Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց գերատեսչությունների ղեկավարներին:
Վարչապետը հանձնարարեց փոփոխություններ կատարել քրեական օրենսգրքում՝ հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումներից չարամտորեն խուսափելու համար հանցակազմի հստակեցմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունը: Ըստ Կարապետյանի, այս փոփոխությունն ուղղված է Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը
Կարեն Կարապետյանն իրավապահ մարմիններին առաջարկեց ՝«Հանցավորության դեմ պայքարի լիազորությունն իրականացնելիս հնարավորինս խուսափել միջամտել տնտեսվարող սուբյեկտների գործերում, իսկ վերջիններիս նկատմամբ բիզնես խարխլող կամ վատթարացնող միջոցներ ձեռնարկել միմիայն ծայրահեղ դեպքերում»:
Վարչապետի մյուս հանձնարարականն ուղղված է հանրապետական մի շարք գործադիր մարմիններն եւ մարզպետներին: Ըստ այդմ, «Հիսուն տոկոս եւ ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով ընկերությունների տնօրեններին, որտեղ պետական մարմինն իրականացնում է բաժնետոմսերի կառավարումը, երկու շաբաթում կազմել այս տարվա գործարար ծրագրերը»: Վարչապետը նաեւ շեշտեց, որ այդ ծրագրերում պետք է ներառված լինեն ընկերությունների եկամուտները, ծախսերի նախահաշիվը, մաշվածությունը, աշխատավարձի չափը, վարչական եւ այլ ծախսեր, հարկերն ու այլ վճարումները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ