Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր կաթողիկոսին աղուհացով դիմավորեցին». հերքվում է Գարեգին Բ-ի նախկին գավազանակրի նաեւ այն պնդումը, 2017 թվականին Բեռլինում հայ համայնքը բողոքի պաստառներով է դիմավորել Ամենայն հայոց կաթողիկոսին. «Ազգ»

Հուլիս 04,2025 09:30

Գերմանահայոց առաջնորդ Սերովբե եպս. Իսախանյանից ճշտեցինք՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է Գարեգին Երկրորդի նախկին գավազանակրի՝ կարգալույծ եղած հոգևորական Խորեն, ավազանի անունով՝ Նշան Հովհաննիսյանի Հ1-ի հունիսի 27-ի եթերում հնչեցրած այն պնդումը, թե 2017 թվականին Բեռլինում հայ համայնքը բողոքի պաստառներով է դիմավորել Ամենայն հայոց կաթողիկոսին:

«Բողոքի որեւէ ցույց կամ ակցիա ընդդեմ Վեհափառ հայրապետի չի կազմակերպվել, չի եղել: Բեռլինի Մայր տաճարում տեղի ունեցած միջեկեղեցական արարողության ընթացքում մի հայուհի պաստառ է պարզել՝ «Ի պաշտպանություն Հայաստանի բոլոր քաղբանտարկյալների» մակագրությամբ»:

2017 թվականի հոկտեմբերի 23-ի epress.am-ի «Բեռլին այցելած Գարեգին Բ­-ին հիշեցրել են Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին» վերնագրյալ հրապարակումը, ինչպես նաեւ YouTube-ում պահպանված տեսանյութը փաստում են, որ ցուցարարը մեկն է եղել՝ ակցիայի հեղինակ Բավարիայից Բեռլին ժամանած Լուսինե Մհերյանը, որ ցանկացել է ուշադրություն հրավիրել ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության եւ երկրում մարդու իրավունքների ոտնահարման վրա: Տեսանյութից երեւում է, որ պաստառը բարձրացնելուց րոպեներ անց, կնոջն են մոտեցել տեղի անվտանգության աշխատակիցները՝ պաստառը իջեցնելու պահանջով ուղեկցել են եկեղեցուց դուրս գալ:

2017-ին Բեռլինի հայ համայնքի հոգեւոր հովիվը Գնել քահանա Գաբրիելյանն է եղել: Հուլիսի 2-ին նրանից ճշտեցինք Գարեգին Երկրորդ կաթողիկոսի՝ Բեռլինի հայ համայնք այցի մանրամասները: Տեր Գնելն էլ նույնը պատմեց, թե Վեհափառը եկեղեցում Հրաշափառի արարողությանն է մասնակցել, այնուհետ ժողովրդի հետ կարճատեւ ջերմ շփում է եղել:

Բողոքի պաստառներ, քննադատական խոսք չի՞ նկատել, հնարավո՞ր է, որ եկեղեցուց դուրս հայերի մի խումբ այդպես դիմավորած լինի Ամենայն հայոց կաթողիկոսին: Տեր Գնելը հաստատեց նույնը, ինչ նույն օրը մեզ փոխանցեց նաեւ Բեռլինի հայ համայնքի միջեկեղեցական հարաբերությունների հանձնակատար Սոնա Այբերը, որ ներկա է եղել Գարեգին Երկրորդի՝ բեռլինահայերի հետ այդ հանդիպմանը եւ տեր Գնելի նման հերքում է բողոքի փաստը: «Եկեղեցում մեր կաթողիկոսին աղուհացով դիմավորեցին, մթնոլորտը շատ գեղեցիկ էր, ի՞նչ ցույց: Ուրիշներն էլ կրնան հաստատել», ասաց տիկին Այբերը՝ շեշտելով, թե որեւէ բացասական բան չի եղել: Ես կհարցնեմ ուրիշներից էլ», ասաց Սոնա Այբերը, օրվա վերջում զանգահարեց եւ հաստատեց իր պնդումը՝ նման բան անշուշտ չէ եղած»:

2010 թվականից գերմանահայ համայնքում ծառայող Գնել քահանան պատմեց, որ Հանաու քաղաքում տարեցներից, հատկապես պոլսահայերից շատ դրական արձագանք է լսել Գարեգին Երկրորդի՝ գերմանահայ համայնքում ծառայության մասին: Մեր հարցին, թե հատկապես ի՞նչն է տպավորել, տեր Գնելը շեշտեց Հանաուի հայերի ասածը՝ «Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր: Որեւէ հարցից չէր խուսափում»: Տեր Գնելի ներկայացմամբ, Ամենայն հայոց հայրապետի հետ շփված գերմանացի եւ հույն հոգեւորականներից էլ միայն դրական կարծիք է լսել Գարեգին Բ-ի մասին, մի անգամ նույնիսկ գերմաներենի իմացությունն են ընդգծել, պատմել են՝ թարգմանչի սխալը կաթողիկոսն ուղղել է:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031