Քվեարկության արդյունքների հաշվարկի ընթացքում, դեռ քվեաթերթիկների ընդամենը 20 տոկոսի հաշվարկի ժամանակ Փաշինյանը հայտարարեց՝ հաղթել են, ո՞ւր էր այդ ժամանակ ընդդիմությունը, ինչու՞ հակառակը չապացուցեց:
Այս հարցին խմբագիրների հետ հանդիպման ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պատասխանեց. «Մենք մեր տվյալները ստանում էինք մեր վստահված անձանցից: Երբ կանգնեցրին ընտրական պրոցեսը, մեր մոտ հաշվարկված էր 10 տոկոսը: Ինքը 200.000 ձայն ստուգելուց հետո ուներ 58 տոկոս, մի քիչ ավել, մի քիչ պակաս: 700.000 ձայնի դեպքում ինքը հասավ 50 տոկոսի: Այնպիսի տեմպերով էին իրենք փլվում, մենք իրոք վստահություն ունեինք, որ իրենք փլվելու են մինչեւ 40 տոկոս:
5 ամիս հարցումներ ենք արել իր առավելագույն թիվը եղել է 40 տոկոս: Ընտրության ընթացքում այդպես էլ գնում էր, նույնիսկ գյուղերում փլվեցին մինչեւ 50 տոկոս: Դրանից հետո մինչեւ 800.000 ձայն հաշվեցին, իջան ընդամենը 0.5 տոկոս: Սա նոնսենս է: Այն էլ Երեւանում հավաքած ձայներով չպետք է գերազանցեին 42 տոկոսը:
Կարդացեք նաև
Դրա համար մենք սպասեցինք՝ առավոտյան ինչպիսի արդյունքներ են հրապարակելու, այդ ժամերին ոչինչ չկատարվեց: Նույնիսկ այդտեղ գտնվեցին շատ հմուտ, կանգնեցրեցին հաշվարկը ու անհասկանալի երեւույթ էր՝ 10 տոկոս հաշվելուց հետո մարդը սառած դեմքով հայտարարում է, որ հաղթել են:
Մենք փորձեցինք սկզբից կողմնորոշվել, որ սխալ քայլեր չանեինք: Կարող էինք սխալ քայլեր անել, երկիրը տանել ցնցումների, բայց դրանից հետո մեզ բոլորը կմեղադրեին, որ երկիրը տարանք նոր ցնցումների ու նորից չհասանք արդյունքների: Ոչինչ, չի վերջացել, համառ պայքարը շարունակվելու է: Ես վստահ եմ, որ ինչ ասել ենք նախընտրական փուլում՝ լինելու է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































