Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա հանձնարարական է ՀՀ-ին»․ Արթուր Սաքունցը՝ ԵԽ Նախարարների կոմիտեի՝ ՀՀ-ին մինչև 2025 թվականը հաշվետվություն ներկայացնելու պահանջի մասին

Փետրվար 02,2024 13:24

«Սա, կարելի է ասել, հանձնարարական է ՀՀ-ին»,-«Մարդու իրավունքների վիճակը ՀՀ զինված ուժերում» թեմայով հանրային քննարկման ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը։

Ըստ նրա՝ սրանք առաջադրանքներ են, որոնց ուղղությամբ պետությունը՝ հանձին ՊՆ-ի, նաև քննություն իրականացնող մարմինները, քննության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինները և քաղհասարակության ինստիտուտները պետք է տան հաշվետվություն։ Ըստ Արթուր Սաքունցի՝ սա պաշտոնական մեկնարկի սկիզբն է Նախարարների կոմիտեի հանձնարարականի կատարման համար։ Ըստ ԵԽ Նախարարների կոմիտեի հանձնարարականի՝ ՀՀ-ն մինչև 2025 թվականի ապրիլ պետք է տեղեկություններ ներկայացնի վերջին հինգ տարիներին զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի քննության մասին։

Փաստաթղթում ամրագրված է․ «Իշխանություններին ԵԽ Նախարարների կոմիտեն հորդորել է հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել՝ զինված ուժերում խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին անանուն հաղորդումների մեխանիզմների ներդրման ուղղությամբ և այդ մասին տեղեկացնել Նախարարների կոմիտեին, ինչպես նաև զեկուցել Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի համապատասխան գործողությունների իրականացման վերաբերյալ»։

Նախարարների կոմիտեն նաև ՀՀ իշխանություններին առաջարկել է տեղեկատվություն տրամադրել զինծառայողների նվաստացումների, զինվորական ղեկավարության կողմից նրանց նկատմամբ բուլինգի և վատ վերաբերմունքի կանխարգելման միջոցառումների և այլնի վերաբերյալ։

«ՀՔԱ Վանաձորի գրասենյակ» ՀԿ, իրավապաշտպան Նազելի Մովսիսյանը ներկայացրեց զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի վիճակագրությունը 2012-2017-ի և 2018-2023-ի ընթացքում․ «Իրավիճակը մտահոգիչ է։ 2012-2017-ի ընթացքում մահվան դեպքերի թիվը մեր ուսումնասիրության համաձայն՝ 418-ն է։ Այստեղ, իհարկե, ներառված չեն քառօրյա պատերազմի հետևանքով զինծառայողների մահվան դեպքերը։ Ըստ մեր տվյալների՝ դա 77-ն է։ Ոչ մարտական պայմաններում մահվան ընդհանուր թիվը կազմում են զինծառայողների մահվան դեպքերի 66 տոկոսը՝ 279 դեպք, որը բավականին մտահոգիչ է։ Ինքնասպանություններ որակված դեպքերի թիվը 58-ն է, սպանության դեպքերը՝ 44։ Նմանատիպ վիճակագրություն արձանագրում ենք նաև 2018-2023 թվականներին, քանի որ այստեղ ևս ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան թիվը մեծ է՝ 81 տոկոս՝ 355 դեպք։ Նկատենք, որ հիմնականում ինքնասպանություն և սպանություն որակված դեպքերը միասին դիտարկելով՝ երկու ժամանակահատվածում էլ դրանց թիվը հիմնականում նույնն է։ Առողջական խնդիրների պատճառով մահվան դեպքերի թիվը մինչ հեղափոխությունը 102 էր, իսկ 2018-2023-ի ընթացքում՝ 97։ Ընդհանուր առմամբ 2012-2023-ի ընթացքում զինծառայողների մահվան դեպքերը կազմում են 854 դեպք, իսկ դրանց մեծ մասը ոչ մարտական պայմաններում են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829