Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի՛ կպեք Ռուսաստանին…». Որ ի՞նչ չլինի

Ապրիլ 12,2024 12:00

Ինչո՞ւ չեն մեր ընդդիմադիրներն ավելի անկեղծանում ու ասում. «Ժողովուրդ, մի՛ կպեք Ռուսաստանին, որովհետեւ Պուտինը կզայրանա ու կկործանի Հայաստանը…»

Ռուսաստանի «օմբուդսմենության» շքերթը դարձյալ թեժ ինքնադրսեւորման մեջ է Հայաստանում: Իրենց ընդդիմադիր քաղաքական ուժ համարողները, որոնք հասարակական աջակցություն գրեթե չեն վայելում, անցել են իրենց նախընտրելի գործին` Ռուսաստանի պաշտպանությանը:

Առիթը` բրյուսելյան վերջին հանդիպումն էր: Բոլորին նախ` Հայաստանին խոստացված քիչ չափով գումարներն էին զավեշտալի թվում, ավելի ճիշտ` այդ գումարով` արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունը, որի մեջ մեղադրվում է Հայաստանի իշխանությունը, որը ո՛չ ՀԱՊԿ-ից, ո՛չ ԵԱՏՄ-ից դուրս գալու, եւ ո՛չ էլ Գյումրիի ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու ուղղությամբ քայլ չի արել, չեն էլ ասել, որ օրակարգում նման հարցեր են քննարկվում: Նիկոլ Փաշինյանի հայտարարած` «ՀԱՊԿ-ից դուրս կգանք, եթե… »-ն դեռ ոչինչ չի նշանակում:

Հիմա, հայաստանյան ընդդիմադիրները գիշեր-ցերեկ ազդարարում են, որ Հայաստանը կործանվում է, սակայն նրանց իրականում անհանգստացնող միակ հարցը սա է` ինչո՞ւ պետք է Հայաստանում ամբողջ օրը քննադատություններ հնչեն ռուսների հասցեին, «չէ՞ որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է»։

Կամ ասում են` «ի՞նչ է տալիս մեզ Արեւմուտքը», «չէ՞ որ Ռուսաստանից ավելի շատ ենք տրանսֆերտ ստանում»: Այսինքն, հայաստանցիները գնում, Ռուսաստանում հալալ քրտինքով աշխատում են, Հայաստան գումարներ են ուղարկում, իսկ սա մեր ընդդիմադիրները համարում են ռուսական իշխանության կողմից մեծ ու անսպասելի բարեհաճությո՞ւն Հայաստան պետության նկատմամբ:

Ռուսական իշխանությունները մեծ լավություն արած կլինեին հայ ժողովրդին, եթե 2010 թվականից հետո չորոշեին զինել Ադրբեջանին ու իրենց այդ որոշմամբ չխախտեին ռազմական հավասարակշռությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, իսկ 2020թ. 44-օրյա պատերազմով տարածաշրջան չբերեին ու մինչեւ այսօր չամրացնեին Թուրքիայի դերը, ինչով Պուտինն է անձամբ զբաղված, ոչ թե Արեւմուտքը:

Մյուս «հուժկու» քննադատության առիթը հետեւյալն է` «տեսա՞ք, Բլինքենն ու Ֆոն դեր Լայենը բարեկամական, Ալիեւին հանգստացնող զանգեր արեցին…»: Այս ընդդիմադիրներն առհասարակ հետեւո՞ւմ են Պուտինի հեռախոսազանգերին, տեղյա՞կ են ինչ ինտենսիվությամբ ու ինչ բովանդակության ջերմ-բարեկամական զանգեր ու շնորհավորանքներ է նա հղում Էրդողանին ու Ալիեւին: Այդ հաղորդագրություններին նրանք ծանոթանո՞ւմ են ընդհանրապես:

Կամ, հայաստանյան ընդդիմադիրները տեղյա՞կ են, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի երեք անդամ երկրների` Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, ինչպես նաեւ Ուզբեկստանի հետ համատեղ զորավարժություն է անցկացնելու: Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայության փոխանցմամբ՝ «լայնածավալ վարժանքները տեղի կունենան ընթացիկ տարվա հուլիսին Ղազախստանի Հանրապետության տարածքում գտնվող «Օյմաշա» փորձադաշտում», ինչպես նաեւ Կասպից ծովում գտնվող Թոքմակ հրվանդանում»։ Հաղորդվեց, որ զորավարժությունների շրջանակում զինվորականները կիրականացնեն «զինված հակամարտությունների տեղանքը որոշելու ուղղությամբ ուսումնական եւ մարտական առաջադրանքներ»։

Հայաստանյան ընդդիմադիրներն արդեն տեղեկացված են, որ «Եվրոպան ադրբեջանական գազ է գնում», հետեւաբար նաեւ գլխի են ընկել, որ այդ կերպ էլ Եվրոպան «աչք է փակում այդ գազի ռուսական ծագման վրա»:

Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ այդչափ տեղեկացված հայաստանյան ընդդիմադիրները, որոնք համակ ուշադրությամբ սկսեցին վերջերս հետեւել արեւմտյան պաշտոնյաների ու Ալիեւի հեռախոսազանգերին, ծպտուն չհանեցին, երբ ԼՂ-ի հարցը 44-օրյա պատերազմով փակած Մոսկվայի ու Բաքվի որոշմամբ պայմանագիր կնքվեց ռուսական «Գազպրոմ»-ի հետ, որպեսզի Ադրբեջանը մեկ միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ ստանա, եւ այս գործարքի արդյունքում ռուսական գազը Ադրբեջանի միջոցով դեպի Եվրամիություն հասցնելու պլանը դրվեց գործողության մեջ:

Այսինքն, ըստ մեր ընդդիմադիրների` գազային այս գործարքը Ալիեւի հետ կնքող Պուտինն ավելի անմեղ է, քան այդ գործարքից օգտվողնե՞րը: Թե՞ մեր այդչափ տեղեկացված ընդդիմադիրները նոր են հայտնաբերել, որ Ադրբեջանը ռուսական գազը օգտագործում է ներքին շուկայում, իսկ ավելցուկը վաճառում է Եվրոպային, այդ իսկ պատճառով Ալիեւը Պուտինի վստահելի գործընկերն է։

Մեր ընդդիմադիրների մյուս մեղադրանքը` «Արեւմուտքը խուլ է, կույր է…», նկատի ունեն` անտեսում են ավտորիտար Ադրբեջանի խնդիրները, որտեղ քաղբանտարկյալներ կան, անազատ ընտրություններ են անցկացվում եւ իշխում օլիգարխա-կլանային համակարգ… Սա ասվում է այն դեպքում, երբ արեւմտյան կառույցներում Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւեր կան ընդունված, միջազգային մամուլում ալիեւյան կլանի մասին հրապարակումների պակաս չկա, ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ Ալիեւն ու Էրդողանը «բարի հրեշտակներ» են համարվում ու Պուտինի «վստահելի բարեկամներն են»:

Հետաքրքիր է, իսկ հայաստանյան ընդդիմադիրները ինչո՞ւ են մոռացել Բաքվի բանտերում պահվող հայերին, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը: Գուցե դրա պատճառն այն է, որ նրանց հիշելու դեպքում կարող է անհրաժեշտություն առաջանա հստակեցնելու` ինչպե՞ս ստացվեց, որ ռուս խաղաղապահների աչքի առաջ, նրանց «լուռ համաձայնությամբ» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը «ճանապարհեցին» Բաքվի բանտեր:

Այս հարցով հայաստանյան ընդդիմադիր ուժերն ու կուսակցությունների երիտթեւերը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ հավաքվելու, պահանջներ ներկայացնելու անհրաժեշտություն չեն զգո՞ւմ: Բոլորվին, ի՞նչ կարիք կա նման ազգանվեր գործով զբաղվել… Չէ՞ որ կզրկվեն ՌԴ դեսպանատան ընդունելությունների արժանանալու պատվից (ըստ երեւույթին` ոչ միայն դրանից) ու այդ պատճառով` Արցախից ռուսների աջակցությամբ դեպի Բաքվի բանտերի «ճամփան» բռնած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին կարելի է նաեւ չխոսել:

Հայաստանի ընդդիմադիրները Ալիեւի ու Պուտինի գերիներին հիշատակելու իրավունք չունեն, քանի որ Ռուսաստանի պատասխանատվության մի «փոքրիկ» նշույլ կնկատվի: Այդ իսկ պատճառով կարելի է խոսել ավելի «անշառ» թեմաներով` Ռուսաստանին ուրանալու «կործանարար» հետեւանքների մասին ելույթներ ունենալ ու սպառնալ ժողովրդին դրանով:

Եվ ընդհանրապես, որեւէ մեկը կբացատրի՞, երբ ասվում է` «մի կպեք Ռուսաստանին», եթե «չկպնենք», էլ ի՞նչ չպետք է լինի, որն արդեն պատահել է Հայաստանի հետ… Պուտինը վերադարձնելո՞ւ է Արցախը, թե՞ «անկյուն է կանգնեցնելու» Ալիեւին, եթե Ալիեւը համարձակվի ՀԱՊԿ անդամ Հայաստանի սահմանների նկատմամբ հերթական ոտնձգությունն իրագործել ու եթե հանկարծ նա նոր պատերազմ հրահրի` Պուտինը «հողին է հավասարեցնելո՞ւ» Ադրբեջանը:

Իհարկե, նույնիսկ Ռուսաստանի քաղաքականությունն անխոնջ կերպով պաշտպանող մեր ընդդիմադիրները գիտեն, որ նման բաներ չեն լինելու: Հետեւաբար, ո՞րն է այս կարգադրության ու սպառնալիքի իմաստը` «մի կպեք Ռուսաստանին…»: «Չկպնեն», որպեսզի հայաստանյան քաղաքական դաշտում իրենց գոյությունը մի կերպ պաշտպանողների գլուխները «շոյողներ» լինե՞ն ու այդ գործը «գնահատողնե՞ր»:

Իսկ ինչո՞ւ չեն մեր ընդդիմադիրներն անկեղծանում, ներկայացնում ավելի լուրջ մտահոգություն ու ասում. «Ժողովուրդ, մի՛ կպեք Ռուսաստանին, որովհետեւ Պուտինը կզայրանա ու կկործանի Հայաստանը…»: Չեն ասում, որովհետեւ դա ասելուց հետո կպարզվի, որ Ռուսաստանն է Հայաստանը պոտենցիալ կործանո՞ղը, այդպես չէ՞…

Իսկ Հայաստանին պե՞տք է երրորդ հակառակորդ պետության «դաշնակիցը» լինել… Մեզ երկու թշնամի պետությունները քի՞չ են:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 11.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930