Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը խոսում է աղքատության, արտագաղթի մասին ու ապացույցներ բերում, որ մարդիկ ավանդ են դնում, ուստի փող ունեն

Ապրիլ 17,2018 13:36

ԱԺ-ում Սերժ Սարգսյանի վարչապետության հարցն է քննարկվում: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հարցրեց նրան՝ «Դուք իսկապես հարուստ կենսագրություն ունեք եւ հատկապես մեծ է ձեր ներդրումը արցախյան ազատամարտի, հայրենիքի պաշտպանության հարցում, բայց երկրի անվտանգությունը միայն պետության սահմանների անվտանգությամբ չի սահմանափակվում, կա իրավական անվտանգության խնդիր, տնտեսական անվտանգության, սոցիալական անվտանգության խնդիր, քաղաքական-հասարակական անվտանգության խնդիր: Իսկ այն, որ այսօր սոցիալական անվտանգության վիճակը գովելի չէ, դրա վառ ապացույցը աղքատության բարձր մակարդակն է, որ ունենք ժողովրդագրական անվտանգության խնդիր, դրա վառ ապացույցը շարունակվող արտագաղթն ու ծերացող հասարակությունն է, որ ունենք տնտեսական անվտանգության խնդիր, դրա վառ ապացույցը այսօր կեղեքիչ հարկային քաղաքականությունն է, որ ունենք քաղաքական-հասարակական անվտանգության խնդիր, դրա վառ ապացույցը ընդամենը 200 մետր այն կողմ ընդվզող հասարակությունն է, իրավական անվտանգության խնդիր ունենք, քանզի բոլորն էլ գիտեն, որ այսօր արդարադատության համակարգը մեղմ ասած մխիթարելի վիճակում չէ»: Նա հարցրեց՝ եթե ձեր պաշտոնավարման 10 տարիներին այս խնդիրները կան, ո՞րն է այն ողջամիտ երաշխիքը, որ գերվարչապետական լիազորություններով օժտված լինելու դեպքում դուք կարող եք հաջողություն ունենալ նշված ոլորտներում:

Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, ես այստեղ չեմ կարող հայտարարել, որ տեսանելի ապագայում այն բոլոր խնդիրները, որ դուք նշեցիք, իսպառ վերացվելու են մեր երկրից եւ մեր երկիրը մի քիչ հեռվից նմանվելու է դրախտի: Այո, դուք ճիշտ եք բնութագրում, որ անվտանգությունը միայն արտաքին ուժերի կողմից նետած մարտահրավերների կանխումը չէ, նաեւ տնտեսական, սոցիալական է եւ այլն: Եվ այս պրոբլեմների առկայությունն է մեզ բերել սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու»:

Սերժ Սարգսյանն ասաց, որ «այո, մեր արնահոսող վերքը արտագաղթն է, որը թեեւ միայն ՀՀ-ին չէ բնորոշ: Բնորոշ է ոչ միայն նախկին խորհրդային երկրներին, արեւելյան Եվրոպային, այլ նույնիսկ Արեւմտյան Եվրոպային: Ուղղակի մեր պարագայում, քանի որ քիչ ենք, դա շատ ցավոտ է անդրադառնում»:

Նա ասաց, որ մեր ներուժը կարող է հասնել մի այնպիսի կետի, երբ բավարար չլինի ապահովել նույնիսկ մեր սահմանների պաշտպանությունը եւ սա մեր հակառակորդների նպատակադրումն ու ցանկությունն է նաեւ. «Ես ուղղակի ուզում եմ մի քանի կետերով ասել, թե ինչի է հասել ՀՀ-ն այս 10-11 տարիների ընթացքում, որպեսզի կարողանանք ճիշտ պատկերացում կազմել, նաեւ այն պատճառով, որ մեր ընդդիմախոսները մշտապես խոսում են այն մասին, որ ՀՀ տնտեսությունը կրճատվել է, ամբողջովին ձախողվելու է եւ այլն: ՀՆԱ-ն 2007-ին 2 տրիլիոն 656 հազար դրամ էր, 2017-ի ավարտին 5 տրիլիոն 580 մլրդ դրամ է: Մեր ՀՆԱ-ն աճել է 2.1 անգամ: Մեր ՀՆԱ-ն դոլարով 6 մլրդ 385 մլն դոլար էր, այժմ 11 մլրդ, 568 մլն դոլար»:

Սերժ Սարգսյանն ասաց, որ կարող է բազմաթիվ ցուցանիշներ ասել, բայց մի ցուցանիշ հատուկ է ուզում ընդգծել՝ 2007-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ առեւտրային բանկերում եղել են դրամական ավանդներ ֆիզիկական անձանց կողմից՝ 143.6 մլրդ դրամ, 2018-ի հունվարի 1-ի դրությամբ՝ 1 տրիլիոն 553 մլրդ դրամ է կազմում, այսինքն, մեր քաղաքացիների խնայողությունները 10 անգամ ավելացել են. «Որպեսզի չխոսեն նրա մասին, որ այս երկրում միայն հարուստներն են փող պահում կամ ավանդ դնում բանկերում, նշեմ, որ այդ 1 տրիլիոն 553 մլրդ դրամի ավանդների ճնշող մեծամասնությունը մինչեւ 7 մլն դրամ ավանդներն են: ՀՀ 1 մլն քաղաքացի ունի ավանդ: Սրանք թվեր են, որոնցից չենք կարող խուսափել»:

Սերժ Սարգսյանը նաեւ անդրադարձավ ՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաների թվին՝ 2007-ից մինչ հիմա կրկնակի ավելացել են: 2018-ի առաջին եռամսյակում նույնիսկ եռապատկվել է ներմուծված ավտոմեքենաների թիվը՝ նախորդ տարվա համեմատ ու դա, ըստ Սերժ Սարգսյանի, խոսում է կենսամակարդակի մասին:

Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց՝ «Եթե իսկապես դա այդպես է, ապա ինչո՞ւ է շարունակվում արտագաղթը կամ ձեր բերած օրինակում ավտոմեքենաները, որ շատացել են, իմ խորին համոզմամբ, նույն մարդուն պատկանող մեքենաների քանակն է շատացել: Եվ եթե այդ թվերն իսկապես իրական են, ապա ինչու է մի քանի մասնագիտություն ունեցող մասնագետը տոնավաճառում շոր վաճառում»:

Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Նախ, խնդրում եմ հավատալ այն թվերին ու հայտարարություններին, որոնք հնչում են իմ շուրթերից: Ես իրավունք չունեմ չստուգված թվեր հայտարարելու, սա՝ մեկ, երկրորդը՝ իմ բոլոր հնչեցրած թվերի հիմքը ՀՀ վիճպետկոմիտեի թվերն են»:

Իսկ թե ինչու է արտագաղթը շարունակվում, ըստ Սերժ Սարգսյանի, այդ թվերը դեռեւս չեն բերել այն հանգամանքին, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրեն համարի բարեկեցիկ ապրող:

Սերժ Սարգսյանն ասաց, որ եթե ժողովրդագրական եւ այլ խնդիրները չտեսնեին, մինչեւ 2040-ը ծրագիր չէին կազմի, դրա արդյունքը, ըստ նրա, կտեսնեն Գեւորգ Պետրոսյանի զավակները. «Մենք չենք տեսնի, ես, օրինակ, 2040-ինը չեմ տեսնի, մեր զավակները կտեսնեն, դուք երիտասարդ եք, կարող եք տեսնել, հավատացեք, մեր երկիրը շատ նորմալ առաջ կգնա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30