Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրահամ-Ուորդ մարտը կարող է չկայանալ

Ապրիլ 29,2011 00:00

Երկրորդ միջին քաշային կարգում «Super Six» մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի Արթուր Աբրահամ-Անդրե Ուորդ մենամարտը վտանգված է եւ կարող է չկայանալ: Պատճառը Կալիֆոռնիա նահանգի աթլետիկական հանձնաժողովի դիրքորոշումն է, որը հրաժարվում է կատարել նախապես ձեռք բերված պայմանավորվածության պահանջները եւ նշանակել չեզոք մրցավարներ: «Ի հակակշիռ մեր նախնական պայմանավորվածության, Կալիֆոռնիայի հանձնաժողովը մեզ համար անսպասելի պնդում է, որպեսզի մենամարտը սպասարկեն այդ նահանգի կողային մրցավարները եւ ռեֆերին: Դա, պարզապես, անընդունելի է: Երկու ամիս առաջ ներգրավված բոլոր կողմերը համաձայնության եկան, որ այս մենամարտը պետք է սպասարկեն չեզոք մրցավարներ: Պայմանավորվել էինք, որ մեկ մրցավար կլինի այդ նահանգից, մեկը՝ Եվրոպայից, մեկն էլ՝ մի այլ մայրցամաքից: Քանի դեռ այդ խնդիրը լուծում չի ստացել, Արթուրը երկրից դուրս չի գա: Համենայնդեպս, մենք հետաձգել ենք նրա բոլոր ուղեւորությունները: Սա լողափնյա բարում կռիվ չէ, այլ ամբողջ աշխարհի ուշադրությունը գրավող սենսացիոն շոուի՝ «Super Six»-ի կիսաեզրափակիչ: Ափսոս, որ մարտը հայտնվել է տապալման եզրին այն բանի պատճառով, որ տեղի հանձնաժողովը հրաժարվում է կատարել պայմանավորվածության պահանջները՝ խախտելով նաեւ «Fair play»-ի հիմնարար սկզբունքները»,- պրոումոթեր Վիլֆրիդ Զաուերլանդին մեջբերում է «BoxingScene» հանդեսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել