Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի մասին․ «Դատական համակարգում կլաններ եւ հովանավորություններ կան»

Հունիս 27,2022 23:25

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ նախագահի լիազորությունները դադարեցրած Ռուբեն Վարդազարյանի միջեւ տեղի ունեցած խոսակցության ձայնագրությանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր պատասխանում է լրատվամիջոցների  հարցերին։ Հարցին՝ արդյոք չի՞ կարծում, որ ձայնագրության բովանդակությունը ստվերում է դատաիրավական բարեփոխման ամբողջ գործընթացը եւ համակարգում ներքին կարգով հարցեր լուծելու պրակտիկան շարունակվում է, Փաշինյանը պատասխանեց՝ այո, կարծում եմ։

«Ասում են՝ մեր խմբակցության կողմից է ընտրվել Գագիկ Ջհանգիրյանը։ Ռուբեն Վարդազարյանն էլ մեր իշխանության ժամանակ է դարձել ԲԴԽ նախագահ։ Եվ ձայնագրությամբ իր հետ կապված էլ խնդիրներ կան։ Մեր ամենամեծ խնդիրը դատական համակարգն է, մենք այստեղ իրական հաջողություններ չունենք։

Անկախ դատական համակարգը մեր իդեալն է, մենք իրոք ուզում ենք որ ՀՀ-ում անկախ դատական համակարգ լինի, կան բազմաթիվ ազնիվ դատավորներ։ Դատական համակարգում խմբավորումներ կան, կլաններ կան, հովանավորություններ կան։ Նույն Ռուբեն Վարդազարյանը չէ՞ր 2019-ին հարցազրույց տալիս, ասում՝ որ պահին վարչապետն ասի հրաժարական տուր, ես կտամ, հետո հայտարարություն անում կառավարության դեմ։ Բա դատական համակարգի նկատմամբ վարչապետի քննադատություններից հետո ինչո՞ւ հրաժարական չէր տալիս»։

Դիտարկմանը՝ ձայնագրությունում ակնարկվում է, որ Ջհանգիրյանը երկրի բարձրագույն իշխանության կողմից առաջադրանք է ստացել, Փաշինյանը պատասխանեց՝ երկրի բարձրագույն իշխանությունը արտահայտել է եւ շարունակում է արտահայտել իր մտահոգությունները դատական համակարգում տեղի ունեցողի եւ առկա իրավիճակի նկատմամբ․ «Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դադարենք անկախ դատական համակարգի բարեփոխումների գործընթացը։ Չկա մի պետություն, որտեղ մի գործողությունով դատական համակարգում փոփոխություններ են լինում»։

Փաշինյանն ասաց, որ կա ձայնագրություն, դա պատշաճ քննության կարժանանա։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930