Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Սահակյան. «Ես ոչ մեկին չեմ հարում, ես արվեստին եմ հարում…»

Օգոստոս 08,1995 16:30

– Նախ եւ առաջ մի անհամեստ հարց. ի՞նչ կարծիքի եք «Առավոտի» մասին։

– Բավականին դրական, իսկ առավոտ հասկացության մասին դեռեւս ժամանակին Վիսոցկին ասել է. «Да и утром все не так, все не так как надо…»:

– Իսկ ձեր «Ոզնինե՞ր» թատրոնի մասին։

– Մենք ունենք նոր ներկայացում, որը կոչվում է «Հոռի կյանք», ինչպես նաեւ հեռուստաշոուների շարք, որոնք նախատեսված էր ներկայացնել սեպտեմբերին, բայց ամենայն հավանականությամբ, կմնան… փշալարերից կախված։

– Ինչո՞ւ եք այդչափ հոռետեսորեն տրամադրված.

– Ինչպես ասում են՝ «Հոռետեսը լավ տեղեկացված լավատեսն է»։ Ես նրանցից չեմ, որ ասեմ, թե կոմունիստների ժամանակ ամեն ինչ լավ էր եւ նման այլ բաներ: Պարզապես այն ժամանակ աշխարհի առաջ խայտառակ չլինելու համար համայնավարները ձեւականորեն «նեցուկ» էին կանգնում արվեստին։

– Բայց չէ՞ որ այն ժամանակ ե՛ւ թատրոն կար, ե՛ւ կինո ե՛ւ, որ ամենակարեւորն է, գրականություն ու գիրք կարդացողներ։

– Այո՛։ Բայց եկեք չմոռանանք, որ այն ժամանակ տասնյակ ֆիլմեր մնում էին դարակներում բանտարկված, իսկ հազարավոր քաղբանտարկյալներ տանջամահ էին լինում կալանավայրերում։

– Իսկ ի՞նչն է խանգարում ձեր թատրոնին այսօր։ Չէ՞ որ ձեր թատրոնը բավականին հայտնի է իր բազում ուրախ ներկայացումներով, հեռուստակատակերգություններով։

– Եթե ես վաճառեի ծխախոտ եւ «Սնիքերս», գուցե մեր թատրոնի դերասանները ինչ-որ կերպ բեմ բարձրանային։ Բայց, երբ մեր դերասանները կամ երգիչները նյութական ծանր կացության պատճառով ստիպված հեռանում են ուրիշ երկրներ եւ այնտեղ դառնում… չարչիներ, ինչպես Լոս Անջելես գաղթած մեր արտիստները, ի՞նչ կարող ես ասել այդ ժամանակ։

– Ձեր առաջին ֆիլմում հերոսներից մեկն ասում է. «Հայ ե՞ս, ախպեր.. Կայֆ ա՞, չէ՞»: Ի՞նչ եք կարծում, իսկ ի՞նչ կասեր նա հիմա:

– Կարծում եմ, որ կասեր. «Եղել են ժամանակներ, որ հայ լինելը կայֆ է եղել, իսկ հիմա կայֆ է միայն բենզին կամ ամեն տեսակի թուրքական գարշանք ծախելը…»։

– Իսկ ձեր մեկ այլ ֆիլմում ասվում էր. «Մենք՝ հայերս միլիոնով «բռակ» ենք տվել…»։

– Ես դա կապում եմ քաղաքը միլիոնանոց դարձնելու տխմարագույն նպատակի հետ, բռակների քանակը համարյա թե հասավ միլիոնի, իսկ բերանները ծռվեցին ինքնըստինքյան, այնինչ՝ անհրաժեշտ էր այդ հարցը լուծել… «բռունցքներով»։

– Ամենուրեք վաճառվում է «Հավաքածո՝ Ոզնիներից» տեսաժապավենը։ Այնտեղ կան հատվածներ ձեր նկարահանած հին ու նոր ֆիլմերից, ինչպես նաեւ դեռեւս անծանոթ համարներ: Ծաղրվում են նաեւ նախկին խորհրդարանի կերպարները:

– Գիտե՞ք, իհարկե, կան պատշաճ պատգամավորներ (տեսել եմ ֆրանսիական հեռուստատեսությամբ, երբ մեր թատրոնը հյուրախաղերի էր մեկնել Ֆրանսիա), բայց մերոնք մի տեսակ… ի՞նչ ասեմ… ա՛խր նրանց մեծամասնությունը հոգնակին եզակիից չի տարբերում։ Եվ հետո բոլոր ողջամիտ մարդկանց կարծիքով նմանակումից եւ հումորից վիրավորվում են միայն ուղեղային հյուծախտով տառապողները։ Այդ կարծիքին է նաեւ իմ հայրը։

– Դուք ձեր ֆիլմերում չեք խնայում նաեւ նրան՝ Արամայիս Սահակյանին:

– Հայրս Գլխավոր Ոզնի լինելու պատճառով այլեւս չդիմացավ անգլուխ ձիավորների շրջապատում շարունակ նստելուց։ Խոսքս, իհարկե, ոչ բոլորին է վերաբերում։ Ի դեպ, հորս նոր գիրքը՝ «Խաչ եւ սուր»-ը սուր եւ զարմանալի գիրք է։

– Դուք ընդդիմությա՞նն եք հարում, թե՞ …

– Ես ոչ ընդդիմությանն եմ հարում, ոչ էլ մյուսներին։ Ես ոչ մեկին չեմ հարում, ես արվեստին եմ հարում։ Գնահատում եմ մարդկանց, այդ թվում նաեւ պաշտոնյաների, որոնց համար կարետրագույն նշանակություն ունի մշակույթը։ Այդ մասին օրերս գրեցի «Լրագիր» օրաթերթում։

– Կրկին վերադառնանք ձեր թատրոնին, ի՞նչ է անհրաժեշտ որ «Ոզնիները» բեմ բարձրացնեն նոր ներկայացում ու եթեր տան հեռուստաշոուներ։

– Շատերին է հայտնի, որ մասնակի օգնություններից բացի, մենք երբեք հովանավորներ չենք ունեցել։ Բայց այս նոր ներկայացումը բավականին ծավալուն է եւ դեկորների պատրաստման ու դահլիճները վարձակալելու համար որոշակի գումար է անհրաժեշտ։ Եթե կան մարդիկ, որոնց համար նշանակություն ունի երգիծական արվեստը, թող զանգահարեն «Ոզնիներին»՝ 52.67.54:

– Հուսանք, որ կգտնվեն այդպիսի անձինք։

– Հուսանք…

– Վերջում, ինչ խոսք, չեմ կարող չանդրադառնալ այն տխուր իրողությանը, որ երեք-չորս օր առաջ, գիշերով անհայտ մարդիկ հարձակվեցին ձեզ վրա եւ խլեցին ձեր նկարահանման կինոխցիկը։ Ի՞նչ կասեք այս մասին։

– Եթե ես իմ կինոխցիկով ուրախացնում եմ մարդկանց, իսկ նրանք գողանում են կինոխցիկը, ուրեմն նրանց միակ տեղն է… բանտախցիկը։

Հարցազրույցը վարեց Սարո ԳՅՈԴԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031