Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլխավոր դատախազը կառավարության շենքում ինձ ասաց՝ դե հրաժարական տուր, պրծի էլի»․ Ռուբեն Վարդազարյան

Ապրիլ 10,2023 23:25

ԱՄՆ պետքարտուղարության՝ մարդու իրավունքների վերաբերյալ 2022 թվականի զեկույցում որպես դատական իշխանության վրա ճնշման օրինակ հիշատակվել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի եւ այդ պաշտոնում նրան հաջորդած ու հրաժարական տված՝ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ աղմկոտ ձայնագրությունը։ Անդրադառնալով այս փաստին՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանն ասաց․ «Շատ ցավալի է, որ նման եզրահանգում կա տարեկան զեկույցում։ Շատ կուզեի, որ ոչ միայն իմ, այլեւ ՀՀ-ի մասին նման պնդումներ չլինեին, բայց այդ փաստերն արձանագրվել են»։

Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարին տեղի ունեցած խոսակցության ժամանակ, ինչպես Ռուբեն Վարդազարյանն է հայտարարել, Գագիկ Ջհանգիրյանն իրեն հորդորել է հրաժարական տալ, այլապես իրեն մեղադրանքներ են ներկայացվելու։ Այդ ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը նաեւ փաստում էր, որ «իր վզին դրել» են։

Վարդազարյան-Ջհանգիրյան զրույցի հետքերով քրեական վարույթ էր հարուցվել քննչական կոմիտեում, հետո այն փոխանցվել էր հակակոռուպցիոն կոմիտեին, եւ վերջերս պարզվել էր, որ հակակոռուպցիոն կոմիտեն հարուցված վարույթը կարճել է։ Այս առիթով էլ Ռուբեն Վարդազարյանն ասաց․ «Նախ, գլխավոր դատախազը նյութերն ուղարկել էր քննչական կոմիտե, եւ ես ցուցմունք տվեցի։ Տուժող չճանաչվեցի։ Գործի վարույթը կարճվեց։ Առերեսում չի եղել։ Քննիչը որոշել էր, որ հանցակազմ չկա։ Ընդ որում, իմ տված ցուցմունքի մի մասը կարող եմ հրապարակել, քանի որ իմն է։ Իրավունք ունեմ, այն նախաքննական գաղտնիք չէ։ Ասել եմ, որ ինձ ՀՀ գլխավոր դատախազը կառավարության շենքում հակակոռուպցիոն խորհրդի նիստի ընդմիջման ժամանակ ասաց՝ «դե հրաժարական տուր պրծի էլի, արա ինչ-որ ուզում են, քո գլուխն էլ կազատես, մերն էլ հետը»․․․այդ ցուցմունքի վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չհարցաքննվեց։ Մեր միջեւ առերեսում տեղի չունեցավ․․․Ես չեմ հասկանում ինչ է կատարվում։ Նման «բեսպրեդել» ՀՀ-ում չի եղել»։

Այսօր hակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով հերթական դատական նիստն էր։ Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Ըստ մեղադրանքի՝ 2019թ. հուլիսին նա, լինելով ԲԴԽ նախագահ, կատարել է Սահմանադրությամբ եւ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ եւ պաշտոնեական դիրքն  օգտագործելով՝ միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը։ Մասնավորապես, նա «Signal» հավելվածով զանգել է իրեն ու պահանջել, որ փոխի «Ալավերդցի Վահագնի»՝ Վահագն Աբգարյանի հանդեպ կիրառված խափանման միջոց կալանավորումը։ Այս մասին հաղորդում հետագայում ներկայացրել էր հենց Անդրանիկ Սիմոնյանը, որը հետո նշանակվեց եւ մինչեւ այժմ պաշտոնավարում է որպես ԱԱԾ պետի տեղակալ։

Այսօրվա նիստում Վարդազարյանի պաշտպան Արամ Օրբելյանը Վարդազարյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց։ Անդրադառնալով դրան՝ Ռուբեն Վարդազարյանը լրագրողներին ասաց, որ հիմքում մեկ փաստ է դրված՝ իր հանդեպ քաղաքական հետապնդումը։

Ռուբեն Վարդազարյանը նշեց․ «Մեկ հանգամանք էլ կա, որ պարոն Օրբելյանին խնդրելու եմ ներառել միջնորդության մեջ։ Մինչեւ հիմա զարմացած եմ, թե իշխանությունն այդ հանգամանքն ինչու չօգտագործեց։ Ռուսական ԶԼՄ-ներից մեկին 2020թ․-ին հարցազրույց եմ տվել՝  ասելով, որ ՀՀ-ում այսօր չկա քաղբանտարկյալ։ Դա շատ կարեւոր է։ Դա այդ ժամանակ իրականություն էր։ Բայց պարզվեց, որ Ռուբեն Վարդազարյանը, որը հետեւում էր, որպեսզի ՀՀ-ում քաղբանտարկյալներ չլինեն, պետք չէ արդեն։ Այլ պետք էին մարդիկ, որոնք կանեին այն, ինչ իշխանությունն է ակնկալում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930