլ ելնում է «Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է» («Justice delayed is justice denied») գաղափարը, որի համաձայն` դատավարության չհիմնավորված ձգձգումը կարող է դատավարության կողմերի համար հանգեցնել «արդարադատության մերժմանը»։

Հատկանշական է, որ հիշյալ դատավորների գործողությունների արդյունքում կասեցվել են հարկադիր կատարողի որոշումներն ամբողջությամբ, որոնք վերաբերում էին ոչ միայն երեխային հորը հանձնելուն, այլեւ հոր հետ երեխայի շփմանը։ Դատական ակտի անհարկի ձգձգումն անխուսափելիորեն հանգեցնելու է Լիբանանում բնակվող հորից երեխայի օտարացմանը (ՄԻԵԴ որոշումներում հայտնի որպես «parental alienation syndrome» անվանումով), անհարկի բարդացնելու օրինական ուժ ստացած դատական ակտով սահմանված եւ անխուսափելի՝ երեխային հորը հանձնելու գործընթացը, որի ողջ պատասխանատվությունը ներկայումս կրում է Հայաստանի Հանրապետությունը։

Ներկայացված իրողությունը Սահմանադրությամբ իրեն իրավական պետություն հռչակած, մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարտավորություններ ստանձնած եւ կոռուպցիայի դեմ պայքար մղելու արդյունավետ գործիքներ փնտրող Հայաստանի Հանրապետությունը ազդարարում է, որ հարկադիր կատարում ենթադրող ցանկացած պահանջով արդարադատության իրականացումը Հայաստանի Հանրապետությունում խիստ պայմանական է, քանի դեռ վարչական դատարանն ի զորու է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի կամայական կիրառությամբ կասեցնել կատարողական թերթի պահանջներից բխող հարկադիր կատարողի որոշումների կատարումը։

Հասմիկ ՕՀՆԻԿՅԱՆ

Փաստաբան

«Առավոտ» օրաթերթ
24.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031