Լրահոս
Օրվա լրահոսը

Մի անգամ Ստամբուլում

Ապրիլ 24,2023 12:05

Այսօր Հայոց ցեղասպանության օրվա առիթով մի պատմություն հիշեցի։ 2014 թվականն էր, հրավիրված էի Ստամբուլ, մասնակցելու հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ քաղաքական փակ քննարկումներին։ Հրավիրողը Ստեփան Գրիգորյանն էր, ում հետ, այն ժամանակ   գործընկերական հարաբերություններ ունեի և չէի պատկերացնում, որ նա սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը։ Ինչևէ, բացի ինձնից և Ստեփան Գրիգորյանից, հայկական պատվիրակության կազմում էր նաև Լևոն Բարսեղյանը և որպես լրագրող, քննարկումներին ներկա էր նաև «Առավոտ» օրաթերթից Նելլի Գրիգորյանը։

Տարածաշրջանային համագործակցության թեմաներով տարբեր քննարկումներ էին ընթանում։

Քննարկումների հիմնական մեխը Արցախի հիմնախնդիրն էր, որն էլ ըստ թուրք և ադրբեջանցի ներկայացուցիչների խաթարում էր տարածաշրջանի լիարժեք համագործակցությանը։ Թուրք փորձագետներն ավելի զուսպ էին, ադրբեջանցիները՝ ցուցադրականորեն ագրեսիվ։ Ի տարբերություն իմ այլ արտասահմանյան ուղևորությունների, երբ այսպես ասած, հաճելին համատեղվում էր օգտակարի հետ՝ այս միջոցառման ողջ ընթացքում, ուշադիր, լարված հետևել եմ  նրանց բոլոր ելույթներին, խոսքերին, հակադրվելու և արժանի պատասխան տալու համար։ Ցավոք, թուրք և ադրբեջանցի փորձագետների մեղադրանքներին, մեր պատվիրակության մյուս երկու անդամները, ոչ միայն չէին հակադարձում, այլև իրենց ժպտերես դեմքերով, կարծես հավանություն էին տալիս։

Բերեմ երկու օրինակ, քննարկումներից, որոնցից երկրորդը վերաբերում էր Հայոց ցեղասպանությանը։

Առաջին օրվա օրակարգով ,առաջին քննարկման թեման տարածաշրջանային տնտեսական համագործակցության հարցն էր։ Հիմնական զեկուցողը թուրք տնտեսագետ-փորձագետ էր։Նա իր ելույթում մանրամասն ներկայացրեց տարածաշրջանային տնտեսական համագործակցության երկու ուղղությունները՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան և Թուրքիա-Իրան-Ադրբեջան։ Ելույթի վերջում թուրք փորձագետը «ցավով» արձանագրեց, որ Հայաստանը դուրս է մնում այս ծրագրերից, քանի որ օկուպացրել է Արցախը։ Սկսվեց ելույթի քննարկումը։ Ակտիվ էին հատկապես ադրբեջանցիները, որոնք անխնա քննադատում, մեղադրում էին Հայաստանին։ Նրանցից ամենակատիվը ադրբեջանցի պատմաբան, ճանաչված հասարակական գործիչ Զարդուշտ Ալիզադեն էր։ Իր խոսքում նա ասաց մոտավորապես հետևյալը․

-Հայաստանը տարածաշրջանում ապակայունացնող գործոն է, քանի որ այնտեղ տեղադրված է ռուսական ռազմաբազան, որի տեղակայումը երկարացվեց ևս 25 տարով։

Բոլորին լսելով՝ վերջում ես ձայն խնդրեցի։ Ահա իմ ելույթի բովանդակությունը․

-Ուշադրությամբ լսեցի բոլոր մեղադրանքները Հայաստանի և նրա ղեկավարների հասցեին։ Ներկաներից շատերին հայտնի է իմ քննադատական վերաբերմունքը Հայաստանի բոլոր իշխանությունների նկատմամբ։ Բայց խոսենք ըստ էության։ Երբ 2009թ․ սկսվեց հայ-թուրքական երկխոսությունը, ինքս կասկածում էի, թե արդյո՞ք Հայաստանը ճիշտ ուղղության վրա է։ Խիստ կասկածում էի Թուրքիայի «անկեղծության» վրա։ Հետագայում պարզվեց, որ այդ արձանագրությունները, Թուրքիան օգտագործում էր, Հայաստանին վերջնական կապիտուլյացիայի ենթարկելու համար, այս անգամ Արցախի հարցում։ Իսկ Արցախը ոչ միայն արցախահայության կյանքի իրավունքի հարցն է, այլև ողջ հայ ժողովրդի և Հայաստանի ապագայի հարցը։ Այնպես որ, այս ամենից հետո, եթե ես լինեի Հայաստանի ղեկավարը, զգալով սպասվելիք վտանգները, նույնպես կերկարաձգեի ռուսական ռազմաբազայի տեղակայման տարիները։ Այնպես որ, իմ համոզմամբ, Արցախի անկախությունը սակարկության առարկա չի, հանուն ինչ-որ անորոշ տնտեսական համագործակցության։

Երկրորդ օրվա քննարկումներից մեկը հայ-թուրքական հարաբերությունների հարցն էր։ Զեկուցողն այս անգամ թուրք փորձագետ-պատմաբան էր։ Հայ-թուրքական հարաբերությունների հիմնական խոչընդոտ նա  համարեց, իր խոսքերով՝ 1915թ․ դեպքերին հայկական կողմի ոչ ադեկվատ վերաբերմունքը՝ դիվանագիտորեն շրջանցելով Արցախի հարցը։ Զեկույցի ավարտից հետո, քննարկումների ժամանակ, նորից ձայն վերցրեց  Զարդուշտ Ալիզադեն․

-1915թվականի դեպքերը հայկական կողմը համարում է ցեղասպանություն։ Իրականում, այդ դեպքերը արևէ աղերս չունեն ցեղասպանություն կոչվելու համար։ Այն ինչ եղել  է, կատարվել է հայերի մեղքով։

Այստեղ արդեն չդիմացա և առանց սպասելու, որ նիստ նախագահողը ձայն տա, սկսեցի․

-Զարդուշտ, դու, եթե չեմ սխալվում, պատմաբան ես։ Այժմ , քեզ հարցեր եմ տալիս և դու պետք է պատասխանես։

1․ Մինչև  1915թ․ Արևմտյան Հայաստանի տարածքում, որն այժմ Թուրքիայում է, բնակվում էին  շուրջ   3 միլիոն հայեր։ Այժմ  նրանք  չկան։ Նրանք կոտորվել են,թե արտաքսվել, ի՞նչ է դրա անվանումը, եթե ոչ՝ ցեղասպանություն։

2․ Այժմ խոսենք, քո ասած «մեղքի» մասին։ Փաստորեն, դու արդարացնում ես ցեղասպանությունը, եթե ցեղասպանված ազգը «մեղք» է ունեցել։ Այդ նույն ձևով, գերմանացիներն արդարացնում էին հրեաների ցեղասպանությունը, նրանց բազմաթիվ «մեղքերի» համար։

3․ Ամեն դեպքում փորձեմ անդրադառնալ քո ասած «մեղքերին»։ Գիտեմ, որ նկատի ունես, քո կարծիքով հայերի ռուսական կողմնորոշումը։ Այդ դեպքում, ինչպե՞ս կբացատրես սուլթան Համիդի կողմից 1884թ․ 300 000 հայերի կոտորածները։ Որպես պատմաբան՝ քեզ հիշեցնեմ, որ 1908թ․ թուրքական հեղափոխությունից հետո, թվում էր, որ ստեղծվեց հայ-թուրքական բարեկամություն և հանկարծ․․․ արդեն հայերի «բարեկամ» երիտթուրքերի հրամանով Ադանայում կոտորվեցին 30 000 հայեր։ Դե ասա՛, ո՞րն էր հայերի «մեղքը»։

4․ Եվ վերջապես, ընդունենք, որ հայերն, ինչպես դու ես համարում, 1915թ․ «մեղավոր» էին։ Իսկ ի՞նչ «մեղք» ունեին ասորիներն ու եզդիները, որոնք հայերի հետ նույնպես ցեղասպանվեցին։

Նիստը նախագահողը, խնայելով Զարդուշտին, ընդմիջում հայտարարեց։ Ընդմիջմանը դուրս եկա պատշգամբ և ջղային ծխում էի։ Քննարկմանը ներկա և՛ թուրք, և՛ ադրբեջանցի մասնակիցներից ոմանք մոտենում և ընդունում էին իմ խոսքերը։ Մեկ էլ ինձ մոտեցավ Զարդուշտը և ասաց․

-Կներես, Ավետիք, իսկապես ես սխալ էի։

Չպատասխանեցի և անտարբեր հայացքով շարունակեցի ծխել։ Մոտեցավ մի երիտասարդ աղջիկ, Ստամբուլի հայկական թերթերից մեկի թղթակիցը և ասաց․

-Պարոն Իշխանյան, վերջապես նման խոսքերին պատասխան է տրվում։ Բոլոր նման քննարկումներին մասնակցում և լուսաբանում եմ։ Կրկնեմ, սա առաջին անգամն է, որ արժանի պատասխան տրվեց։ Նախկին բոլոր նման քննարկումների ժամանակ հայկական կողմից նման ելույթներին ոչ մի արձագանք չի լինում։

Հ․Գ․ Ի դեպ, այլ հարցերի հետ միասին, նաև այս նույն հարցերն էի տվել նաև Ժիրայր Լիպարիտյանին, որոնց, ինչպես Զարդուշտ Ալիզադեն, նա նույնպես խուսափեց պատասխանել։

Ավետիք Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Իշխանյանն ընդդեմ հարբած փղերի:):):) լավ կլիներ եթե իրականում նման բան եղած լիներ․․․

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930