Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հերթը հասավ «մշակութային» սանհանգույցներին

Հունվար 12,2024 13:00

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակույթի գծով փոխնախարար Դանիել Դանիելյանը 2023 թվականի հաշվետու զեկուցման մեջ հայտարարեց, որ պետական մշակութային օջախները սկսում են մատչելի պայմաններ ստեղծել հատուկ կարիք ունեցող անձանց համար, մասնավորապես հենաշարժողական խնդիրներ ունեցող եւ սայլակներով տեղաշարժվող, ցավոք, ոչ քիչ թվով ստեղծագործողների եւ նույնախնդիր հանդիսականների համար, որպեսզի նրանք եւս կարողանան հավասարազոր կերպով մասնակցել մշակութային հաստատություններում կատարվող միջոցառումներին ե՛ւ որպես հանդիսատես, ե՛ւ որպես բեմում հանդես եկող ստեղծագործողներ: Հարց է առաջանում, թե ինչո՞վ է բացառիկ այս հայտարարությունը եւ ի՞նչն է նոր, որը չի եղել մեզանում մինչեւ օրս: Բանն այն է, որ հայաստանյան մշակութային հաստատություններն անմատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար, հատկապես սանհանգույցների իսպառ բացակայության առումով: Տարիներ շարունակ տարբեր առիթներով, եթե անգամ խոսք է եղել հատուկ կարիք ունեցող անձանց մուտքը մշակութային օջախ մատչելի դարձնելու համար, ապա հարցերը սահմանափակվել են միայն թեքահարթակներ տեղադրելու կամ ստեղծելու ուղղությամբ եւ զարմանալիորեն երբեք, այո, երբեք խոսք չի եղել համապատասխան սանհանգույցներ կառուցելու կամ հարմարեցնելու մասին, ավելի շատ այն տգետ ու քաղքենի պատճառաբանությամբ, թե իբր ամոթ է այդ մասին բարձրաձայնելը: Գուցե իսկապես չարժի բարձրաձայնել, եթե զարգացած երկրների նման համապատասխան սանհանգույցներով ապահովված լինեին մեծ այցելություն ունեցող մշակութային օջախները, բայց իրականում գործը չեն անում, եւ մի բան էլ «ամաչում են» այդ մասին հանրային հնչողության խոսք ասել: Քանի որ մեր երկրում այդ հարցը լուծված չէր, ապա հարկավոր է ոչ միայն բարձրաձայնել, այլեւ հետեւողական լինել, որ բոլոր մշակութային եւ ի վերջո բոլոր հանրային հաստատություններն ապահովված լինեն այդ տարրական բարեկրթության «նշանով», որը սովորական երեւույթ է զարգացած հասարակություններում եւ «ամոթ է խոսելը» արտահայտությունը տեղ ունի իրապես վայրենի հասարակություններում:

Վերջապես Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ոչ միայն ստեղծվեցին համապատասխան պայմաններ – բառը գրենք – հատուկ կարիք ունեցող անձանց համար սանհանգույցներ կամ ուղիղ ասած` զուգարաններ, այլեւ գրեթե անմիջապես 2023-ի տարեվերջին օպերայի բեմում կայացավ շքեղ հանդիսություն բեմահարթակում, որին պրոֆեսիոնալ արտիստների հետ միասին մասնակցում էին անվասայլակներով տեղաշարժվող ոչ պակաս հրաշք արտիստներ, իսկ թեքահարթակներով հարմարեցված մատչելի դահլիճում իրենց գործընկերներին էին հետեւում մեծ թվով սայլակներով տեղաշարժվող երջանիկ հանդիսականներ: Սակայն այս ամենի մեջ ամենակարեւոր հանգամանքը մնում է ամենաքիչ խոսվող երեւույթը, որ վերջապես շենքն ապահովված է հատուկ սանհանգույցներով, բոլոր «սովորական» շենքերի զուգարան ունենալու պարտադիր պահանջի նման, որը հնարավորություն է տալիս ոչ ավելի պակաս շնորհքով օժտված մարդկանց մասնակցելու եւ փորձերին, եւ հանդիսություններին, շատ սովորական, այնպես, ինչպես բոլորը:

Մի պարզ բարեկրթություն, որի բացակայությունը նույնքան ապաշնորհ վայրենություն է, որը լիքը «անպետք» արդարացումներ ունի, եւ միայն մեկ «պետքական» միտք կա. դա պիտի լինի բոլոր մշակութային հաստատություններում: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է փաստենք, որ բարեբախտաբար մոտ 20 տարի է, որ Հայաստանում գործում է մշակութային մասնավոր բնույթի հաստատություն` «Նարեկացի» արվեստի միությունը (ՆԱՄ), որ Վերնիսաժի տարածքում գտնվող հայտնի եւ սիրված մշակութային կենտրոնը 2004 թվականից ի սկզբանե նախագծված եւ կառուցված էր այնպես, որ հատուկ կարիք ունեցող անձինք ունենան բոլոր հարմարությունները, որտեղ ոչ միայն հատուկ վերելակ է պատրաստված, այլեւ մշտապես գործում է հատուկ սանհանգույցը, եւ պատահական չի, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար ՆԱՄ կենտրոնն ամենահաճախ այցելվող մշակութային օջախն է մինչ օրս:

Ողջունում ենք ՀՀ ԿԳՄՍՆ որոշումը, որը իսկապես մշակութային եւ բարեկրթական քայլ է, եւ հուսանք, որ շատ շուտով երեւանյան ու հայաստանյան բոլոր մշակութային օջախները մատչելի կլինեն շարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: Գուցե անսովոր կամ տարօրինակ է հնչում, բայց սա իսկապես իրադարձություն է մեր մշակութային կյանքում: Այս հարցը վաղուց պետք է լուծված լիներ, բայց եթե մինչ օրս չի լուծվել, թող հիմա խոսվի եւ բարձրաձայնվի այս մասին եւ հարցը լուծում ստանա բոլոր պետական եւ ոչ պետական օջախներում:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներն արված են Երեւանի օպերային թատրոնում։

«Առավոտ» օրաթերթ
11.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031