Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է ունենա իր ազատությունը՝ ընտրելու իր սեփական ուղին»

Մարտ 13,2013 14:08

Ըստ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարար Սայմոն Ֆրեյզերի՝ Հայաստանը տարածաշրջանում կարեւոր դերակատար է:

– ԵՄ-ի հետ Հայաստանի համար երկու ռազմավարական նշանակության գրեթե համաձայնեցված փաստաթղթեր են դրված Հայաստանի հետ բանակցությունների սեղանին՝ Խորը եւ համապարփակ Ազատ առեւտրի գոտու պայմանագիրը, ինչպես նաեւ՝ Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը: Կուզենայի մեր հասարակությանը ներկայացնեիք Հայաստանի շահը այդ ծրագրերում:

– Կա ընդհանուր շահ, ձեռքբերում՝ Հայաստանը այս բանակցությունների արդյունքում ավելի կմոտենա ԵՄ-ին այն սկզբունքներով, որոնք ընկած են ԵՄ-ի հիմքում՝ լավ կառավարում, ժողովրդավարություն եւ առաջխաղացման նախադրյալներ: Սա կարեւոր է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ ԵՄ-ի համար: Դա կօգնի մեզ աշխատել այն հարցերի ուղղությամբ, որոնք վերաբերում են տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատմանը, որում մենք նույնպես շահագրգռված ենք: Հետագայում կլինեն ավելի կոնկրետ շահեր: Օրինակ՝ այս բանակցությունների միջոցով հնարավոր կլինի մեծացնել տնտեսական գործունեությունն ու առեւտուրը, որպեսզի ավելի շատ ներդրումներ իրականացվեն Հայաստանում, կատարելագործել որոշ ընթացակարգեր, օրինակ՝ մաքսային բնագավառում, որպեսզի լինեն ավելի մեծ ապրանքաշրջանառություն եւ տնտեսական առավելություններ։

– Պարոն Ֆրեյզեր, խոսեցիք մեր երկրի համար հնարավոր առավելությունների, շահերի մասին՝ ԵՄ-ի ուղղությամբ, բայց արդեն մի քանի ամիս է՝ հայաստանյան փորձագիտական շրջանակները քննարկում են ՌԴ նախագահի՝ Եվրասիական միությանը, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հնարավորությունները, ՀՀ-ում հավատարմագրված արդեն նախկին, ինչպես նաեւ գործող դեսպանները (ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպանը, Լեհաստանի գործող դեսպանը), դիվանագետները հստակ ու միանշանակ անդրադարձել են այս թեմային։ Մաքսային միության կազմում նախկին խորհրդային հանրապետությունների եւ կոնկրետ Հայաստանի հնարավոր ներգրավման հարցը, առհասարակ ընտրության հարցը՝ Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիական միություն, որքանո՞վ է սուր դրված՝ Ձեր կարծիքով:

– Կարծում եմ՝ Հայաստանն իրավամբ ցանկանում է ունենալ ավելի ամուր հարաբերություններ ԵՄ-ի հետ: Բայց Հայաստանն ունի շատ ամուր եւ կարեւոր հարաբերություններ Ռուսաստանի հետ: Ես սա գիտակցում ու ընդունում եմ: Անկախ պետությունները իրենք պետք է որոշեն, թե ինչպիսի հարաբերություններ են իրենք նախընտրում: Ամենակարեւորը տվյալ դեպքում՝ Ազատ առեւտրի եւ մաքսային հարաբերությունների կարգավորման համաձայնագրերի առումով, ԵՄ-ի շուկան է, որը այս պահին 500 միլիոն սպառողներով է ներկայանում: Սա շատ կարեւոր եւ այս պահին աշխարհի ամենամեծ շուկաներից է, սա իսկապես արժեքավոր պարգեւ է: Ինչ համաձայնագիր էլ որ կնքես տարբեր կողմերի հետ, կարեւոր է ունենալ դրանց համապատասխանությունը միմյանց նկատմամբ: Ես փորձագետ չեմ, վստահաբար չեմ կարող ասել, թե որոնք են այդ երկու համաձայնագրերի մանրամասները, բայց փորձագետները ինձ ասել են, որ Ազատ առեւտրի համաձայնագիրը եւ Մաքսային միության անդամակցության համաձայնագիրը անհամատեղելի են, հետեւաբար գուցե անհրաժեշտ է ավելի խորությամբ ուսումնասիրել մանրամասները: Սա տեխնիկական հարց է, բայց ընդհանուր առմամբ կցանկանայինք, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունենար իր բոլոր հարեւանների հետ:

– Այնուամենայնիվ, Ռուսաստանի ձգտումները Հարավային Կովկասում՝ ազդեցության առումով, ակնհայտ են, այսինքն՝ այստեղ նաեւ խնդրի քաղաքական գործոնն է:

– Ակնհայտ է, որ Ռուսաստանը հետաքրքրություններ եւ ազդեցություն ունի այս տարածաշրջանում, եւ դա կարելի է ընկալել: Կարծում եմ՝ տարածաշրջանի երկրները, ինչպիսին, օրինակ, Հայաստանն է, պետք է կարողանան ունենալ իրենց ազատությունը՝ ընտրել իրենց սեփական ուղին եւ գործընկերային հարաբերությունները, բայց, իհարկե, պետք է նաեւ գոյություն ունեցող իրողությունների հետ հաշվի նստել։ Ես չեմ ուզում հիմա խոսել պատմության մասին կամ մեկնաբանել Ռուսաստանի վարած քաղաքականությունը, բայց կարծում եմ, որ ԵՄ-ն պետք է կարողանա այնպիսի առաջարկներով հանդես գալ, որպեսզի հարավկովկասյան պետությունների համար դա գրավիչ լինի եւ միեւնույն ժամանակ ապահովի նրանց զարգացումը: Բացի այդ, մենք չպետք է սա դիտարկենք որպես մի խաղ, որտեղ «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը պետք է լինի, այսինքն՝ կամ Եվրոպա, կամ Ռուսաստան ընտրությունը: Ակնհայտ է, որ ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները հավասարապես եւ նույնչափ կարեւոր են:

– Պարոն Ֆրեյզեր, 2008-ի նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը «ֆուտբոլային դիվանագիտության» նախաձեռնողական քաղաքականության շրջանակներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին լծվեց: Այդ արձանագրությունները կյանքի չկոչվեցին, դրանք առկախված վիճակում են, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նշանակալի առաջընթաց չկա: Մի քանի օր առաջ Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, հիմա Հայաստանի իշխանությունները տարածաշրջանային զարգացման առումով ի՞նչ կարող են առաջարկել միջազգային հանրությանը:

– Ակնհայտ է, որ Հայաստանը տարածաշրջանային մի շարք խնդիրներում կարեւոր դերակատար է, նախեւառաջ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով, եւ մենք հուսով ենք, որ Մինսկի խմբի գործընթացը առաջ կընթանա: Իհարկե, գիտակցում եմ, որ վերջին շրջանում գուցե այնքան առաջընթաց չի գրանցվել, որքան մարդիկ կցանկանային տեսնել: Մենք խրախուսում ենք այն գործընթացը, որը հիմնվում է Հելսինկյան սկզբունքների վրա եւ բոլոր կողմերի իրավաչափ մտահոգությունները կներառի: Ակնհայտ է, որ նման խնդրի կարգավորման համար անհրաժեշտ են փոխհամաձայնություն, փոխզիջումներ, եւ իհարկե՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի խնդիրն է գտնել փոխզիջումների բանալին:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա մենք խրախուսել ենք 2009 թվականի արձանագրությունները, մենք շատ կուզենայինք տեսնել դրանց կյանքի կոչվելը: Անկեղծ ասած՝ Հայաստանի եւ Թուրքիայի համար շատ մեծ հետաքրքրություն ու շահագրգռվածություն կա գործընթացը առաջ տանելու ուղղությամբ: Հուսով եմ, որ դուք կնախընտրեք շարունակել ձեր առաջընթացը այդ ուղղությամբ, անգամ եթե զգում եք, որ հնարավոր է՝ հիասթափություններ եք ունեցել: Ես, իհարկե, գիտակցում եմ, որ այս ամենը միայն Հայաստանի ձեռքում չէ, որովհետեւ Թուրքիայում հնարավոր է՝ եղել են զարգացումներ, եւ կան այդ զարգացումները, որոնք ազդել են այդ գործընթացում առաջընթացի ապահովման վրա, բայց, իհարկե, գոյություն ունեն նաեւ առավելություններ, որոնք կբխեն այդ արձանագրություններից ոչ միայն տարածաշրջանում կայունության ապահովման, այլեւ տնտեսական պոտենցիալ շահերի, ձեռքբերումների տեսանկյունից: Ես, իհարկե, գիտակցում եմ, որ սրանք բավական բարդ մարտահրավերներ են, եւ պետք է կարողանանք ձեզ աջակցել՝ առաջընթացի ուղիներ փնտրելու ճանապարհին:

– Երեւանում անցկացված Ձեր ճեպազրույցում խոսեցիք Հայաստան-Մեծ Բրիտանիա փոխհարաբերություններում տնտեսական ծրագրերի մասին, մասնավորապես կարեւորեցիք ձեր երկրի կողմից բրիտանական ընկերություններին աջակցելու, նոր ներդրումներին նպաստելու հարցը: Պարոն Ֆրեյզեր, ի՞նչ ազդակներից հետո որոշեց բրիտանական կողմը Հայաստանի հետ հարաբերություններում այսպիսի խորացման գնալ, ի՞նչն է դրան նպաստել:

– Մեր երկրի արտաքին քաղաքականության մեջ ավելի մեծ համատեքստում մենք հիմա փորձում ենք կենտրոնանալ առեւտրի եւ ներդրումների ընդարձակման եւ ծավալների մեծացման ուղղությամբ, ինչը միեւնույն ժամանակ արտացոլում է տնտեսական դժվարությունները, որոնց մենք հիմա բախվում ենք: Այսինքն, կարճ ասած՝ որտեղ լավ շուկա կա՝ մենք պետք է մտնենք այդ շուկան: Ի՞նչ է դա նշանակում. դուք այստեղ ունեք լավ շուկա՝ հմուտ աշխատուժով, դուք ունեք ոլորտներ, որոնք բավական ուժեղ ներկայացված են, օրինակ՝ հանքարդյունաբերությունը, ինֆորմացիոն տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, դուք ունեք երիտասարդ եւ դինամիկ զարգացող բնակչություն, որի հայացքը դեպի դուրս է: Հետեւաբար կարծում եմ, որ արդարացված է, որ բրիտանական ընկերությունները պետք է փնտրեն հնարավորություններ: Բրիտանական կառավարության պատասխանատվությունն է՝ աջակցել եւ խրախուսել նրանց այդ ջանքերը։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031