Լրահոս
Օրվա լրահոսը

«Լինում են դեպքեր, երբ քաղաքացին ամբողջ տարվա գույքահարկը ստիպված վճարում է տարվա սկզբին, հետագայում մեքենան օտարում է և անցնում տարբեր թղթաբանական գործընթացներ՝ ավելի վճարած գումարը վերադարձնելու». նոր իրավական կարգավորում

Ապրիլ 26,2024 15:59

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը եւ Նարեկ Զեյնալյանը լրացում են առաջարկում ՀՀ հարկային օրենսգրքում:

«Նախաձեռնությամբ լուծում ենք կարեւոր խնդիր. այն առնչվում է հարյուր հազարավոր մեր համաքաղաքացիներին: Խոսքը վերաբերում է տեխզննման ժամանակ կիրառվող կանոններին: Այսօր, երբ քաղաքացին մեքենան տանում է տեխզննման, համակարգը ստուգում է՝ արդյոք այդ անձը տվյալ մեքենայի գույքահարկի գծով պարտավորություններ ունի՞, թե՝ ոչ: Եթե քաղաքացին չի վճարել տվյալ տարվա գույքահարկը, ապա, ըստ օրենքի համապատասխան ձեւակերպման, քաղաքացուն մենք ստիպում ենք, որ տվյալ տարվա գույքահարկը վճարի ամբողջությամբ»,- նշել է նախագծի համահեղինակ Բաբկեն Թունյանը:

Պատգամավորի խոսքով՝ ժամանակին գույքահարկը տեխզննման գործընթացի հետ զուգորդելը գույքահարկը հավաքագրելու ապահովման գործիք է եղել:

Նախաձեռնության հեղինակների կարծիքով արդարացի կլինի, որ քաղաքացին վճարի այդ պահին առկա պարտավորությունը կամ նախորդ տարիների պարտքը: «Եթե քաղաքացու՝ գույքահարկը վճարելու ժամանակը մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 1-ն է, եւ վերջինս հունվարին կամ փետրվարին մեքենան տանում է տեխզննման, ապա կարծում ենք, որ չպետք է քաղաքացուն ստիպել ժամկետից շուտ վճարել իր հարկային պարտավորությունները»,- մանրամասնել է Բաբկեն Թունյանը: Նոր կարգավորմամբ խոսքը կվերաբերի միայն նախորդ տարիների հարկային պարտավորությունների կատարմանը:

Պատգամավորի խոսքով լինում են դեպքեր, երբ քաղաքացին ամբողջ տարվա գույքահարկը ստիպված վճարում է տարվա սկզբին, սակայն հետագայում մեքենան օտարում է եւ անցնում տարբեր թղթաբանական գործընթացներ՝ ավելի վճարած գումարը վերադարձնելու համար: Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ նախաձեռնությունը հեղինակները մշակել են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գործընկերների հետ:

Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից:

«Կառավարությունը նախագծի հիմքում դրված քաղաքականությունն ու տրամաբանությունը համարում է ընդունելի եւ նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի»,- ընդգծել է հարակից զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Փոխնախարարն առաջարկել է քննարկել այն կարգավորման հնարավորության հարցը, որով տեխզննության ժամանակ վճարվում է ոչ միայն նախորդ տարվա կամ տարիների գույքահարկը, այլ նաեւ մինչեւ տեխզննության ամսաթիվն ընթացիկ տարվա ավարտված ամիսների գույքահարկը: «Սա մի կողմից մասամբ կլուծի համայնքների ֆինանսական իրացվելիության հարցը, մյուս կողմից մենք սրանով կարգավորումը կմոտարկենք փոխադրամիջոցի օտարման դեպքում կիրառվող կարգավորմանը, ըստ որի՝ օտարելիս պետք է վճարվի մինչեւ սեփականության իրավունքի գրանցման օրը ներառող ամիսը՝ ներառյալ ժամանակահատվածի գույքահարկը»,- ասել է փոխնախարարը:

Կառավարությունը ներկայացրել է նաեւ խմբագրական առաջարկներ:

Բաբկեն Թունյանը, անդրադառնալով գույքահարկը յուրաքանչյուր ամիս վճարելու Կառավարության առաջարկին, նշել է, որ սկզբունքորեն դեմ չէ նման հնարավորություն ընձեռնմանը, սակայն, ըստ նրա, դա պետք է լինի ոչ թե պարտադիր, այլ կամավորության սկզբունքով:

Պատգամավորն առաջարկել է այդ հարցը քննարկել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Կառավարության ներկայացուցիչն ընդունել է առաջարկը:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930