Լրահոս
Օրվա լրահոսը

«Շանթ և ընկերներ» գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց. Շահենին ու նրան մորը վտա՞նգ է սպառնում

Դեկտեմբեր 27,2014 16:48

Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ «Շանթ Հարությունյանի  և ընկերների» գործով վերաքննիչ բողոքի քննությամբ առաջին դատական նիստը:  Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով դատավճիռը հրապարակվեց հոկտեմբերի 17-ին: Համաձայն վճռի` ամբաստանյալ Շանթ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց խուլիգանության հոդվածով: Նա դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, նույն հոդվածով դատապարտվեց, Շահեն Հարությունյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, իսկ Վարդան Վարդանյանը` 5 տարվա ազատազրկման:

Նշենք, որ ամբաստանվող բոլոր անձինք ներկայացրել են վերաքննիչ բողոք: Ներկայացվեց բողոքարկվող դատական ակտը, դատավճիռը և վերաքննիչ բողոքները: Այնուհետև ձայնը տրվեց պաշտպաններին, որպեսզի նրանք ներկայացնեն իրենց վերաքննիչ բողոքի հիմնավորումը: Դատական նիստի ընթացքում մի քանի ամբաստանյալներ և միայն երկու պաշտպաններ դրանք ներկայացրին: Այնուհետև ամբաստանյալներից Արայիկ Հովհաննիսյանը ձայն խնդրեց, սակայն դատավորը մերժեց՝ հիմնավորելով, թե նրա պաշտպան Արա Զաքարյանը ներկա չէ: Այս հիմնավորմամբ՝ դատարանը հետաձգեց նաև նիստը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2015-ի հունվարի 16-ը: Նիստի ավարտին Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը դատարանի դահլիճում հանդես եկավ հայտարարությամբ: Նա մասնավորապես ասաց. «Խոսքս ուղղված է ԶԼՄ-ներին և հասարակությանը, բայց դիմում եմ նախագահին և ԿԳԲ-ին: Ինչքան էլ, որ մենք իրենց քաղաքական թշնամին ենք, բայց ՀՀ քաղաքացիներ ենք, և պահանջում եմ, որ ապահովեն իմ ու իմ մոր անվտանգությունն ու անդորրը»:

Դատական նիստի ավարտին նաև միջադեպ տեղի ունեցավ դատական կարգադրիչների և լրագրողների միջև. նրանք խոչընդոտում էին լրագրողների մասնագիտական գործունեությունը:

Հարցին՝ «Շանթ և ընկերներ» գործով՝ առաջին ատյանի դատարանի որոշումը  քաղաքական համարվեց, ի՞նչ եք կարծում արդյոք այդ ամենը վերաքննիչ դատարանի որոշման վրա չի՞ ազդի, Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի և անչափահաս Շահեն Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը պատասխանեց. «Միանշանակ դա քաղաքական դատավարություն էր, պատվեր հիշում եք, որ անսպասելի դատավճիռ կայացվեց՝ մեկուկես-երկու ժամվա ընթացքում, խախտվեցին նաև պաշտպանական, վերջին խոսքերի իրավունքները, դատարանը միանգամից գնաց խորհրդակցական սենյակ և հրապարակեց դատավճռի մասին եզրակացություն: Հետո պարզվեց, որ դատավճիռը 135 էջ է և մեկուկես ժամում նման դատական ակտի կայացումը խոսում է հենց այն մասին, որ դա քաղաքական որոշում էր: Վերաքննիչ դատարանից լուրջ ակնկալիքներ չունենք. գտնում եմ, որ դա ևս կլինի քաղաքական որոշում: Կամ եթե լինի ինչ-որ փոփոխություն, դա կլինի քաղաքական որոշման մասով»:

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ երաշխիքներ ունեն, որ Քրեական վերաքննիչ դատարանը ևս չի կայացնի քաղաքական որոշում, ինչպես առաջին ատյանի դատարանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պատասխանեց. «ՀՀ-ում ոչ մի բանի վստահություն չես կարող ունենալ, բայց անակնկալներ կարող են միշտ էլ լինել՝ վերջին հույսի տրամաբանությունից ելնելով: Բայց մյուս կողմից անհրաժեշտ է դատական պրոցեսներն անցնել: Առաջին ատյանը դատական իշխանության մի մակարդակն է. բոլոր ատյաններով պիտի անցնել, որ քաղաքական պատվերի հանգամանքը փաստագրվի»:

Դատավարությանը գնահատական տալով՝ պարոն Սաքունցն ասաց. «Սա քաղաքական հետապնդում և քաղաքական դատավարություն է իր ամբողջ տրամաբանությամբ»: Aravot.am-ը Շահեն Հարությունյանից հետաքրքրվեց՝ իր և իր մոր նկատմամբ հետապնդու՞մ է իրականացվել, որ նա հրապարակավ դիմում է անվտանգության ապահովման հարցով, Շահենը պատասխանեց, թե այժմ չի ցանկանում որևէ մանրամասն ներկայացնել :

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031