Ողջույն, աշխա՛րհ,
Ես Գոհարն եմ, Արցախի Մարտակերտ քաղաքից։
21-րդ դարը նոր էր մտել իր իրավունքների մեջ, երբ ես ծնվեցի։
Գողտրիկ ու անասելի ջերմ է իմ հայրենի քաղաքը՝ իր ուրույն կոլորիտով, մեղմ կլիմայական պայմաններով, երկար արևային օրերով, նռան այգիներով, թզի ծառերով․․․
Կարդացեք նաև
Ես հորս միշտ զինվորական համազգեստով էի տեսնում և ինձ թվում էր, թե դա բոլոր հայրիկների համար օրենք է, քանզի իմ շրջապատում բոլորն էին այդ շորերով։
Տատիկները, իմ տատիկի պես, սևազգեստ էին, բարի, տխուր, չժպտացող աչքերով․․․
Պապիկիս տուն շուտ-շուտ էինք գնում և այնտեղ բոլոր սենյակներում մեր չարաճճիություններին հետևում էր պատին փակցված մի խոշոր աչքերով երիտասարդի նկար։ Իմ անհաշիվ հարցերին տատիկիս տված խուսափողական պատասխաններից հասկանում էի, որ իմ մանկության բնօրրանի խաղաղ երկինքը, մեր տների աղքատիկ կահ-կարասին, պապիկիս, հորս և մեր տուն եկողների զինվորական շորերի մեջ մի գաղտնիք կա, ծանր, կորուստներով լեցուն մի պատմություն․․․
Իմ դպրոցական տարիները լեցուն էին անանուն ուրախությամբ, անհոգությամբ։ Ճիշտ է, իմ և դասընկերներիս հայրիկները շատ էին տնից բացակայում, մեր քաղաքի փողոցներով հաճախ էին անցնում զինվորական մեքենաներ, բայց մենք ուրախ էինք, մեզ պաշտպանված և ապահով էինք զգում։
․․․ Պատմության էջերը ինձ հասանելի դարձրին ծննդավայրիս տղամարդկանց զինվորական համազգեստով անգամ հարսանիքներին գնալու առեղծվածը, տատիկիս՝ իր միակ որդուն կորցնելու անասելի ցավի մանրամասները, հորաքրոջս աղջկա՝ իր հայրիկին միայն լուսանկարներով ճանաչելու և որբությունը ճակատագիր դարձրած իրականությունը:
Ես մեծացա կրակոցների տակ, ռազմական դրության պայմաններում։ 2016-ի ռազմական գործողություններից հետո հասկացա, որ ծնողներիս սկսած պայքարի վերջնակետը դեռ դրված չէ, իսկ 2020-ի սեպտեմբերյան 44-օրյա դժոխային օրերը եկան հավելելու այն ակնառու փաստը, որ մեր սերունդներին է նետված ձեռնոցը․ ոտքի կանգնելու, ցավի աչքերի մեջ նայելու, համառ ու անկոտրում լինելու իրականությունը։
Ես մասնագիտությամբ բուժքույր եմ, հիմա էլ ուսումս շարունակում եմ Մ․ Հերացու անվան բժշկական համալսարանում:
Նպատակներս, ծրագրերս իմ հայրենի եզերքի հետ են կապված։ Մենք պե՛տք է կարողանանք, մենք չկարողանալու իրավունք չունենք։
․․․ Ես չեմ ուզում լինել մեկն այն բազմաթիվ ուսանողներից, որոնք ստանում են բժշկի մասնագիտություն և համալրում սպիտակ բանակի շարքերը։
Ես ցանկանում եմ կանգնել հորս և եղբորս կողքին, որոնք այս պահին նորից զինվորական համազգեստով են, նորից փորձում են գտնել այն հնարավորը, երբ շուրջ բոլորը ասում են, որ անհնարին է որևէ բան փոխելը։
Ցանկանում եմ դիմել աշխարհին, որ մենք՝ 21-րդ դարում, պիտի որդեգրենք այն տիեզերական ճշմարտությունը, ըստ որի մեզ՝ հայերիս անհնարին է արմատախիլ անել, հայրենազրկել։ Անցողիկ արժեքներին չի կարելի համադրել մնայուն արժեքները։
Այս նպատակին հասնելու ուղին միանշանակ չէ, հարթ ու անխոչընդոտ չէ:
Վկա է 35-ամյա պայքարին ուղին։
Անհրաժեշտ է․
-դառնալ տարածաշրջանի ուղեղային կենտրոններից մեկը, ներկայացնելով սեփական մոտեցումները,
-զարկ տալ հայրենական արտադրության ծավալներին. արցախյան օրգանիկ սննդամթերքը կդիմանա մրցակցությանը
-ճշմարտությունը մի յուրահատկություն ունի․ անժխտելիություն, աքսիոմատիկ հատկություն։ Անհրաժեշտ է ճշմարտությունները հասցնել գերտերություններին և համադրել մեր շահերը, բայց ոչ երբեք՝ ստորադասել։
-Այս ցանկը կարելի է երկար շարունակել, բայց այս փուլում անհրաժեշտ է մեկտեղել համայն հայության ջանքերը՝ լուծելու Արցախի առաջ ծառացած խնդիրները, լինել գերազնիվ, աշխատել անձնուրաց, նվիրվել անմնացորդ․․․
Գոհար Սամվելի ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆ


















































