Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հանրապետությունը «եռում է», լիցքաթափել է պետք». Գուսան Հայկազուն

Օգոստոս 01,2016 21:51

«Չգիտեմ՝ մեր պատմության մեջ եղե՞լ է նման դեպք, որ ժողովուրդն այդքան ատի իշխանությանը, իշխանությունն էլ՝ ժողովրդին: Երեւի չի եղել: Ո՞ւր հասցրինք, որ նման անդունդ ստեղծվեց: Իսկ այդ ոստիկանները… ահավոր վիճակ էր. նրանք, հավանաբար, հատուկ դաժանության դասեր են անցնում: Այդքան ոստիկան, այդքան զինված, այդքան ժողովրդին… կարծես թե իրենք ոչ ծնող ունեին, ոչ երեխա: Շատ մեծ անդունդ է ստեղծված, ու դրանով չի ավարտվելու: Եթե նույն վիճակն է մնալու, ուրեմն վաղը ո՞վ գիտի՝ մի ուրիշ տեղ ինչ ակցիա է լինելու: Այսինքն՝ մեր հանրապետությունը «եռում է». լիցքաթափել է պետք, իսկ դրա հնարավորությունները կան»,- «Երկու երես» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայկազունք» համույթի գեղարվեստական ղեկավար Գուսան Հայկազունը:

Նրա ձեւակերպմամբ՝ երբ ընտանիքում անախորժություն է լինում, տան տղամարդը փայտը չի վերցնում ու սրա-նրա գլուխը ջարդելով հարց լուծում: Նա փորձում է խաղաղ ձեւով հաշտության հասնել:

«Նույն կերպ էլ ազգային շահը վեր դասելով անձնական շահերից՝ անմիջապես կարող են անցնել այս վիճակը լիցքաթափելու գործին: Հակառակ դեպքում ավելի վատ բաներ ենք մենք տեսնելու: Ազգը, պատմությունը կներեն նրանց, եթե մի կողմ թողնեն նեղ անձնական, իշխանական շահերը եւ ձեռնամուխ լինեն երկրի վիճակի կարգավորմանը»,- նշեց Գուսան Հայկազունը:

«Ոստիկանական հարձակումները, դաժան ծեծը եւ ընդհանրապես այն ամենը, ինչ այս օրերին տեսանք, սարսափելի բան էր հայերիս համար,- հավելեց բնապահպան Սիլվա Ադամյանը.– այնտեղ երեխաներ են տուժել, լրագրողներ: Վերջին մի քանի տարվա ընթացքում նման բռնություն հանրության, լրատվամիջոցների նկատմամբ չի եղել: Աշխարհով մեկ խայտառակ եղանք: Սա մեր կառավարության խայտառակությունն էր, որն արդեն ի զորու չէ երկիրը պահելու: Ոչ մի արձագանք չտեսանք ո´չ վարչապետի, ո´չ նախագահի կողմից: Բա դուք երկրի ղեկավարներ եք, որտե՞ղ էիք, երբ այս ալիքը բարձրանում էր, ինչո՞ւ որեւէ խոսք ձեր ժողովրդին չուղղեցիք, որեւէ բան չասացիք»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031