Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ-երկու տարի օպերային թատրոնի նվագախումբը գլխավոր դիրիժորի պաշտոն չի ունենա

Դեկտեմբեր 18,2015 12:30

Գեղամ Գրիգորյանը բացատրում է, թե ինչու

Օպերային թատրոնի նվագախումբը դեռ գլխավոր դիրիժոր չի ունենա եւ Սերգեյ Սմբատյանի անունը այս հարցի առնչությամբ շահարկվում է որոշ անձանց ուղղորդմամբ: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը:

-Պարոն Գրիգորյան, մամուլը վերջին շրջանում Ձեզ չափազանց շատ է անդրադառնում, մասնավորապես, մեղադրանքներ են հնչում, որ ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ փոխել եք օպերային թատրոնի կանոնադրությունը, այդ ամենում նաեւ հիշատակվում է ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանի անունը: Ի՞նչ է կատարվում:

-Նախ, ուզում եմ ասել, որ ես նորից վերադարձա թատրոն ու ոչ թե այն պատճառով, որ դա էի ուզում, այլ որովհետեւ թատրոնը անմխիթար վիճակի էր հասել: Խոսքս երաժիշտների ու երգիչների մասին չէ, որովհետեւ լավ երաժիշտներ ու երգիչներ միշտ էլ լինում են, բայց այդ մարդկանց պետք է ղեկավարել, նրանց հասցնել մի մակարդակի, որը կլինի լավը: Այն, ինչ կատարվում էր թատրոնում վերջին 5-6 տարում, թատրոնին հարիր չէր, շատ ցածր մակարդակի էր հասցվել: Ու ով ինձ հետ համաձայն չի, խնդրում եմ, որ այդ մասին ինձ ասի, որ ուզում է, որ նույնը շարունակվի: Ես եկել եմ թատրոն, որպեսզի այդ ամեն ինչը վերացնեմ: Եթե ես չկարողանամ, ապա առաջինը կթողնեմ ու կգնամ՝ առաջին անգամ չի, քանի որ եթե ինձ խանգարում են ու չեն ուզում, ես չեմ անի այդ աշխատանքը: Բայց ես եկել եմ, ունեմ իմ ծրագրերը, որոնք պետք է հասցնեմ ավարտին:

-Կռվախնձորը, որքան հասկանում ենք, թատրոնի նվագախումբն է, ավելի ճիշտ՝ դրա գլխավոր դիրիժորը:

-Մեր նվագախումբը շատ վատ վիճակում էր: Նախ՝ թատրոնը միայն նվագախումբը չի. թատրոնը դա երգչախումբն է, թատրոնը մենակատարներն են ու խաղացանկը, որը վերջին հինգ տարում չէր թարմացվել եւ ոչ մի ներկայացում չէր բեմադրվել: Դա արդեն բավական է, որ թատրոնը սկսի մեռնել ու չաշխատել: Մինչդեռ թատրոնն այդքան գումարներ էր ստանում եւ մանավանդ վերջին շրջանում բավականին բարձրացվեցին աշխատավարձերն ու հավելավճարները: Արդյունքում նվագախումբն էլ իր ֆունկցիաները կորցրեց, մոռացավ, որ նա էլ օպերային թատրոնի մի մասն է եւ ոչ թե ինչ-որ մեկի սեփականությունը, որպեսզի ինչ ուզեն, դա էլ անեն:

Այսօր ես տեսնում եմ, որ խոսակցություններ են տարվում ու Սերգեյ Սմբատյանի անունն է շահարկվում, նաեւ վստահ ինչ-որ ձայներ են լսվում, թե ես արդեն պայմանավորվել եմ ու ամեն ինչ արվում է, որպեսզի Սերգեյ Սմբատյանը լինի նվագախմբի գլխավոր դիրիժոր: Հակառակը՝ ես հանեցի այդ պաշտոնը թատրոնից ու բոլորը շատ լավ գիտեին, որ ես ուզում էի ունենալ մի դիրիժոր, որն իտալերեն գիտի, օպերաներ գիտի, որը կարող է պարապի եւ հասցնի ինչ-որ մի մակարդակի մեր թատրոնը, որտեղ երգիչները կհասկանան ինչ են անում, նվագախումբն էլ կհասկանա, թե ինչպես է նվագում: Եվ դա մի երկու-երեք ներկայացումով այնպես ապացուցվեց: Իսկապես նվագախմբում շատ վատ վիճակ էր: Բայց ես անպայման կհասցնեմ այն վիճակին, որը ես կարծում եմ ճիշտ է. օպերային թատրոնի նվագախումբը պետք է հենց մեր թատրոնինը լինի, թատրոնին ծառայի եւ ոչ թե որոշ մարդկանց ամբիցիաներին:

-Ձեր կարծիքով այդ հրապարակումները ուղղորդվա՞ծ են:

-Իհարկե: Այստեղ ուղղակի պաշտոնի խնդիր է, իսկ ես չեմ ուզում, որ դիրիժորի պաշտոնը հիմա լինի: Համենայնդեպս, երեւի մեկ-երկու տարի նվագախումբը գլխավոր դիրիժորի պաշտոն չի ունենա: Ես չեմ ուզում, որովհետեւ գլխավոր դիրիժորը տիրոջ կարգավիճակ էր ստացել, ու մի ձեւ էին գտել, համարենք դա բարեկամություն, յուրայիններ, բայց մարդկանց այդ մի մասը միշտ ստանում էր ավել փողեր՝ ֆոնդի միջոցով եւ այլ ճանապարհներով: Դա, բայց կաշառքի մի միջոց էր, որը կոլեկտիվին բաժանում է մի քանի մասի ու շատ տգեղ մթնոլորտ էր ձեւավորվում թատրոնում: Խրախուսում, անշուշտ, պետք է լինի, բայց պետք է լինի լավ աշխատանքի համար եւ ոչ թե յուրայինների համար: Մարդիկ պետք է հասկանան, որ թատրոնում նման երեւույթներ չեն կարող լինել, որովհետեւ թատրոնը պետք է իր գործով զբաղվի եւ ոչ թե նման խարդախություններով: Ես Դուրյանի պես մարդուն, դիրիժորին հանեցի այդ պաշտոնից եւ նշանակեցի երիտասարդ Կարեն Դուրգարյանին:

Պատկերացրեք, թե ես ինչքան էի ուզում, որ նա լինի, ես սիրում եմ, որ երիտասարդներին հնարավորություն են տալիս աճելու: Աճեցիր, բայց դա չի նշանակում, որ դու ամբողջ կյանքում պետք է լինես այդ պաշտոնին, ի վերջո ցմահ չես: Առհասարակ, նման նվագախմբեր չկան, պայմանագրերը սովորաբար հինգ տարի ժամանակով են կնքում եւ դրանից հետո գնում են ուրիշ թատրոն, մարդ պետք է փոխի իր տեղը: Բայց այսօր ինչո՞ւ են կարծում, որ մյուս երիտասարդները չպետք է աշխատեն, չպետք է զարգանան:

-Խոսքը Կարեն Դուրգարյանի եւ Էդուարդ Թոփչյանի մասի՞ն է:

-Անուններ չեմ տա, բայց բոլորն էլ գիտեն, թե ում մասին է խոսքը: Առաջ այդ մարդիկ իրար դեմ էին, հիմա միացել են ու նման բաներ են գրել տալիս: Ամենակարեւորը, կրկնեմ նորից. դեռ ծրագրերում չկա, որ Սերգեյ Սմբատյանը լինի թատրոնի նվագախմբի դիրիժոր, թեեւ ես դա շատ կցանկանայի:

-Իսկ ինչո՞ւ է հրաժարվել:

-Որովհետեւ տեսնում է, թե ինչ իրավիճակ է թատրոնում, կեղտի մեջ ոչ ոք չի ուզում ընկնի ու առավել եւս՝ աշխատի: Դրա համար ես նոր կանոնադրություն ստեղծեցի, որ գլխավոր դիրիժոր չլինի, որ չլինի մի մարդ, որը ղեկավարում է մյուս դիրիժորներով, պետք չէ: Ամենքը կանեն իրենց աշխատանքը, ես էլ, փառք Աստծո, հասկանում եմ այդ գործից եւ ամեն վայրկյան կարող եմ եւ սխալը, եւ ճիշտը բացատրել: Ես կհասցնեմ նվագախումբը նրան, որ այն դառնա իսկական օպերային թատրոնի նվագախումբ: Օպերան իր աշխատանքն ունի, որը պետք է կատարի. հետագայում կտեսնենք՝ ինչ կլինի:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031