Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու զանգվածը կրիտիկական չի դառնում

Հունվար 28,2013 11:20

Անկախ Հայաստանի պատմութան մեջ ընդդիմության մշտական խնդիրն է եղել, այսպես կոչված, «կրիտիկական զանգված» հավաքելը: Դատելով նրանից, որ 20 տարում իշխանափոխություն չի եղել այն ձեւով, ինչպես որ դա ցանկացել է ընդդիմությունը, այսինքն՝ չի եղել Վրաստանի, Ուկրաինայի, արաբական երկրների նման հեղափոխություն, «կրիտիկական զանգվածը» մեր երկրում երբեք էլ չէր հավաքվել: Այսինքն՝ փողոցում չի եղել այն քանակությամբ մարդ, որպեսզի իշխանություն կողմից ուժ կիրառելու պատրաստակամությունը (որը եղել է, կա եւ կլինի) դառնա անիմաստ եւ անարդյունավետ: Եվ այստեղ հարց է ծագում՝ արդյո՞ք խոսքը միայն քանակի, թե՞ նաեւ որակի մասին է:

Բայց նախ՝ քանակի մասին:  88 թվականին «Ղաղաբաղ» կոմիտեն հայտարարում էր, որ Ազատության հրապարակում հավաքվել է մեկ միլիոն մարդ: Հարյուրավոր հազարների մասին էին խոսում 90-ականներին ՀՅԴ-ն եւ ԱԺՄ-ն, 2000-ականների սկզբին ՀԺԿ եւ «Հանրապետությունը», 2008-ին՝ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները: Այդ թվերը կեղծ են: Լավատեղյակ (հավատացնում եմ, իսկապես լավատեղյակ, պրոֆեսիոնալ) աղբյուրների վստահեցմամբ, բուն Թատերական հրապարակում կարող է հավաքվել առավելագույնը 36 հազար հոգի, իսկ եթե ավելացնենք այն տարածքները, որտեղ հիմա սրճարաններ են, ինչպես նաեւ Կարապի լճի տարածքը, որտեղ միտինգավորները միշտ շատ ավելի նոսր խմբերով են կանգնած, այդ թիվը կարող է լավագույն դեպքում կրկնապատկվել: Մոտավորապես նույն թվերի մասին կարելի է խոսել Մատենադարանի աստիճաններից մինչեւ «Պոնչիկանոց» ընկած հատվածում հավաքված մարդկանց դեպքում: Հետեւաբար, ընդդիմությունը իր լավագույն հանրահավաքների ժամանակ հավաքում է մի քանի տասնյակ հազար մարդ:

Դա քիչ չէ: Թահրիրում, Մայդանում կամ Ռուսթավելի փողոցում ավելի շատ մարդ չէր հավաքվում: Ինչո՞ւ էր, ուրեմն, այնտեղ զանգվածը կրիտիկական, իսկ մեզ մոտ՝ ոչ կրիտիկական: Սովորաբար նշում են մի կողմից ընդդիմության առաջնորդների մարտավարական սխալները, մյուս կողմից՝ իշխանությունների՝ ուժ կիրառելու վճռականությունը: Դրանք, իհարկե, գործոններ են, բայց չեմ կարծում, որ դրանք իրենց «գումարելիներով» խիստ տարբեր են «հաջողված» եւ «չհաջողված»  հեղափոխութունների երկրներում:  Տարբերությունն, ինձ թվում է, ամբողջ զանգվածում ակտիվ, «պասիոնար»  մարդկանց տեսակարար կշիռի մեջ է: Մարդկանց, որոնք պատրաստ են պաքարել իսկապես «մինչեւ վերջ»:

Եկեք տեսնեք, թե ովքեր են մաս կազմում այդ «զանգվածի»՝ ոչ թե ընդհանրապես, այլ՝ այս իրավիճակում Հայաստանում կազմակերպվելիք ընդդիմության հնարավոր հանրահավաքներում: Շրջաններից բերված մարդիկ, որոնք պետք է ապահովեն «զանգվածայնությունը»՝ նրանք հիմնականում ընդդիմադիր կուսակցությունների կառույցների ակտիվիստներ են, որպես կանոն՝ տեղական լիդերի բարեկամներն ու ազգականները: Նրանց 2-3 օր Երեւանում պահելը խնդիր է (նաեւ նյութական): Բացի այդ՝  մարդիկ իրենց հոգսերն ունեն, հողն ամենօրյա խնամք  է պահանջում: Մյուս մեծ խումբն է կազմում երեւանյան լյումպենացված զանգվածը՝ աղքատ, հիմնականում տարեց մարդիկ, որոնք մեծ կրքով անիծել եւ անիծելու են ցանկացած իշխանության եւ ցանկացած նախագահի: Հեղափոխության գործում նրանց վրա հույս դնելը նույնպես կարճատեսություն կլիներ: Որոշակի մաս են կազմում պետական մանր ու միջին չինովնիկները, որոնք գաղտնի հույսեր են փայփայում, որ իշխանափոխությունից հետո կդառնան ավելի խոշոր չինովիկներ եւ ավելի մեծ կաշառքներ կվերցնեն: Նման կատեգորային մոտ են նախկին պաշտոնյաները, որոնք հույս ունեն, որ իշխանափոխությունից հետո կշարունակեն իրենց ընդհատված «կայֆերը» Նրանց էլ մի կողմ դրեցինք:

Հեղափոխության հարվածային ուժն են կազմում երիտասարդները, առաջին հերթին ուսանողները, որոնք նախ՝ անկեղծորեն հավատում են ընդդիմության հռչակած գաղափարներին, երկրորդ՝ չունեն ոչ սեփականություն, ոչ էլ աշխատատեղ կորցնելու վախը: Արդյոք բավարա՞ր է այդ խումբը՝ զանգվածը «կրիտիկական» դարձնելու համար: Ինձ թվում է, ոչ: Երիտասարդներին պետք է միանանան գիտակից, միջին տարիքի մարդիկ, որոնք ունեն աշխատանք կամ սեփականություն, բայց որոնք վստահ են, որ երկիրը սխալ ճանապարհով է գնում եւ պատրաստ են այդ ուղին շտկել: Այդ մարդիկ սովորաբար «զանգվածին»  են միանում ընտրությունների ժամանակ եւ հատկապես դրանից հետո, երբ զգում են, որ իրենց ձայնը «տեղ չի հասել»:

Բայց այդ մարդկանց հրապարակ բերելու համար պետք է մասնակցել ընտրություններին: Իսկ նրանք, ովքեր 5 տարի «կառավարում էին» այդ զանգվածը, այս ընտրություններին չեն մասնակցում: Խոսքը Հայ ազգային կոնգրեսի մասին է, որին ոչ ոք չէր խանգարում ընտրություններում  առաջ քաշել որեւէ թեկնածուի կամ պաշտպանել եղած թեկնածուներից մեկին: Ւսկ ստեղծված իրավիճակում կամ ՀԱԿ-ը պետք է սպասի հարմար առիթի կամ էլ՝ «հրապարակ բերելու» գործառույթը պետք է ստանձնի որեւէ այլ ուժ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031