Մոսկվայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Ֆիդանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասին ու նշել․
«Այսօր հարգելի նախարարի հետ մեր հանդիպման ընթացքում հնարավորություն ունեցանք նաև բազմակողմանի քննարկելու Հարավային Կովկասում տեղի ունեցող օրակարգային զարգացումները։ Այս առիթով վերահաստատեցինք խաղաղության և հարաբերությունների կարգավորման գործընթացների կարևորությունը մեր տարածաշրջանի կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման տեսանկյունից»։
Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության և կարգավորման գործընթացում արձանագրծված առաջընթացից՝ Ֆիդանը հայտնել է, որ դա գոհունակությամբ են ընդունում։ Ըստ նրա՝ գործընթացի շրջանակում կատարված քայլերը ցույց են տալիս, որ տարածաշրջանում փաստացի հաստատված խաղաղությունն արդեն սկսում է արտացոլվել նաև գետնի վրա։
Դրա հետ մեկտեղ Ֆիդանը հավելել է, որ տնտեսական փոխգործակցության ընդլայնումը, տրանսպորտային և առևտրային ուղիների զարգացումը, ինչպես նաև էներգետիկայի և լոգիստիկայի ոլորտներում փոխադարձ շահի հիման վրա ձևավորվելիք համագործակցությունը կդառնան տարածաշրջանային կայունության երաշխիք։
Կարդացեք նաև
«Հավատում ենք, որ Հարավային Կովկասի խնդիրները պետք է քննարկվեն տարածաշրջանի երկրների և նրանց մոտ հարևանների կողմից՝ երկխոսության և համագործակցության հիման վրա։ Ինչպես նշեց նաև իմ գործընկերը, կարծում ենք, որ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակը այս համատեքստում կարևոր համագործակցային շրջանակ է առաջարկում», – նշել է Ֆիդանը։


















































