«Մենք փորձելու ենք մեր լուման ներդնել ընդդիմության հաղթանակում»,- մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Անդրադառնալով մայիսի 4-ին ՀՀ-ում կազմակերպվելիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի հիմնական նպատակին՝ Արմեն Աշոտյանն ասաց․ «Տարին երկու գագաթնաժողով են անում՝ մեկը ԵՄ երկրներում, մյուս՝ ոչ ԵՄ։ Գալիքը պետք է լիներ ԵՄ սահմաններից դուրս։ Երբ եվրոպական առաջնորդները որոշեցին համաժողովը հենց այս ժամանակահատվածում կազմակերպել Երևանում, ակնհայտ է՝ որոշել են գալ հենց Երևան հենց այս օրերին, որ իրենց աջակցությունը հայտնեն այս դավաճանական ռեժիմին։ Սա է գագաթնաժողովի բուն ուղերձը, ինչը կտրականապես որպես երևույթ մերժելի է, քանի որ պարունակում է նախընտրական միջամտության հստակ տարրեր։ Այն, ինչ եվրոպական համայնքը մշտապես քննադատում է՝ օրինակ՝ այն, որ ՌԴ-ին մեղադրում են Մոլդովայում ընտրություններին միջամտելու համար, Թուրքիային՝ բալկանյան երկրների ընտրություններին միջամտելու համար, նույնն ինքն է անում»։
Ըստ Արմեն Աշոտյանի՝ ԵՄ-ՀՀ գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանը վերածելու է իր նախընտրական քեֆի։ Նա ներկայացրեց ծրագիր, թե ինչպես են պատրաստվում եվրոպական քաղաքական համայնքին ցույց տալ, թե ինչ է իրականում տեղի ունենում Հայաստանում:
Կարդացեք նաև
Նա ցույց տվեց մի լոգո, որն իրենք են պատրաստել․ ի տարբերություն գագաթնաժողովի լոգոյի, որում երկու կլորներ են, այս լոգոյում ձեռնաշղթաներ են կլորների փոխարեն։ Արմեն Աշոտյանն ասաց․ «Մեր ուղերձը եվրոպական հանրույթին սա է․ սա է ՀՀ-ի իրական պատկերը՝ «կանդալված» մարդ, ազգ, պետություն։ Մեր ուղերձը նրանց հստակ է՝ դադարեցրեք երկդիմությունը և կանգնեք ժողովրդավարության կողքին։ Սա եվրոպական արժեքների և հայկական իրականության մեկտեղման խորհրդանիշ է»։
Արմեն Աշոտյանն ասաց, որ բոլորն ազատ են այդ օրերին կազմակերպվելիք միջոցառումների ժամանակ օգտագործել այդ լոգոն։
Նաև հորդորեց բոլոր քաղաքական ուժերին այդ օրերին կազմակերպել միջոցառումներ, ցույցեր, որոնց ժամանակ կներկայացնեն ՀՀ-ում իրական վիճակը․ «Մենք ծրագիր ենք մշակել ներկայացնելու ՀՀ-ում ժողովրդավարության իրական վիճակը և վերադարձի իրավունքը։ Եթե կարողանանք եվրոանդամություն ունեցող կուսակցությունների հետ գալ ընդհանուր հայտարարի, միասնական ուղերձ հղել գրեթե բոլոր եվրոպական ընտանիքներին, սա նույնպես կարևոր նախաձեռնություն ու գործ կլինի»։
Արմեն Աշոտյանը հայտնեց, որ իրենց ցույցերը կսկսվեն մայիսի 3-ից․ կլինեն տարաբնույթ միջոցառումներ, որոնք նվիրված են լինելու ՀՀ-ում ժողովրդավարության ճգնաժամին և Արցախի խնդիրներին․ «Կիսում եմ այն մոտեցումը, որ այս գագաթաժողովը հնարավորություն է Նիկոլ Փաշինյանի կազմակերպած նախընտրական խնջույքը վերածել Նիկոլի մասին և նիկոլական Հայաստանի մասին ճշմարտության պահի»:
Արմեն Աշոտյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































