Լրահոս
Օրվա լրահոսը

Կանենք հնարավորը, որ ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերը դառնան լավագույնը մրցաշարի անցկացման պատմության մեջ. Ժաննա Անդրեասյան

Ապրիլ 11,2024 17:38

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի (ՖԽՄԿ) տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Դանիել Դանիելյանը:

Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հայտը հաստատելու և Ֆրանկոֆոնիայի հոբելյանական՝ 10-րդ խաղերի անցկացումը մեր երկրին վստահելու համար:

«Մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում խաղերի անցկացման այս կարևոր հանձնառությանը. կանենք հնարավորը, որպեսզի Հայաստանում 2027 թվականին կայանալիք խաղերը դառնան լավագույնը մրցաշարի անցկացման պատմության մեջ՝ կազմակերպման և որակի առումով: Այս գործում շատ կարևոր են նաև Ձեր աջակցությունը և ուղղորդումը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպմանը քննարկվել են Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման նախապատրաստական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են խաղերի կազմակերպման նպատակով ազգային և տեխնիկական կոմիտեների ստեղծմանը, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքներին: Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ 5-օրյա այցի շրջանակում այցելել են մարզական ու մշակութային մի շարք հաստատություններ, հանդիպել տարբեր մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ, քննարկել մարզաձևերի անցկացման կազմակերպչական հարցերը։

ՖԽՄԿ տնօրեն Զեյնա Մինան վստահություն է հայտնել, որ Հայաստանը պատվով կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի հոբելյանական 10-րդ խաղերը: Քննարկվել են մասնակիցների կեցությունը, տեղաշարժն ու անվտանգությունն ապահովելու, լրատվամիջոցների աշխատանքը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև խաղերի հեռարձակմանը վերաբերող հարցեր։

Անդրադառնալով խաղերի նախապատրաստական աշխատանքներին՝ անդրադարձ է կատարվել նաև կամավորների ներգրավմանը` նշելով, որ այդ աշխատանքներում կընդգրկվեն բուհերի և ավագ դպրոցների ֆրանսախոս սովորողները: Այս համատեքստում կարևորվել է Հայաստանում ֆրանսերենի տարածումը խթանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ֆրանսերենով ուսուցում իրականացնող կրթական հաստատությունների հետ սերտ համագործակցությունը:

Նշենք՝ հունիսի վերջին Փարիզում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի մարզամշակութային խաղերի անցկացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կազմակերպչական մի շարք այլ հարցեր:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930