Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրականում Արցախն անկախացել է Հայաստանից»․ Գագիկ Ավանեսյան

Ապրիլ 18,2023 18:00

«Իրականում Արցախն անկախացել է Հայաստանի Հանրապետությունից»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան շարժման մասնակից Գագիկ Ավանեսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Ավանեսյանը հիշեցնում է, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշում են ընդունել։ «1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ նիստի արդյունքում մենք արդեն միացած էինք, հետո այդ որոշումը մինչեւ վերջ չտարան։ Այն ժամանակ Շարժման ալիքի վրա իշխանությունը վերցրած ՀՀՇ-ական իշխանությունը դրսից ներմուծած նոր թեզ էր առաջ տարել՝ անկախության թեզը, որ ավելի արագ կլինի սկզբում անկախություն, հետո միացում։ Եվ այդպես մեր Շարժումը տապալեցին։ Եվ Արցախյան առաջին պատերազմի զոհերն իրենց մեղքով են»,- ասաց Գագիկ Ավանեսյանը։

ԱԺ արտահերթ նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ընթացքում տարածքային ամբողջականության սկզբունքն ու ինքնորոշման սկզբունքը դրվել են կողք կողքի։

«Սրանով իրականում արձանագրվել են իրողություններ, որոնք մենք չենք խոստովանել, բայց, անկախ մեր խոստովանությունից, դրանք գոյություն ունեն: Այս համատեքստում՝ ինքնորոշման իրավունք նշանակում է, որ դու ինքնորոշման իրավունքի շահառուի պայմանականորեն Ա կարգավիճակը վերանայելու հարց ես դնում: Դա տեսականորեն կարող է նշանակել՝ Ա կարգավիճակը վերանայել, դարձնել կարգավիճակ Բ, կամ վերանայել եւ չփոխել, կամ վերանայել, դարձնել Ա պլյուս 1 կամ Ա մինուս 1 կարգավիճակ – պայմանականորեն եմ ասում, որ լրացուցիչ քաղաքական կրքեր չբորբոքեմ, այլ կենտրոնանանք բովանդակության վրա – այսինքն՝ ապագա կարգավիճակը դարձնել ցանկացած այլ բան, եւ այստեղ ամեն ինչ պարզ է: Բայց առանց ֆիքսելու Ա կարգավիճակը, որն ուզում ես զարգացնել, փոխել եւ դարձնել Բ կարգավիճակ, ապագա որեւէ կարգավիճակի մասին, այսինքն՝ ինքնորոշման մասին խոսք լինել այս տրամաբանությամբ չի կարող, որովհետեւ եթե ինքնորոշման հարց ես բարձրացնում, նշանակում է ինչ-որ մի բանի մաս ես, եթե ինչ-որ մի բանի մաս չես, ուրեմն կամ արդեն ինքնորոշվել ես կամ ինքնորոշման կարիքը չունես։ Մենք Լեռնային Ղարաբաղի համար ցանկանում ենք Բ կարգավիճակ, բայց այդպես էլ երբեք հրապարակային չենք ընդունել Ա կարգավիճակը: Եվ սրանով խաբել ենք ինքներս մեզ, Հայաստանի ժողովրդին եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին․․․»,- ասել է Փաշինյանը։

Գագիկ Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանն անկախություն է հռչակել առանց Արցախի, հետո Արցախի ներկայացուցիչներին 1991 թվականի ամռանն ուղարկեցին Բաքու բանակցությունների, այնուհետեւ «Կոլցո» օպերացիայի սթրեսի ներքո արցախցիներին ստիպեցին ու համոզեցին, որ անկախություն հռչակելն ավելի ճիշտ ու արագ կլինի։ «Եվ մենք տեսանք Արցախյան առաջին պատերազմ, որը ոչ մի կերպ չի կանխվել, ընդհակառակը, վիճակն ավելի է բարդացել։ ԽՍՀՄ օրենքներով Արցախի անկախության հռչակումն այնպես չէ, որ տապալվել է, բայց եթե հարցը դրվում է, թե ումի՞ց է անկախացել Արցախը, իրականում Հայաստանից է անկախացել»,- հավելեց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Մադրիդյան սկզբունքներով» Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է Ադրբեջանի մաս, Գագիկ Ավանեսյանն ասաց․ «Այդպիսի բան չկա։ Հայաստանի յուրաքանչյուր ղեկավար իր պաշտոնավարման շրջանում մեր իրավունքներն էր զիջում, եւ ոչ ոք պատասխան չի տվել դրա համար։ Դա բերել է նրան, որ Նիկոլը եկել է իշխանության, հիմա իր ուզած ձեւով է մեկնաբանում։ Եթե Արցախը ճանաչեին Ադրբեջանի մաս, Մինսկի խումբը չէր լինի ընդհանրապես։ Եթե Մինսկի խումբը ստեղծվել է, ապա այդ խնդրի լուծման համար է ստեղծվել։ Եթե ճանաչեին Ադրբեջանի մաս, կասեին՝ ճանաչված է, գնացեք ապրեք։ Ավելին, 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո, երբ միջազգային խաղացողները խոսում էին տարածաշրջանի կոնֆլիկտների մասին, շեշտում էին Աբխազիա, Օսեթիա ու Մերձդնեստր։ Արցախի հարցը տարածքային ամբողջականության համատեքստում չէին շեշտում, ընդհուպ Ալիեւն էր ամեն անգամ դժգոհում, թե ինչո՞ւ Ղարաբաղի մասին չեն խոսում։ Որովհետեւ չէին ճանաչում Ադրբեջանի մաս, եւ հիմա էլ չեն ճանաչում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարություններին, թե Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ բանակցությունների, երկխոսության միջազգային մեխանիզմ ձեւավորվի, եւ այդ մեխանիզմն ապահովի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության ապահովման օրակարգի իրացումը, Գագիկ Ավանեսյանը նշում է, որ սատանան մանրուքների մեջ է թաքնված։ «Նայած․ թե ով ինչ է հասկանում դրա տակ։ Այն, որ Ստեփանակերտն ու Բաքուն պիտի խոսեն, դա միանշանակ է։ Եվ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանը շատ ժամանակ Արցախի իշխանությունների, բանակի ղեկավարի հետ էր պայմանավորվածություններ ձեռք բերում, ուղիղ կապը կար։ Հիմա առաջարկում են, որ միջազգային մեխանիզմներ ստեղծվեն՝ բանակցելու հնարավորություններ ստեղծելու համար, այդ տարբերակով նորմալ է։ Եթե նորից Ռուսաստանն ասի՝ այստեղ նայողը ես եմ, դա անընդունելի է։ Կա միջազգային ֆորմատ, այս գործը պետք է շարունակվի Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930