Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԽՃԱՆԿԱՐ

Հունվար 31,2008 00:00

\"\"Որքան մոտենում է փետրվարի 19-ը՝ այնքան ավելի բազմաթիվ են դառնում վկայությունները ոչ օրինական քարոզչության մասին:

Դիմումներ՝ Սերժ Սարգսյանին

ՄԻԱԿ-ի անդամներն իրենց «Դռնեդուռ» քարոզչությանը հավելել են նոր տարր: Նրանք բնակիչներին տրամադրում են դիմումների ձեւաթղթեր, որոնք հասցեագրված են ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանին: Քաղաքացին պիտի լրացնի իր անուն-ազգանունը, բնակության հասցեն, մշտական հաշվառման հասցեն, հեռախոսահամարները՝ բնակարանի եւ բջջայինի, ու ստորագրի: Նման դիմումներ բաժանվել են ողջ քաղաքում, եւ այդ ձեւաթղթերն ունենք նաեւ մենք: Կոմիտասի պողոտայի Մամիկոնյանց փողոցի բնակիչներից մեկը, որին եւս տրամադրել էին այդ ձեւաթղթերից, պատմեց. «ՄԻԱԿ-ի երիտասարդներն ասացին, թե այդ դիմումի ձեւում կարող ենք նշել այն պահանջները, որոնք ցանկանում ենք ներկայացնել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Ես հարցրի, թե բջջային հեռախոսի եւ այլ տվյալներն ինչի՞ եք ուզում ունենալ, ու պատասխանեցին՝ հետագայում կապ հաստատելու նպատակով: Ես հարցրի, թե ինչ պահանջներ կարող ենք ներկայացնել: ՄԻԱԿ-ի երիտասարդները պատասխանեցին՝ ցանկացա՛ծ: Ես նույնիսկ հեգնեցի, թե իմ պահանջները կարող են շա՜տ լինել ու այդ թերթիկի վրա չտեղավորվել: Նրանք պատասխանեցին՝ ոչինչ, հակառակ կողմի վրա էլ կարող եք շարունակել»:

Հատուկ Միացյալ ազատական ազգային կուսակցության անդամների համար մեջբերում ենք «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի հետեւյալ դրույթը. «Նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին (կուսակցություններին) արգելվում է անձամբ կամ որեւէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»: Սակայն ծառայություններ խոստացող այս քարոզչությունն արժանացել է Սերժ Սարգսյանի հավանությանը: Այս կուսակցության կայքէջից տեղեկացանք, որ ՄԻԱԿ-ի ակտիվիստները հունվարի 26-ին հանդիպել են Սերժ Սարգսյանին, որը «շնորհակալություն հայտնեց ՄԻԱԿ-ին աջակցության համար եւ բարձր գնահատեց ՄԻԱԿ-ի կողմից իրականացվող «Դռնեդուռ» ծրագիրը»: Ավելին՝ ՄԻԱԿ-ի քարտուղարությունը Սերժ Սարգսյանին նվիրել է «Դռնեդուռ» ծրագրի մասնակիցների համար նախատեսված հատուկ համազգեստ:

Դռները՝ ընտրությունից հետո

Մեկ այլ խախտման մասին «Առավոտին» պատմեց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր, Արթուր Բաղդասարյանի Շենգավիթի նախընտրական շտաբի ղեկավար Գուրգեն Սարգսյանը. «Շենգավիթում՝ 3-րդ մասի տարածքում, Նժդեհի հրապարակի մոտ համատիրություններից մեկը շենքերի մուտքերի դռները հանել է եւ խոստացել նորից տեղը կախել ընտրություններից հետո՝ եթե բնակիչներն ընտրեն Սերժ Սարգսյանին»: Գուրգեն Սարգսյանը նաեւ վկայեց. «Այցելում են տները, վերցնում են անձնագրերը եւ խոստանում են գումարներ տալ: Ընդ որում՝ հիմա արդեն փոխվել է գումարի չափը: Ասենք, Ներքին Չարբախում խոստանում են 30 հազար դրամ՝ մեկ ձայնի համար, Նորագավիթ գյուղում՝ 60 հազար դրամ»:

Շրջիկ խմբեր՝ ուսուցիչներից

Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի ղեկավար, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը երեկ «Փաստարկ» ակումբում եւս վկայեց. «Բոլոր չինովնիկները՝ համատիրության ղեկավարից մինչեւ թաղապետարանի աշխատակից, գզիրի նման ընկել են դռնեդուռ, մարդկանց ցուցակագրում են եւ ընտրակաշառքներ առաջարկում»: Եվ խոստացավ, որ առաջիկայում կհրապարակի կաշառք բաժանողների անունները:

Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ նախօրեին ահազանգ է ստացել ուսուցիչներից մեկից, թե դպրոցի տնօրենը պահանջել է ուսուցիչների անձնագրերը եւ ասել. «Մենք վերջին օրը կասենք, թե ընտրության օրը էլ որտեղ պետք է գնաք ընտրության»: Ըստ ՕԵԿ փոխնախագահի՝ «Հիմա ուսուցիչներից բազմաթիվ այդպիսի զանգեր ունենք: Նրանց վրա կան լուրջ ճնշումներ: Ես աշխատում եմ մանկավարժների հետ, ու բազմաթիվ այդպիսի ահազանգեր են եկել ե՛ւ Երեւանից, ե՛ւ Գյումրիից: Նրանց պարտադրում են, որ ցուցակագրվեն այլ տեղ գնալու եւ քվեարկելու համար»:

Էլի՝ անձնագրերի տվյալներ

Նոր Նորքի 4-րդ զանգվածի 1-ին հատվածի Հովհաննիսյան 12 շենքում, որտեղ ապրում է «Առավոտի» թղթակիցը, հունվարի 29-ին սկսել են անձնագրային տվյալներ հավաքել՝ հընթացս նաեւ հորդորելով քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին: Նրա կողմնակիցները վերջին շրջանում հատկապես ակտիվորեն են այցելում բնակարաններ՝ ոչ միայն ընտրողների տրամադրությունները շոշափելու, Սերժ Սարգսյանի հավանական ձայների նախնական հաշվառում անցկացնելու, այլեւ՝ ընտրողների անձնագրային տվյալները ձեռք բերելու համար: Նման այցեր անցյալ շաբաթավերջին տեղի են ունեցել նաեւ Էրեբունի համայնքի Լիսիցյան փողոցում: Իսկ Շենգավիթի համայնքի Չեխովի, Ծերեթելի փողոցների բնակիչներին այցելողները, ըստ «Առավոտի» ստացած ահազանգերի՝ ընտրողների անձնագրային տվյալները ստանալու եւ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար գումար էլ են առաջարկել: Նույն նպատակով Մալաթիա-Սեբաստիա համայնքի Զորավար Անդրանիկի փողոցի բնակիչներին այցելում են համայնքի առանձին ավագանիներ:

Հ. Գ. Հետաքրքիր է, երբ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը «դուբլյոնկայով» մասնակցում է Սերժ Սարգսյանի հանդիպումներին՝ տեղյա՞կ է արդյոք «Ընտրական օրենսգրքի» այն դրույթի մասին, ըստ որի՝ արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել նաեւ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել