Լրահոս
Օրվա լրահոսը

«Արփիի դեպքը առաջին անգամը չի, երեխան «Pop it»-ը ձեռքին ինչ-որ տեղում էր հայտնվել, դա գեյերի դրոշի հետ էին համադրել». ՔՊ-ականները բողոքում են անեծքներից ու ատելությունից

Ապրիլ 25,2024 19:34

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2023-ի գործունեության, տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանին հարցրեց. «Երեկ մենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ականատես եղանք մի զազրելի արարքի, ինչը անարգանք էր թե՛ հուշահամալիրի նկատմամբ, թե՛այնտեղ գտնվող մարդկանց նկատմամբ: Իմ կարծիքով, ոտնահարվում էր երեխայի լավագույն շահը: Դուք այստեղ երեխայի լավագույն շահի խախտում տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ, ուզում եմ ձեր արձագանքը տեսնել»:

Մանասյանն ասաց, որ երեխաների իրավունքների պարագայում կարեւոր է ապրումակցող եւ կարեկցող միջավայրի առկայությունը. «Թե՛ երեկ տեղի ունեցած դեպքը, թե՛ մեզ հետ էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին եկել երեխաների իրավունքների խորհրդի անդամ երեխաներից մի քանիսը, մենք շեշտել էինք, որ երեխաների խորհրդի անդամներն էին մեզ հետ եկել, ե՛ւ ատելության խոսք, ե՛ւ վիրավորանք, եւ երեխաների լավագույն շահից չբխող տարբեր տեսակի երեւույթների ենք մենք ականատես եղել»:

ՔՊ խմբակցության անդամ Տիգրան Պարսիլյանը նույնպես հարցրեց Արփիի երեկվա միջադեպից. «Դա մեթոդ է՝ թիրախավորել երեխաներին, որովհետեւ նույն Արփիի դեպքը առաջին անգամը չի: Կարող եմ հիշել «Pop it»-ի պատմությունը, երբ որ երեխան «Pop it»-ը ձեռքին ինչ-որ տեղում էր հայտնվել ու դա տարել էին գեյերի դրոշի հետ էին համադրել, ասոցացնել: Ու էլի դեպքեր կարող եմ նշել: Դա էլ է այսօր մեթոդ, որ հանրային գործիչների երեխաներին թիրախավորեն, որովհետեւ գիտեն, որ դա ավելի վախացնող է»:

Անահիտ Մանասյանը պատասխանեց. «Եթե խոսքը ատելության խոսքին է վերաբերում, ապա միանշանակ այն այսօր Հայաստանում կրում է համակարգված բնույթ: Եվ դա է պատճառը, որ ինքս անընդհատ խոսում եմ հանրային բեւեռացման մասին, որովհետեւ դա տանում է անհանդուրժողականության եւ ատելության խոսքի»:

Պաշտպանն ասաց, որ երեխաների իրավունքների նկատմամբ պետք է շատ զգույշ լինել ու երբեմն հանդիպում է արդարացումների, իսկ դա նորմալ չէ:

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ Տավուշում սահմանազատման, սահմանագծման գործընթացների ֆոնին ատելության խոսք են տարածում հոգեւորականները. «Ինձ համար սա շատ կոնկրետ պրոբլեմ է, որովհետեւ հոգեւոր դասի ներկայացուցիչերը, չլինելով որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչներ, ատելության խոսք տարածելով՝ բոլորովին այլ տպավորություն են ստեղծում»: Նա ասաց, որ հոգեւորականներից մեկը Ծիծեռնակաբերդում ատելության խոսք է տարածել իշխանականների նկատմամբ, մեկ այլ դեպքում հոգեւորականը տեսախցիկների առաջ անիծել է իրենց. «Անեծքը դա կախարդներին հատուկ բան է, ոչ երբեք հոգեւոր դասի ներկայացուցիչներին: Անիծում էր ՀՀ քաղաքացիների, որոնք այս պահին իշխանության ներկայացուցիչ են, ՀՀ զավակներին էր անիծում ըստ էության»:

Օմբուդսմենն էլ ասաց, որ ինքը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է, եւ որպես քաղաքացի նմանապես կարեւոր է նաեւ եկեղեցու նկատմամբ հարգանքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արփիի հայրիկը ու մայրիկը ապրիլի 24-ին վիրավորեցին հայ ժողովուրդը: Հայրիկն ու մայրիկը հրահանգ արձակեցին որ հայ ժողովրդը շտկի պատմության, բարոյականության ընկալումները:

    Ըստ նրանց, 5000 տարի հայը սխալ բարոյական նորմերով էր ապրում: հայը պիտի իջեցնի նշաձողերը, որ հարմարվի անհայրենիք, անազգ պապայի-մամայի ստանդարտներին: Դատեք ինքներդ: Ահա թե ինչ ասաց Արփիի հայրիկը. ‘Մեծ եղեռնի ընկալումը պետք է հարաբերենք Հայաստանի կենսական շահերի հետ: ‘ Արփին փոքր չէ, 8 տարեկան երեխաները 1915-ին իրենց քույրերի-եղբայրների հետ ոտքով եկան հասան հայրենիքի հեռավոր անկյունը: Այն հայրենիքի, որ Արփիի հայրիկն ու մայրիկը ձեռքները քշտած բզկտում, ձրի տալիս են թշնամուն:

    Թող Արփին հարաբերի հայրիկ-մայրիկ ընկալումը իր սիրուն շորիկ, փայլուն կոշիկ ու համով կարկանդակ ունենալու շահի հետ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930