Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը` աղմուկ հանած արձանի էսքիզի մասին. «Թափանցիկության հետ կապված խնդիրներ են եղել» (Տեսանյութ)

Փետրվար 05,2018 14:47

Փետրվարի 5-ին «Տեսակետ» մամուլի ակումբում «Ելք» խմբակցությունից ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը և Նկարիչների միջազգային միության անդամ Սուրեն Խորենյանը խոսեցին Արամ Մանուկյանի՝ համացանցում մեծ աղմուկ բարձրացրած արձանի էսքիզի շուրջ, որի հեղինակն է Դավիթ Մինասյանը:

«Որոշ առումով մրցույթի թափանցիկության հետ կապված խնդիրներ են եղել, եւ հանձնաժողովի որոշ անդամներ ասացին, որ այդ տարբերակը չեն ընտրել, օրինակ, Հաղթանակ Շահումյանն ասաց, որ մասնակցել է բոլոր նիստերին, սակայն այդ տարբերակը չի եղել, կամ Անուշ Տեր-Մինասյանը, նույնպես հանձնաժողովի անդամ, ասաց, որ երկրորդ փուլով են այս տարբերակն անցկացրել: Ընդ որում, իմ տեղեկություններով, այնտեղ եղել են մարդիկ, որոնք շատ լուրջ լոբբինգ են արել, որ Դավիթ Մինասյանի աշխատանքն անցնի»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա նաեւ այլ աշխատանքների էսքիզներ ցուցադրեց:

«Փետրվարի 1-ին կայացել է հանձնաժողովի նիստը եւ շնորհիվ ՀՀԿ-ական մեծամասնության, հիմա այս նախագիծը դրական եզրակացությամբ գնալու է ավագանու նիստ, որը կայանալու է փետրվարի 13-ին: Բուռն քննարկում է եղել նախագծի հետ կապված»,-հավելեց ավագանու անդամը:

Արայիկ Հարությունյանի ձեւակերպմամբ, քաղաքապետարանը փորձում է պատասխանատվությունն իր վրայից բարդել ինչ-որ մի տեղ, որպեսզի չպատասխանի այն հարցին, թե ինչպես է այս տարբերակը հայտնվել ավագանու քննարկմանը:

«Ես անձամբ դեմ եմ քվեարկել այս տարբերակին, հիմնականում ՀՀԿ-ական մեծամասնության շնորհիվ է այս տարբերակն անցել, քաղաքապետարանից տարբեր ԶԼՄ-ներին մեկնաբանություններ են եղել, թե սրա շնորհիվ «Ելք» խմբակցությունը եւ նրա անդամները փորձում են ինքնագովազդ անել: Հարգելիներս, Երեւան քաղաքում, տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքով, ավագանու անդամի լիազորությունների մեջ է մտնում տեղեկացնել Երեւանի բնակիչներին, թե ինչ է քննարկվում, ինչ նախագծեր կան եւ ինչ փոփոխություններ են տեղի ունենում»,-շեշտեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

Սուրեն Խորենյանը օրինակներ բերեց Երեւան քաղաքի պատմությունից, որ, օրինակ, Երվանդ Քոչարի Սասունցի Դավիթ ձիարձանը մինչեւ հիմա պետության կողմից ընդունված չէ, իսկ վարպետի` Վարդան Մամիկոնյանին «շաքարաքլոր» պիտակն են տվել, բայց երկու գործերն էլ, նրա ձեւակերպմամբ, հիանալի աշխատանքներ են, վարպետի արած վարպետ գործեր:

«Ես որպես արվեստագետ հակված չեմ, որ արվեստի գործերը քննարկվեն ժողովրդի, այսինքն՝ ոչ մասնագետների կողմից»,-նշեց արվեստագետը, հավելեց նաեւ, որ ժամանակին Էյֆելյան աշտարակը եւս սրերով է ընդունվել, սակայն այսօր Փարիզի խորհրդանիշներից է:

Մանրամասները` տեսանյութում:

Սուրեն Խորենյանը նաեւ նշեց, որ Արամ Մանուկյանի կերպարը շատ գեղանկարչական է, եւ քանդակագործը կամ նկարիչը կարող են, իր ձեւակերպմամբ, զիլ գործ ստեղծել. «Կարող են այնպիսի գործ ստեղծել, որ համայն հայության պարծանքը դառնա: Արամ Մանուկյանի կերպարը նպաստում է դրան: Թե չէ կան մարդիկ, որ հանճար են, բայց կերպար չունեն»:

Նա նաեւ փաստեց, որ ցանկացած էսքիզ ու աշխատանք ենթակա են կատարելագործման եւ ինքը հույս ունի, որ նույնը տեղի կունենա Արամ Մանուկյանի պարագայում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728