Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ նախագահի գործը ոչ թե ակցիայի մասնակցելը, սեղանին հարվածելն է, այլ ԱԺ աշխատանքը կազմակերպելը»․ Էդգար Ղազարյան

Օգոստոս 12,2026 13:00 Share

«Կարդացել եմ մի իրավաբանի գրառում, որը ներկայացնում էր դատավորի ինքնաբացարկի օրինակելի ձև, որ ցանկացած դատավոր կարող է իր տվյալերը լրացնել և այդ հիմքով բացարկ ներկայացնել։ Դատավորը Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու զավակ է, հայ քրիստոնյա, Ամենայն հայոց կաթողիկոսը հոգևոր հայրն ու առաջնորդն է այդ եկեղեցու։ Հետևաբար ոնց որ կենսաբանական հոր նկատմամբ մարդն ունի կաշկանդվածություն, և որևէ դատավոր օբյեկտիվորեն չի կարող դատել իր ծնողին, նույն տրամաբանությամբ որևէ քրիստոնյա դատավոր չի կարող հանձն առնել դատելու իր հոգևոր հորը»,- անդրադառնալով այն փաստին, որ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ ներկայացրեց, այսպիսի կարծիք հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Ըստ պատգամավորի՝ քանի որ մեր ժողովրդի մեծամասնությունը հայաստանյաց առաքելական եկեղեցուն է դավանում, դատավորները կարող են հանգիստ բացարկ հայտնել իրենց հորը չդատելու համար։

Լրագրողների դիտարկմանը՝ երբ Կաթողիկոսի անունն է հնչում, ՔՊ-ական պատգամավորները սեղանին հարվածում են, և հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք, Էդգար Ղազարյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ ՔՊ խմբակցության պատգամավորները շատ լավ պետք է իմանան մեր մոտեցումն ու դիրքորոշումը, որի մասին ազնվորեն հայտնել ենք։ Դա անելը համարում եմ սադրանք։ Առավել ևս դրա անհրաժեշտությունը չկա։ Նիստը նախագահողն առաջին մեկնաբանությամբ խնդրեց պատգամավորներին, որ ելույթները կառուցվեն թեմայի շրջանակում։ Դրանից հետո, եթե ՔՊ որևէ պատգամավոր խոսում է հայ առաքելական եկեղեցու և նրա առաջորդի մասին այն ժամանակ, երբ քննարկվում է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը, եթե իրենց արածը հատուկ սադրանք չէ, ԱԺ բնականոն գործունեությունը տապալելու անազնիվ մտադրություն չէ, ապա ի՞նչ է։ ԱԺ նախագահի խնդիրը ոչ թե նման դեպքերում ակցիաների մասնակցելը, իր կողմից սեղանին խփելը, ծափահարելն է, այլ ԱԺ բնականոն գործունեության ապահովումն է։ Իսկ եթե ինքը կանխի այդ սադրանքը, որը հատկապես իր գործընկերներն են անում, նման խնդիր չի առաջանա։ Սա անարգանք է և ԱԺ նիստերի բնականոն ընթացքը չկազմակերպելու հետևանք է ունենում»։

Համեմատության համար Էդգար Ղազարյանն ասաց․ «ՔՊ-ի շարքերում կա ազգությամբ քուրդ, որի դավանական պատկերացումները տարբերվում են մեզնից։ Քրդերի մեծ մասը մահմեդական է, հաշվի առնելով նաև այդ խմբակցության շատ պատգամավորների քաղաքական դիրքորոշումը՝ պրոադրբեջանական և այլն, մտածում եմ՝ իրենց համար զգայուն թեմա կլինի Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին ալյոշկա ասելը։ Դա իմանալով հանդերձ ես ձեռնպահ եմ մնում Փաշազադեին ալյոշկա անվանելուց՝ հարգելով շատերի կրոնական զգացմունքները։ Ես փոխադարձություն եմ պահանջում և խնդրում իմ դավանական և կրոնական համոզմունքները հարգեն մյուսները»։

Էդգար Ղազարյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տեսանյութը՝ Աշոտ Հակոբյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել