Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌեԱրմենիան տեխնոլոգիական գործիք է, որը ծառայում է ցանկացած մեկին, որը հայության և Հայաստանի ինչ-որ խնդիր է ուզում լուծել»․ Գևորգ Պողոսյան

Մարտ 02,2024 21:47

«ՌեԱրմենիան մեծանում է, մեր նպատակը յուրաքանչյուր հայի այս գործիքների մասին տեղեկացնելն է»,-«reArmenia 3.0» խորագրով միջոցառման ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը։ Նա, փաստելով, որ 2023-ը ծանր տարի էր, նշեց․ «Այն, ինչ պլանավորվում էր, շեղվեցինք թե′ շրջափակման, թե′ էթնիկ զտումների հետ կապված։ Բարդ իրավիճակում էլ ավելի սուր երևաց, թե ինչքան գործունակ է այս համայնքը։ Փորձագիտական համայնք է, որտեղ ամբողջ աշխարհից հայերը գրանցվում և ՀՀ-ում իրագործվող նախագծերի են օգնում։ Ցանկացած խնդիր լուծող նախագիծ այս հարթակում կարողանում է ներկայանալ»։

Գևորգ Պողոսյանը հայտնեց, որ այս պահին հարթակում 270 գրանցված մասնագետներ կան։ Հարցին՝ կա՞ պետության հետ համագործակցություն, նա պատասխանեց․ «ՌեԱրմենիան տեխնոլոգիական գործիք է, որը ծառայում է ցանկացած մեկին, որը հայության և Հայաստանի ինչ-որ խնդիր է ուզում լուծել։ Մենք ծառայում ենք բոլորին որպես գործիք։ Մենք արդյունավետ համագործակցության գործիքակազմով օգնում ենք, որ համագործակցություններն աշխատեն»։

«ՌեԱրմենիա»-ն առցանց հարթակ է, որի նպատակն է միավորել մարդկանց՝ լուծելու Հայաստանում առկա կամ աշխարհի հայերին առնչվող կարևոր խնդիրներ։ Հարթակը գործում է արդեն երրորդ տարին, և «ռեԱրմենիա»-ում ներկայացվել է ավելի քան 100 նախագիծ, հավաքել ավելի քան 3 միլիոն դոլար՝ ներգրավելով ավելի քան 15,000 հոգատար մարդ Հայաստանից և այլ 60 երկրներից։ «ՌեԱրմենիա»-ում ներկայացված բոլոր նախագծերը Հայաստանում կյանքն ավելի լավը դարձնելու նպատակ ունեն։ Եվ կարևոր է նշել, որ նախագծերին արված նվիրաբերություններն ամբողջությամբ ուղղվում են հենց դրանց իրականացմանը. «ռեԱրմենիա»-ն ստանում է 0% միջնորդավճար։

2021-ի հոկտեմբերից գործող հարթակի պատասխանատու Արտակ Գրիգորյանն ասաց՝ սա մի համագործակցության հարթակ է, որտեղ ՀՀ-ի տարբեր խնդիրներ լուծող նախագծեր են ներկայացվում, ձեռք են բերվում ֆինանսական, մասնագիտական կապեր, փորձ, գիտելիք։ Նա կարևոր նախագծերից առանձնացրեց «Մետագեյթը», որն օգնում էր վիրավորում ստացած զինծառայողներին ոտքի կանգնել և վերականգնվել ավելի արագ․ «Կան բազմաթիվ կրթական ծրագրեր, որոնք համայնքներում տարբեր երեխաների զարգացման համար են իրականացվում։ Հիմնադրամներ, ՀԿ-ներ նախագծեր են ներկայացնում և ստանում աջակցություն։ Բազմաթիվ արցախցիների աջակցության նախագծեր են ներկայացվել և ստացել աջակցություն ու իրագործվել»։

Արտակ Գրիգորյանն ասաց՝ օգտագործում են մասնագետների համայնք գործիքը, որը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր կետերից մտնել համակարգ ու համագործակցել խնդիրները լուծելու համար։ Այս պահին 250-ից ավելի մասնագետ է  միացել համայնքին։

«ՌեԱրմենիա» հարթակի մշակութային խորհրդի համակարգող Լալա Մնեյանի բնորոշմամբ՝ նախաձեռնությունը մի փրկօղակ է այս տարիներին դժվարին վիճակում հայտնված մեր երկրի համար․ «Մեր ինքնության բաղադրիչները վերականգնելու կամ ակտիվացնելու և նաև մեր մշակույթի այն վճռորոշ գծերը ընդգծելուն ուղղված են մեր ծրագրերը և դրանով չափազանց գնահատելի են բոլորն էլ։ Թյուր կարծիք կա, որ ազգայինին կամ ինքնությանը մեծ տեղ տալը խանգարում է այսպես ասած ինտեգրվելուն աշխարհին կամ համաշխարհային ընթացող գործընթացներին հակառակ է։ Եթե դու չունենաս առանձնահատկություն, ապա կկորչես ամբողջի մեջ։ Ինքնությամբ, առանձնահատկությամբ ինչպես մարդը՝ որպես անհատականություն է գնահատելի, այնպես էլ յուրաքանչյուր ազգ է գնահատելի։ Ամեն մեկն իր մշակութային բարձր արժեքներով է ներկայանում համաշխարհային ներկապնակում»։

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, կարևորելով այս հարթակը, նկատեց․ «Մենք անընդհատ կախված ենք արտասահմանյան հարթակներից, որոնք կարող են մեկ էլ փակել մի դրամահավաք, քանի որ դուրները չեկավ կամ վճարային համակարգերի հետ կապված խնդիր լինի։ Շատերը չգիտեն, որ կարող են իրենց ծրագրերն այստեղ ներկայացնել և համայնք ներգրավել։ Փորձելու ենք Հայաստանը և սփյուռքը ներգրավել»։ Խոսելով ծրագրերի մասին՝ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ արցախցիների հետ 10-ից ավելի ծրագրեր են քննարկել։ Նա տեղեկացրեց՝ «այս պահին թխվող» ծրագրեր կան՝ երաժշտական դպրոց, հադրութցի երեխաների նկարների գիրք, IT թիմ է, որն ուզում է որպես ընկերություն զարգանալ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031