Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաստանի խորհրդարանի խոսնակն առկա մարտահրավերների հաղթահարման հարցում իր համերաշխությունն հայտնել Հայաստանին

Մարտ 03,2023 18:22 Share

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը մարտի 2-ին Նյու Դելիում անցկացվող «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ:

ԱԺ նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել Օմ Բիրլային՝ իր գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելու եւ հյուրընկալելու համար: Նա նշել է, որ այս համաժողովը հիանալի հնարավորություն է ընձեռում երկկողմ հանդիպումներ անցկացնելու եւ փոխադարձ հուզող հարցեր քննարկելու համար: Հայաստանը կարեւորում է Հնդկաստանի հետ երկկողմ եւ բազմակողմ համագործակցությունը: ԱԺ փոխխոսնակը գոհունակությամբ է փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ վերջին 30 տարիների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ փոխադարձ պաշտոնական եւ աշխատանքային այցեր, որոնք վկայում են երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիային, առ այն, որ այդ երկիրը կոպտորեն խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները եւ փակել Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: 120.000 հայերի անվտանգությունը հայտնվել է ուղիղ սպառնալիքի ներքո, խաթարվել է պարենի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների, էներգակիրների մատակարարումն Արցախ: Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որում ընդգծվում է, որ ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից եւ կարեւորում է հնդկական կողմի հնչեցրած դատապարտումն անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի եւ 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ:

ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը երեք անգամ խախտել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ապօրինի ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք:

Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլան, ողջունելով ՀՀ ԱԺ պատվիրակությանը, նշել է, որ կարեւորում է երկու խորհրդարանների միջեւ գոյություն ունեցող բարեկամական կապերի խորացումը եւ ընդգծել, որ նման այցերն ու երկկողմ շփումները խթանում են համագործակցությունն ու նպաստում տարբեր ձեւաչափերով երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:

Հնդկաստանի խորհրդարանի խոսնակն առկա մարտահրավերների հաղթահարման հարցում իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ առանձնահատուկ նշանակություն է տալիս Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովում իր գլխավորությամբ գործում է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը եւ շեշտել, որ հիանալի կլիներ նաեւ Հայաստանի հետ բարեկամական խմբի ձեւավորումը Հնդկաստանի խորհրդարանում, ինչը մեծ հնարավորություն կստեղծի ակտիվ եւ սերտ համագործակցության համար:

Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առեւտուր, տրանսպորտ եւ կապ, պաշտպանություն, առողջապահություն, գյուղատնտեսություն, մշակույթ, գիտություն եւ կրթություն, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն եւ այլն:

Հանդիպման ավարտին Հնդկաստանի ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ կհյուրընկալի Հայաստանի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը Նյու Դելիում:

Հակոբ Արշակյանը Հնդկաստանի ԱԺ խոսնակին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի հրավերը` այցելելու Հայաստան:

Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամներ Արեն Մկրտչյանը եւ Ծովինար Վարդանյանը, Հնդկաստանում ՀՀ դեսպան Յուրի Բաբախանյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031