Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախ 35․ Պայքարը շարունակվում է. Աիդա Ավետիսյան

Մարտ 03,2023 13:54

Լսելով հոր խոսքերն ու ճաշակելով նրա՝ այսքան տարիների ընթացքում հասցրած ամենաքաղցր ապտակը՝ Ավետն, իր սովորական մեղմ ու հանդարտ ժպիտը դեմքին, կանգնեց ու ասաց․

-Իմ սիրտը լեռներում է, պա՛պ, այն լեռներում, որոնք երբեք չեն անցնելու շների այն ոհմակին, որոնց երախակալն ուղղակի մի պահ արձակվել է։ Ես գնացի։

Պատերազմի հինգերորդ օրն էր։ Ավետից լուր չկար։ Իսկ ահա ՊԲ-ն ամեն օր մի նոր, արյունալի ցուցակ էր հրապարակում, ամեն օր ավելի երկար, ամեն օր ավելի ցավոտ ու դառը․ Ավետն այդտեղ էլ չկար։ Մեզնից ոչ ոք չէր համարձակվում բարձրաձայն ասել «Ավետ չկա», որովհետև հաջորդ վայրկյանին աշխարհը մթնում էր, կյանքը՝ սևանում, երջանկությունը՝ լցվում անդունդը։

Պատերազմի տասներորդ օրն էր։ Նամակ էր ուղարկել։ Այն, իհարկե, շատ բան չէր ասում, ընդամենը մի տող՝ «Ես իմ լեռներում եմ»։ Թուղթը, զարմանալիորեն, շատ մաքուր ու կոկիկ էր, բացառությամբ այն մի քանի կաթիլների, որոնք նկատելի էին գրվածքի վրա։ Այդ օրվանից նամակը դարձավ Ավետի հոր Աստվածաշունչը։

Մթության և սառնության ևս ահասարսուռ տասն օրեր լցվեցին հորը։ Եվս մի նամակ, այս անգամ ավելի երկար ու ավելի թաց։

«Հիշո՞ւմ ես, պա՛պ, երբ ապտակեցիր, ես չպատասխանեցի քեզ, նույնիսկ հայացքս չփոխվեց։ Հիմա ուզում եմ ասել՝ շնորհակալ եմ, որովհետև այստեղ՝ կյանքի ու մահվան, հպարտության ու փախուստի, պատվի ու դավաճանության խաչմերուկում ինձ ապրեցնող միակ բանը քո ապտակն է և այն գիտակցումը, որ դեռ շատ ջանք պետք է թափեմ դրան լիարժեք արժանանալու համար։

Հիմա, երբ թնդանոթի ձայնը խլացնում է ինձ, ես քեզ եմ պարզում ձեռքս, որ կբռնես, պարզում եմ մյուս այտս, որ էլի ապտակես, հույսս, որ չհուսալքվես, հավատս, որ սպասես ու վստահությունս, որ ինչ էլ պատահի, չես մոռանա ամեն երեքշաբթի մայրիկին կակաչներ տանելու իմ ավանդույթը, որ վաղը կամ հինգ րոպեից գուցե քոնը դառնա։

Ես սիրտս բերեցի այստեղ, դեպի լեռներն այս վիթխարի, որ նրանք չդառնան ուրիշ, որ չպղծվեն, որ այստեղ միշտ ՄԵՐ սրտերի բաբախյունը լսվի։

Հպարտ եմ ու շնորհակալ։ Ես կամ»:

Ավետը կար, կար այդ պահին, դրանից հետո, հիմա ու միշտ։

Նրա ու մյուս հերոսների սրտերը հավերժ բաբախելու են մեզ ու այդքան պաշտելի, երկնահուպ լեռների համար։

*      *      *

Սա ավելորդ բացատրությունների և մեկնաբանությունների կարիք չունեցող այն ամենն էր, ինչ Ավետն ու հազարավոր այլ Ավետներ արեցին ինձ համար, մեզ համար, Արցախի համար և սա է ամենը, ինչը չշարունակելը ավելի արդարացված չէ, քան պետական դավաճանությունն ու երախտամոռությունը։

Իսկ ի՞նչ է ասել «շարունակել ինչ-որ մեկի գործը»։

Նրբորեն շրջանցելով, իհարկե, կարևոր, սակայն փոքր-ինչ դոգմատիկ, ընդհանրական և հստակ նպատակակետ ու վերջնարդյունք չսահմանող արտահայտություններն ու առաջարկները, ինչպիսիք են՝ «կրթվել», «զինվել», «զարգանալ» և այլն, ներկայացնեմ Ավետի պայքարը շարունակելու իմ տեսլականի իրականացման ճանապարհը՝ իմ կարողությունների սահմաններում։

Սովորելով Հայաստանի Հանրապետության մայր բուհի՝ Երևանի Պետական Համալսարանի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» ֆակուլտետում, ուսումնասիրելով աշխարհաքաղաքականություն, դիվանագիտական նրբություններ, պատմություն և նպատակաուղղված լինելով այդ ամենը ծառայեցնել ի շահ Հայաստանի և Արցախ՝ շատ մեծ ցավով պետք է նշեմ, որ չեմ ստանում հետաքրքրությունս բավարարող և հմտություններիս համապատասխան հիմք հանդիսացող խոր գիտելիքներ Արցախյան շարժման, վերջինիս սկզբնավորման, զարգացումների, հաջողությունների, կորուստների, մասնակիցների, հետևանքների, միջազգային հարթակներում ներկայացվածության, ընկալման և որ ամենակարևորն է ներկայիս կարգավիճակի մասին։ Սա ամենևին արդարացում չէ չինքնակրթվելու և սեփական ուժերս տարբեր հետազոտությունների իրականացման համար չներդնելու, սակայն «հույսը միայն ինքնակրթության վրա դնելը» չարիք է ցանկացած պետականամետ հասարակության համար, որը արդյունավետ և որակյալ կրթական համակարգի հասնելու ձգտումներ ունի։ Ըստ իմ վերլուծության՝ դպրոցական և բուհական ծրագրերը բավարար շեշտ չեն դնում վերը նշվածների վրա և Արցախյան հարցը դառնում է «լուսանցքային»՝ հաճախ ծավալով չգերազանցելով հայկական հին արքայատոհմերից որևէ մեկի ուսումնասիրմանը, ինչն, իրոք, աբսուրդի ժանրից է։

Շեշտադրելով հարցի գիտական ներկայացման ու լայն հանրամատչելիության կարևորությունը և շրջանցելով այս շրջանում իմ անձի կողմից՝ բուհական կամ դպրոցական ծրագրերում որևէ ներգործություն ունենալու տեսլականը, կառաջարկեմ իմ պատկերացրած ամենաարդյունավետ եղանակը Արցախյան հարցն անընդհատ հայ հասարակության շրջանում ճիշտ և արդյունավետ կերպով շրջանառելու, իրազեկելու և քարոզելու մեթոդը, որը հետևյալն է․

նախաձեռնել որևէ հասարակական կազմակերպության, համացանցային հարթակի և կամ տեղեկատվական ծրագրի/ըստ կազմակերպչական հայեցողության/ ստեղծում, որը բացառապես կզբաղվի Արցախյան հարցի մանրակրկիտ լուսաբանմամբ և հասարակության տարբեր շերտերի իրազեկմամբ։ Լուսաբանման գործընթացը պետք է միանշանակ հիմնված լինի հավաստի հետազոտությունների և ողջամիտ վերլուծությունների վրա, դուրս գա «խաբկանքների և աքսիոմաների» շարքից և հանրությանը մատուցի այն հիմնարար գիտելիքներն ու վերլուծությունները, որոնք բավարար են Արցախի և համապատասխանաբար նաև Հայաստանի քաղաքաաշխարհագրական դիրքն ու միջազգային դրությունը հասկանալու, ապատեղեկատվություններից և կեղծ քարոզներից հնարավորինս հեռանալու համար։

Նախաձեռնությունը մեծամասամբ պետք է ընդգրկի հետևյալ դրույթները․

-Ի՞նչ է Արցախյան շարժումը, ե՞րբ է սկսվել, որո՞նք էին սկզբնավորման կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ պատճառներն ու առիթները։

-Հստակ պատկերացում շարժման մասնակիցների, ձևավորված տարբեր կառույցների, վերջիններիս գործունեության մասին։

-Պատերազմի սկիզբը, տեղի ունեցած մարտական գործողությունները, վերջնարդյունքի մեկնաբանումը՝ տարբեր դիտանկյուններից։

-Արցախյան պատերազմի ժամանակ ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությունը։

-Ադրբեջանի քարոզչական ապարատը Արցախյան պատերազմի շրջանակներում, սեփական ձգտումների ներկայացումը։

-Հետպատերազմյան զարգացումներն ու քաղաքական իրադրությունը Հայաստանում և Արցախում։

-Արցախը պատերազմի ավարտից մինչև 2020թ․։

-2020թ․ պատերազմի սանձազերծումը․ պատճառները, ընթացքը, հետևանքները և դրանց ազդեցությունը։

-Պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, հայկական, ադրբեջանական և միջազգային քարոզչամեքենաների տեսակետը հարցի շուրջ։

-Ներկայիս իրավիճակը, տեղի ունեցող զարգացումներն ու փոփոխությունները։

Հավանության դեպքում պատրաստ եմ գիտելիքներս, փորձս և հմտություններս ներդնել նախաձեռնության իրագործման մեջ։ Լիահույս եմ, որ այս օրհասական խնդիրը շատ արագ և արդյունավետորեն կգտնի իր լուծումն ու մեր պատմության դեռ գրվող էջը մարդկանց առավել հասանելի և բազմապրոֆիլ կներկայացվի։

Աիդա ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031