Լրահոս
Օրվա լրահոսը

SILENTIU՞M, թե՞ պատեհապաշտ աղմուկ

Սեպտեմբեր 20,1995 12:52

Ձերբակալված է կաշառակեր մտավորական, եւ հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների պետական վարչության նախկին պետ Տիգրան Հակոբյանի կարծիքով, մեր գիտական վերնախավը պետք է միահամուռ դատապարտի խայտառակված այդ մեկին (տես «Առավոտ», 2 սեպտեմբերի, 1995թ.): Ծանոթ գործելակերպ է։ Հիշեցնում է մեր ընդհանուր անցյալը, երբ ընկածին դատափետում էին բոլորը, որպեսզի փրկեն իրենց կաշին, ի լուր բոլորի հայտարարեն. «Այ, տեսե՛ք, ես լավն եմ, անկաշառ եմ, իսկ նա սրիկայի մեկն է»։ Լավ է. չէ՞, հարմար կեցվածք է։

Մտավորականությունը լռում է, սակայն խոսում եք դուք՝ պրն Հակոբյան, բավական վարպետորեն զգալով, թե որտեղից է փչում քամին։ Դուք այդ զգացողությամբ օժտված եք եղել միշտ, նույնիսկ այն ժամանակ, երբ «Կոմունիստ»-ի թղթակից էիք։ Հարվածն այս անգամ համարյա անվրեպ է, թիրախը՝ հարմար։ Վատ է պաշտպանված։

Երբ մեղադրում եք Հայաստանի հարմարվող մտավորականներին եւ հիշում, որ դրա մասին էլ եք գրել, գոնե հղում արեք, թե ով է ձեզ այդ թեման «հուշել»։ Մեր ազնվագույն դիսիդենտներից մեկն էր ասում, որ խորհրդային բանտում հայ ակադեմիկոս կամ պրոֆեսոր չկար, միայն ուսանողներ էին։ Այստեղ էլ բարեխիղճ չեք։

Այդ հարմարվողներից մեկն էլ, պարզվում է, ինքը՝ Պարույր Սեւակն է:

«Մենք այդպիսի մարդիկ չունենք (այսինքն՝ Սախարով, Սոլժենիցին),- գրում եք դուք,- ուստի եւ միֆ սարքեցինք, ասենք, Պարույր Սեւակին՝ միանգամայն բարեկեցիկ (՞), պետական ավտոմեքենայով եւ առանձնասենյակով Գրողների միության քարտուղարին։ Ժողովուրդը հերոսների պահանջ ունի…»:

Ժողովուրդն ունի հերոսներ եւ կարողանում է ըստ արժանվույն գնահատել նրանց։ Ահա, թե ինչու այդ ժողովուրդը հերոսացրեց Պարույր Սեւակին՝ բանաստեղծ-քաղաքացուն, որին ճակատագիրը մի քիչ խնայել էր եւ Սիբիր չէր քշել։ Նույն տրամաբանությամբ Չարենցին էլ կարելի է սովորական բոլշեւիկ անվանել, չէ՞ որ 37-ին նրանք էլ տուժեցին։

Այս  պարագայում պետք  է հիշեցնեմ   Պուշկինի   գրածը Բայրոնի մասին. «Он и мал, и мерзок, не так, как вы, иначе!»:

«Նոմենկլատուրային մտավորականությունը կոչված է իշխանություններին ծառայելու։ Բայց նորերին նրա ծառայությունները պետք չեկան»։ Հոդվածի հերթական թեզն է։

Գիտական, բանվորական, չինովնիկական, մանավանդ՝ ժուռնալիստական նոմենկլատուրայի ծառայություններն, իհարկե, պետք են եղել բոլոր իշխանություններին եւ այդ իշխանություններին ընդդիմադիր քիչ թե շատ կարող ուժերին՝ միշտ՝ անհիշելի ժամանակներից մինչեւ մեր օրերը։

Տարբերությունը նախորդ եւ արդի «ծառայողների» միջեւ միայն մեկն է։ Առաջ մեկ կուսակցություն էր, ուրեմն՝ մեկ պատվիրատու։ Հիմա դրանք բազմացել են։ «Ծառայողներն» էլ մերթընդմերթ փոխում են «ճամբարը»։ Ծառայողական կրքոտ հոդվածներ գրելիս միայն պետք է զգույշ լինել, թե չէ արջի ծառայություն կմատուցվի։

«Այսօր 30-ն անց յուրաքանչյուր մարդ դուրս է եկել խորհրդային բաճկոնից»,-նկատում է հոդվածագիրը։- Ուրեմն 30-ն անց յուրաքանչյուր մարդ էլ լավ գիտի խորհրդային կարգերի օրոք եղած-չեղածը։

Հանրահայտ է, որ կաշառքը խոր արմատներ ունի ողջ Միության տարածքում, մարդու գործունեության բոլոր ոլորտներում։ Սովետական քաղաքացիները խախտում էին օրենքը յուրաքանչյուր պահի. Երբ այդ հնարավորությունը նրանց ընձեռվում էր։ Մեծ մասն այդ անում էր ստիպված, չէ՞ որ աշխատավարձով ապրելը շատ դժվար էր։ Մեր երանավետ հիշողությունը մեկ-մեկ դրախտի է վերածում լճացման շրջանը, երբ այս բոլոր երեւույթներն արդեն չգրված օրենք էին։ Հետսովետական շրջանի ճգնաժամն օբյեկտիվորեն խորացրեց տնտեսական հակասությունները: Հասարակարգ է փոխվում, եւ հեղափոխական փոփոխությունները նաեւ հիվանդագին արձագանքներ են ծնում։ Հայաստանի տնտեսության ազատականացումն ինքնըստինքյան դժվարագույն գործընթաց ՛է։ Այսքան ծանր խնդիրներ լուծելիս, իհարկե, սխալներն անխուսափելի են։ Հասարակությունը, սակայն, թանկ է վճարելու հատկապես կրթության ոլորտում թույլ տված սխալների համար։

Այո՛, ապագայում մեզ կիրթ սերունդ է պետք։ Դրա համար էլ,  երեւի  նոր  իշխանության առաջին   կառավարությունը կանխավ «կենտրոնացրեց»

ընդունելության  քննությունները։  Կենտրոնացրեց,  որպեսզի կաշառքները բացառի կամ, գոնե, հասցնի նվազագույնի։ Սակայն   ստացվեց հակառակը։ Այս տարի էլ որոշեցին «ապակենտրոնացնել» հայոց  լեզվի քննությունը,   բուհերից  այն հանձնել   դպրոցներին։   Ի՞նչ եղավ։ Կաշառակերության

ոլորտն ընդլայնվեց, եւ դրան գումարվեց մասնագիտական անկարողությունը։ Ուսումնասիրելու փաստեր են, չէ՞։ Իսկ թե հետո, ընդունելությունից հետո ի՞նչ է լինելու, այստեղ արդեն կմտածեն բուհերը։

3-4 դոլարի համարժեքով աշխատավարձ ստացող «նոմենկլատուրային» դասախոսը, ըստ հոդվածագրի, պետք է մտածի միայն հոգեւոր արժեքների եւ գիտական մակարդակի մասին։ Պետությունն այլեւս փիլիսոփայական-գաղափարական ձեռնարկներ չի ֆինանսավորում։ Բնական է։ Բայց բուհում եւ դպրոցում նույնիսկ սովորական դասագրքեր չկան։ Նոր դասագրքեր են պետք, ուսման նոր ձեւեր, իսկ սրա համար միջոցներ են պետք։ Բուհի դասախոսն այս ամենը հասկանում է, եւ դասավանդման ընթացքում գիտելիք հաղորդելու հաճախ միայն մեկ միջոց է գտնում՝ դասախոսություն, որ պարտավոր են գրառել ուսանողները։ Սրանք ի՞նչ են, «մանր» խնդիրներ են։ Երեւի նույնպիսի «մանր» խնդիր է դպրոցական դասագրքերի բլեյանական բարեփոխումը։ Իսկ մեր հասարակության համար սա հերթական սոցիալական աղետն է։ «Ո՞րն է չարյաց փոքրագույնը, երբ դպրոցը դասագրքերի պակա՞ս է զգում, թե՞ երբ կաշառակերությունն է ծաղկում։- ֊Հարցնում է Տ. Հակոբյանը եւ անմիջապես նկատում,- դասախոսական կազմը (՞) սուր արձագանքել է միայն առաջինին»։ Այո՛, պրն Հակոբյա՛ն, չի արձագանքում երկրորդին, որովհետեւ ինչպես Իտալիայում, այնպես էլ Հայաստանում կաշառքը լափում է «պետական ապարատը, իրավապահ մարմինները, արդարադատության համակարգը», «տալու-առնելու» պրոբլեմին առնչվում ենք յուրաքանչյուր քայլափոխի։ Բայց ահա «նույն Իտալիայում գրեթե ամեն շաբաթ մեծ աղմուկ է բարձրանում, երբ այս կամ այն պաշտոնատար անձը կամ պատգամավորը մեղադրվում է կաշառակերության կամ միլիարդավոր գումարների հասնող դրամական խարդախությունների մեջ։ Իսկ որ ուսուցիչը փող է վերցնում աշակերտից, չեն գրում… Չկա»,- հաստատում է հոդվածը։ Չգիտեմ՝ ինչպես է Իտալիայում, բայց մերոնք վերջերս գրում են միայն կաշառակեր-վարժապետների մասին, իսկ չինովնիկների, լրագրողների, ոստիկանների, դատավորների մասին չեն գրում, ուրեմն՝ չկա՞…

«Երկաթյա տրամաբանություն» ունեցող այս հոդվածն ավարտվում է, ինչպես ընդունված է, բարոյախոսությամբ։ Այստեղ ինտելեկտուալ վերնախավին (մի լավ հայհոյելուց հետո) առաջարկվում է հիշել իր պարտականությունը՝ դաստիարակել մատաղ սերունդը եւ անկաշառ լինել։ Եվ ձեռք չմեկնել անվանարկված ընկերոջը։

Օգտվենք առիթից եւ հիշեցնենք, որ երբ առաջարկներ ենք անում, նախ պետք է լա՛վ մտածենք։ Երբ դատապարտող հոդվածներ ենք գրում եւ առաջարկում նախորդ ռեժիմին ծառայածների զտում անցկացնել, պետք է նաեւ հիշենք նույն այդ ռեժիմի առաջին քայլերը։ Չէ՞ որ բոլշեւիկները քանդեցին Ռուսաստանի գիտական ու կրթական համակարգը, ժամանակակիցներն ցայսօր զգում են դրա հետեւանքները։ Եվ գուցե հարկ չկա՞ հիմնահատակ քանդել, քանի դեռ չես կարող ավելի լավ կառույց ստեղծել։ Գուցե պատճառաբանված Silentium-ը գերադասելի՞ է պատեհապաշտ աղմուկից։

Մարիամ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930