Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը եւ Փաշինյանը միաժամանակ նույն պահանջները ներկայացրեցին հայ ժողովրդին»․ Արթուր Խաչատրյան

Փետրվար 02,2024 16:27

«Երեկ, եթե նկատեցիք, Ալիեւը եւ Փաշինյանը միաժամանակ նույն պահանջները ներկայացրեցին հայ ժողովրդին։ Երկուսն էլ հայտարարեցին, որ եթե չփոխվի Հայաստանի Հանրապետության պետականության հիմքը, որը դրվել է դեռեւս 1990 թվականին, երբ ընդունվեց ՀՀ Անկախության հռչակագիրը, ապա Հայաստանին պատերազմ է սպառնում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը (լուսանկարում)։

Նրա խոսքով՝ Սահմանադրության արմատական փոփոխությունների, իսկ ավելի կոնկրետ՝ զիջումների մասին Փաշինյանը դեռեւս մի քանի ամիս առաջ է խոսել խորհրդարանում։ «Խոսում էր հայրենասիրության մոդելի մասին եւ ասում էր, որ այս ամեն ինչը սպառնում է մեր պետականությանը։ Երբ ես իրեն հարց տվեցի, ասացի՝ դու փորձում ես քանդե՞լ Երրորդ Հանրապետությունը եւ ստեղծել նոր՝ Չորրորդ Հանրապետություն, ինքը դա չժխտեց, ասաց՝ իմ համար թվաբանությունը կարեւոր է։ Մեկ այլ հարց ու պատասխանում ես հարց տվեցի,  ասացի՝ ձեր կառավարությունն Ադրբեջանի խամաճիկային կառավարությո՞ւն է, եւ ինքը չփորձեց դրանից խուսափել, փոխարենն իր սովորական մանիպուլյատիվ պնդումներն արեց։ Բայց այս վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այս իշխանությունները դասական առումով Ադրբեջանի խամաճիկային կառավարությունն են եւ անում են բացառապես այն, ինչ Ադրբեջանն իրենցից պահանջում է։ Ինձ մի հարց է հետաքրքրում՝ ինքն այս փաթեթային զիջումներին գնացել է նոյեմբերի 9-ց հետո, թե՞ սրանք փուլային զիջումներ են՝ Ադրբեջանն ինչ-որ բան պահանջում է, ինքը զիջում է, Ադրբեջանի ախորժակը գրգռվում է, դարձյալ պահանջում է նորանոր զիջումներ։ Ո՞րն է այդ զիջումների վերջը, ես իրոք չեմ տեսնում»,- ասաց նա։

Արթուր Խաչատրյանը նշեց, որ ՀՀ հիմքերը դրված են եղել 1990 թվականի օգոստոսի 23-ին, եւ երբեք այդ սկզբունքները պատերազմի պատճառ չէին հանդիսացել։ Փաշինյանը եկավ, եւ հանկարծ պարզվում է, որ այդ սկզբունքները կարող են պատերա՞զմ հրահրել։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ «Ադրբեջանի Սահմանադրությունում ու փաստաթղթերում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն», բայց Նիկոլ Փաշինյանը երեկվա հարցազրույցում չխոսեց այդ մասին։ Անդրադառնալով այս հարցին՝ Արթուր Խաչատրյանն ասաց․ «Իրենք խոսում էին հայելային միջոցառումների մասին։ Երեւի նկատել եք, որ պատերազմում այս իշխանության կրած պարտությունից հետո իրենք ինչ առաջարկություն ներկայացնում են Ալիեւին, Ալիեւը պատռում՝ գցում է աղբարկղը։ Որեւէ առաջարկություն Ադրբեջանը չի ընդունում, փոխարենն Ադրբեջանի բոլոր պարտադրանքներն այս իշխանություններն ընդունում են։ Այո, Փաշինյանի շրջապատը, նաեւ Ազգային ժողովում, խոսում է հայելային պահանջների մասին։ Մենք ասել ենք, որ Ադրբեջանը 1991 թվականի իր սահմանադրական ակտով իրեն հռչակել է մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդը։ Մուսաֆաթական Ադրբեջանն իր մեջ ներառում է Տավուշի, Գեղարքունիքի հյուսիսը, Վայոց ձորի մի հատվածը եւ ամբողջ Սյունիքի մարզը։ Այսինքն՝ Ադրբեջանն իր Սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ տարածքային հսկայական պահանջ է ներկայացրել։ Հետեւաբար, եթե այս իշխանությունները խոսում են երկու կողմից անհրաժեշտ երաշխիքների մասին, որ հետագայում կոնֆլիկտ չբռնկվի, ապա այդ փոփոխություններն իրոք պետք է լինեին հայելային։ Բայց Փաշինյանը երեկ վախեցավ դրա մասին խոսել, վախեցավ այդ պահանջը ներկայացնել Ալիեւին, Ալիեւն էլ խոսում էր Հայաստանից պահանջվող միակողմանի զիջումների մասին»։

Արթուր Խաչատրյանը նշեց, որ Փաշինյանը նույն ձայնապնակն է դրել շրջանառության մեջ, ինչ նախկինում էր ասում, այսօր էլ ասում է՝ եթե հրաժարվենք Անկախության հռչակագրից, այնքան կհզորանանք, դրա համար Ադրբեջանը կարող է մեր դեմ պատերազմ սկսել։ «Այդ դեպքում պարզ տրամաբանությունը ասում է՝ Ադրբեջանը չպետք է պարտադրի սահմանադրական փոփոխություններ, որպեսզի Հայաստանը թույլ մնա, բայց Ադրբեջանը հակառակն է պարտադրում։ Փաշինյանն իր այս մանիպուլատիվ, մեկը մյուսին հակասող, մեկը մյուսից կեղծ, իրականությունից կտրված պնդումների մեջ սեփական ստեղծած լաբիրինթոսից չի կարողանում դուրս գալ։ Եթե Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, որպեսզի հզորանա, Ալիեւն ինչո՞ւ պետք է պահանջի, որ Հայաստանը փոխի Սահմանադրությունը»,- հավելեց նա։

Ըստ պատգամավորների՝ Սահմանադրությունում Անկախության հռչակագրի փոփոխությունը դրսից թելադրված օրակարգ է, սա Ադրբեջանի պարտադրած օրակարգն է։ Իսկ Հայաստանի իշխանությունները՝ որպես Ադրբեջանի կողմից կառավարվող դասական խամաճիկային կառավարություն, հլու-հնազանդ ենթարկվում են նրան, ինչ իրենց թելերից քաշողները պարտադրում են։ Ժողովրդին էլ վախեցնում են, ասում են՝ եթե հռչակագիրը չփոխենք, կլինի պատերազմ։ Այնինչ, ըստ Խաչատրյանի, ՀՀ Անկախության հռչակագիրը երբեք պատերազմի առիթ չէր եղել, մինչեւ Փաշինյանի ի հայտ գալն ու պաշտոնավարումը։

Ըստ նրա՝ մենք ուզում ենք խաղաղություն, բայց հակառակորդը չի ուզում, եթե ուզում ենք այս միջավայրում խաղաղ ապրել, պետք է պատրաստ լինել պաշտպանել մեր պետականությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ոչ թե հլու-հպատակ ճորտի նման գլուխդ կախես։ «Եզը ընկնում է, դանակավորները շատանում են։ Հիմա ինքը երկիրը գցել է գետնին, դրա համար դանակները առել ու հարձակվել են Հայաստանի վրա։ Հետեւաբար, որպեսզի այդ դանակավորներին քշենք, պետք է երկիրը ոտքի կանգնի։ Իսկ քանի դեռ Փաշինյանը կա, դրա հավանականությունը զրո է»,- ընդգծեց նա։

 

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829