Լրահոս
Օրվա լրահոսը

«2024 –ին հարկային եկամուտները նախատեսված են 2 տրիլիոն 566 մլրդ դրամ, ստվերը կրճատելու խնդիր կա»․ Ռուստամ Բադասյան

Հոկտեմբեր 31,2023 12:20

2024 թվականի հարկային եկամուտները նախատեսված են 2 տրիլիոն 566 մլրդ դրամի շրջակայքում, ինչը նշանակում է, որ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը պետք է բարելավվի 0,75 տոկոսային կետով։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Կառավարության ծրագրի համաձայն՝ մենք որպես հարկային վարչարարության թիրախ սահմանել ենք ամեն տարի բարելավել հարկեր-ՀՆԱ ցուցանիշը 0,5 տոկոսային կետով։ Իհարկե, բյուջեի հարկային եկամուտները պայմանավորված են մի շարք գործոններով՝ դրանք տնտեսական, քաղաքական եւ վարչարարական են»,- ասաց նա։

Ըստ Բադասյանի՝ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հավաքագրվել է 1 տրիլիոն 611 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 211 մլրդ դրամով կամ 15 տոկոսով։ «Եթե առանձին հարկատեսակները դիտարկենք, ԱԱՀ-ն աճել է 33,3 տոկոսով, ակցիզային հարկը՝ 5,9 տոկոսով, շահութահարկը՝ 17,1 տոկոսով, շրջանառության հարկը՝ 2,3 տոկոսով։ 25 տոկոս ապահովվել է եկամտային հարկի հաշվին, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 56,2 մլրդ դրամով»,- մանրամասնեց ՊԵԿ նախագահը։ Անդրադառնալով ստվերին՝ նա ասաց․ «ԱԱՀ մասով մեր գնահատականով շուրջ 120 մլրդ դրամի ստվեր կա ՀՀ-ում, շրջհարկի եւ եկամտահարկի ստվերի հանրագումարը եւս մոտավորապես նույն գումարի չափով է։ Այստեղ ՊԵԿ կարողությունների զարգացումն է կարեւոր։ Բնականաբար, չենք կարող հավակնել 100 տոկոս ստվերից դուրս տնտեսություն ունենալու, բայց ակնհայտ է, որ ստվերը կրճատման կարիք ունի»։

Բադասյանը նաեւ հավելեց, որ սեպտեմբերի արդյունքներով՝ եկամուտ ստացող աշխատատեղերի քանակը 726 056 է, որը բացարձակ ռեկորդ է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից սա ավելի է 5,1 տոկոսով։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031