Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն NEWS.am-ին տված բացառիկ հարցազրույցում պաշտպանել է իր մասնակցությունն Ադրբեջանի իշխանությունների կողմից դեպի օկուպացված Արցախ կազմակերպված դիվանագիտական վերջին այցին՝ արձագանքելով այն քննադատությանը, որ մասնակցությունը նման այցի լեգիտիմացնում է Արցախում 2023թ․ իրականացված էթնիկ զտումը և ավելի քան 100 հազար հայի բռնի տեղահանումը՝ աչք փակելով հայկական մշակութային և կրոնական ժառանգության շարունակվող ոչնչացման վրա։
-Այցը տեղի ունեցավ ադրբեջանական իշխանությունների կողմից հայկական եկեղեցիների, գերեզմանների և մշակութային ժառանգության այլ օբյեկտների ոչնչացման մասին բազմաթիվ վկայությունների ու հաղորդումների ֆոնին։ Արդյո՞ք օտարերկրյա դիվանագետների մասնակցությունը նման այցերին Բաքվին հնարավորություն չի տալիս առանց որևէ սահմանափակման շարունակելու հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը Լեռնային Ղարաբաղում:
-Վերջին մի քանի տարվա ընթացքում հակամարտությունից տուժած տարածքներում օբյեկտների ոչնչացման, ինչպես նաև հակամարտության ավելի վաղ փուլերում՝ սկսած 1990-ականների սկզբից, ավերածությունների մասին բազմաթիվ հաղորդումներ են հայտնվել, որոնք վերագրվում են երկու կողմին էլ: Նման հաղորդումները պետք է անկախ կերպով ստուգվեն մշակութային ժառանգության հարցերով զբաղվող փորձագետների կողմից: Մշակութային ժառանգության ոլորտում միջազգային փաստահավաք առաքելություններ կազմակերպելու բազմակի անհաջող փորձերը՝ պայմանավորված կողմերի միջև տարաձայնություններով՝ այդ թվում՝ 2020 թվականի պատերազմից առաջ և հետո, վկայում են անկախ ստուգման հետ կապված բարդությունների մասին։
Անցյալ շաբաթ տեղի ունեցած այցը միաժամանակ մեզ հնարավորություն տվեց ավելի լավ ըմբռնելու ներկա վիճակը՝ թե՛ պատմական մզկիթների վերականգնման, և թե՛ եկեղեցիների ու վանքերի վիճակի տեսանկյունից։ Այն նաև հնարավորություն տվեց տեղում մտքերի փոխանակություն իրականացնել ադրբեջանցի պաշտոնյաների հետ, այդ թվում՝ հասարակություններին խորապես բաժանող որոշ նարատիվների շուրջ։ Որպես դիվանագետներ մեր աշխատանքն այն է, որ հնարավորության սահմաններում շփվենք տարբեր զրուցակիցների հետ, լսենք միմյանց և համապատասխան երկխոսություն վարենք։
Կարդացեք նաև
-Կարելի՞ է արդյոք նման այցերն ընկալել որպես 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած և ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանմանը հանգեցրած էթնիկ զտման արդարացում կամ լեգիտիմացում: Ինչպե՞ս եք դա գնահատում որպես ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչ՝ մանավանդ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում ԵՄ-ի նախկին միջնորդական դերը և ԵՄ հռչակված հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանը։
-Ոչ մի դեպքում չի կարելի ԵՄ-ն ընկալել որպես անցյալում ուժի և բռնության կիրառումն արդարացնող կամ լեգիտիմացնող։ ԵՄ-ն միշտ հանդես է եկել անցյալի իրադարձությունների նկատմամբ լիովին հստակ և հետևողական դիրքորոշմամբ, ինչն արտացոլվել է նաև 2023 թվականի սեպտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ ԵՄ Բարձր ներկայացուցչի հայտարարության մեջ։
Այդ ժամանակվանից ի վեր Հայաստանը և Ադրբեջանը պատմական ընտրություն են կատարել հօգուտ երկկողմ խաղաղ գործընթացի, որը նոր դարաշրջան է բացել Հարավային Կովկասի համար և արդեն իսկ բազմաթիվ առավելություններ բերել կողմերին: ԵՄ-ն վճռականորեն աջակցում է այդ ջանքերին՝ ներառյալ այն դրական զարգացումների շարքին, որոնք մենք տեսնում ենք 2025 թվականի օգոստոսին վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովից հետո՝ կայունություն սահմանի երկայնքով, սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցությունների շարունակություն, երկկողմ առևտրի մեկնարկ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսության իրականացում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում:
Ընդ որում, պահպանվում են զգալի մարտահրավերներ, և առաջին հերթին դա վերաբերում է անցյալի տրավմաներն ու տառապանքները հաղթահարելու, ինչպես նաև անհայտ կորածների խնդիրը և այլ հարցերը լուծելու անհրաժեշտությանը: Որպեսզի խաղաղությունը դառնա իսկապես անշրջելի, կողմերը պետք է զբաղվեն նախկին հակամարտության ժառանգությամբ։ Մենք մեծ հույս ունենք, որ Երևանը և Բաքուն հաշտեցմանն ուղղված ավելի լայն ջանքերի շրջանակում հարմար պահին կանդրադառնան այդ մարտահրավերներին։ Իր հերթին ԵՄ-ն առավելագույնս կշարունակի աջակցել երկկողմ խաղաղ գործընթացին։
Հայկ Սահակյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբուր կայքում


















































