«Տիկին Կյուրեղյան, շարունակում եմ հիանալ ձեզնով, որպես քաղաքական գործչով։ Յուրաքանչյուր անձ, իր ասած խոսքերի հետ գտնվում է տիրոջ եւ ծառայի փոխհարաբերություններում․ քանի դեռ ոչինչ չես ասել, խոսքը քո ստրուկն է, հենց ասել ես, դու դառնում ես խոսքի ստրուկը։ Տիկին Կյուրեղյան, ես երբեւիցե որեւիցե արտահայտությունից չեմ հրաժարվում, չեմ կարող հրաժարվել։ Դուք հիշատակում եք ընդամենը ձեզ հասանելի պատասխանը ձեր իսկ հարցին»,- խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին ասաց նախկին ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով, որ ինքն այլ՝ բազմաթիվ ելույթներ էլ է ունեցել միջազգային հարթակներում եւ շատ բացասաբար է անդրադարձել նույն այդ հարթակներում մարդկության դեմ հանցագործություններին։
«Զարմանում եմ որոշակի առումով, չգիտեմ՝ սա ստոկհոլմյան սինդրոմ է, ինչ է․ դուք չեք քվեարկել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը (Հռոմի ստատուտի-Ն․ Գ․), որը միակ գործիքն է մարդկության դեմ հանցագործությունների դեմ պայքարելու համար, այդուհանդերձ, մեղադրում եք ինձ, որ ես ձեւակերպումներ եմ տվել, որոնք այսօր ձեր սրտով չեն։ Ենթադրում եմ, որ ձեր սրտով չեն, դրա համար եք հիշատակում այդ ձեւակերպումները»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։
Խորհրդարանը, հիշեցնենք, քննարկում է ՍԴ դատավորի պաշտոնում Վլադիմիր Վարդանյանի առաջադրման հարցը։
Դուք այսօր է՞լ Ադրբեջանի գործողությունները Արցախի, արցախահայության դեմ համարում եք մարդկայնության դեմ հանցագործություն՝ Վլադիմիր Վարդանյանին հարցրեց Արմենուհի Կյուրեղյանը, որը մեջբերել էր Վլադիմիր Վարդանյանի մի ելույթից, որում նա Արցախի եւ արցախահայության դեմ կատարվողը որակել էր հանցագործություն մարդկայնության դեմ։ Արմենուհի Կյուրեղյանը նաեւ հիշեցրեց՝ Հռոմի ստատուտի քննարկումների ժամանակ Վլադիմիր Վարդանյանն ասել էր՝ դա միակ գործիքն է, որով միջազգային ատյաններում հնարավոր է գործեր հարուցել արցախահայության դեմ կատարվող գործողությունների մասով․ «Ո՞ւր են այդ հարուցված գործերը։ Ես խոսում եմ արցախահայության դեմ հանցագործության մասին, որը դուք եք ձեւակերպել, ձեր ձեւակերպումն է։ Հիմա ասում եք՝ այո հայկական պետության շահերն եմ պաշտպանելու»։
Կարդացեք նաև
Վլադիմիր Վարդանյանը հակադարձեց՝ ՀՀ ՍԴ դատավորի թեկնածուին չի կարող ուղղվել ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարց, եթե նպատակ չի հետապնդում նրան հունից հանել կամ «փոքրիկ ընկերական պրովոկացիա» անել։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































