Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես էին 19-րդ դարում Երևանում բամբակ աճեցնում, բանտարկվածների համար ուսումնարան բացում, ընդունում Կաթողիկոսին

Սեպտեմբեր 09,2023 12:00

Արմեն Ասատրյանի «Երեւանը 1888թ. մամուլում» աշխատությունը բացառիկ փաստեր է ամփոփում

Լույս է տեսել Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող, հետազոտող Արմեն Ասատրյանի «Երեւանը 1888թ. մամուլում» աշխատությունը: Խմբագիրը Ռուզաննա Աբգարյանն է: Գրքում տեղ են գտել Թիֆլիսում հրատարակվող «Մշակ» եւ «Նոր Դար»  թերթերում տպագրված թղթակցությունները: Գիրքը առաջին փորձն է՝ ներկայացնելու 1888թ. Երեւանի կյանքը իր բազմազանությամբ եւ խնդիրներով: Քաղաքի պատմությունը հատկապես 19-րդ դարում քիչ է ուսումնասիրված, եւ հեղինակը որոշել է լրացնել այդ բացը:

Գրքի առաջաբանում նշվում է, որ 1888թ. հոդվածների հավաքածուում ընդգրկված են բազմաթիվ տեղեկություններ, որոնք վերաբերում են քաղաքի տնտեսությանը, մասնավորապես՝ բամբակի մշակությանը եւ առեւտրին, 1886թ. Երեւանում առաջին անգամ «Կարզինկին» ֆիրմայի գրանցմանը, իսկ 2 տարի անց «Ալեքսէեւ» եւ «Չիթախեանց» ֆիրմաների գործունեությանը, մսավաճառությանը, առաջին անգամ բացված լավաշի խանութին, Ծիծեռնակաբերդում Դավիթ Խուդաբաշյանի կողմից հայտնաբերված աղի հանքին, «Ղարիբանոց» անվանված գերեզմանոցին, քաղաքի ուսումնարաններին, Գայանյան դպրոցին, Երեւանի բերդում բանտարկվածների համար նոր ուսումնարանի բացմանը, կլուբին, ընթերցարան-գրադարանին: Արմեն Ասատրյանը՝ վկայակոչելով աղբյուրները՝ փաստում է, որ այդ ժամանակ Երեւանում գործել է 3 գրադարան:

Գրքում անդրադարձ կա թաթարական վայրագություններին: Հետաքրքիր տեղեկություններ կան Ե. Մարկովի՝ Մասիսի գագաթը բարձրանալուն, Գյամրեզում հնագիտական գտածոներին, Խաչատուր Աբովյանի ծննդավայր Քանաքեռին եւ Երեւանում ներկայացված «Արշակ Բ» ողբերգությանը:

Ի թիվս այլնի, գրքում խոսվում է նաեւ այն մասին, թե ինչպես է 1885-1886թթ. Երեւանի նահանգը ցորեն ու գարի արտահանել, ինչը պարարտացրել է որոշ երեւանցիների գրպանները, շատերին էլ սնանկացրել:

«Երեւանը 1888թ. մամուլում» աշխատության մեջ նկարագրված է նաեւ Վեհափառ Հայրապետի այցելությունը, ում դիմավորում էին գավառապետը, ոստիկանապետը՝ ձիավորներով:

Նշվում է, թե ինչպես թեթեւ քարոզի միջոցով նա երեւանցիներին բացատրել է, որ իր ճանապարհորդությունը եւ տեսակցությունը կայսեր հետ հայ ազգի բարեկեցության օգտին էին: Նշվում է, որ Վեհափառի պատվին երեւանցիների տված ճաշին առաջին կենացը պաշտոնյաները խմել են թագավոր-կայսեր եւ նրա օգոստոսափառ ընտանիքի համար: «Երեւանը 1888թ. մամուլում» աշխատությունը բավականին հետաքրքիր փաստեր է ամփոփում, որոնց ծանոթանալու համար հարկ է ընթերցել գիրքը:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
08.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930