Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգանքի ու անարգանքի խաչմերուկ

Հոկտեմբեր 20,1995 14:02

Վարդգես Պետրոսյանի այրին՝ Սոնա Տիգրանյանը պատասխանում է մեր թերթի հարցերին

– Վարդգես Պետրոսյանի սպանությանը հաջորդած ընտանեկան տարաձայնությունները վաղուց հանրային սեփականություն են դարձել, հասել մինչեւ դատարան։ Ընդհանուր կարծիքն այն է, որ դուք ցանկանում եք գրողի ավագ դստերը զրկել ժառանգությունից: Միաժամանակ հայտնի է, որ ձեր հարաբերությունները բարյացակամ են եղել: Ի՞նչ է պատահել։ Հիմա դուք գտնում եք, որ նա իր մասն ստացե՞լ է, թե՞ այլեւս արժանի չէ հոր ունեցվածքին։

– Եթե կարճ պատասխանելու լինեմ, այո, ես գտնում եմ, որ Արմինե Պետրոսյանը իրավունք չունի Վ. Պետրոսյանի ժառանգը համարվելու, թեպետ նա հորից ստացել է 2 երկսենյականոց բնակարան  այն  դեպքում,  երբ իմ զավակները միասին ունեն ընդամենը մեկ տուն (53 քմ) Աշտարակում։ Ի դեպ, այդ բնակարաններից մեկի ձեւակերպումն արվել է Վարդգեսի մահից հետո, ժառանգության ժամկետը չլրացած, որը անօրինական է։ Իսկ եթե բացատրություններ եք ուզում, խնդրեմ։ Երբ սպանում են ընտանիքի հորը, այն էլ ոչ սովորական մարդուն, այլ գրողին, ընտանիքը պարտավոր է անել ամեն ինչ, որպեսզի մարդու եւ գրողի անունը ավելորդ շահարկումների առիթ չտա, քանի որ դեպքն ինքն արդեն բերում է ենթադրություններ, վարկածներ հնարավոր պատճառների մասին։ Ի՞նչ պատահեց մեզ հետ։ Մենք՝ ես, որդիս եւ դուստրս, մնացինք մեն-մենակ՝ ահավոր փաստի դիմաց։ Դուստրս ուսանում է Նահանգներում, հայրը ընդամենը երկու շաբաթից մեկնելու էր նրան այցելության։ Որդիս, հայտնի դեպքի կապակցությամբ ազատազրկման մեջ էր։ Ես ու Վարդգեսը մի քանի ամիս առանձին էինք ապրում, սակայն ամուսնալուծություն չեղավ։ Սպանությունը կատարվեց այս իրավիճակում։ Բոլորս ցնցված էինք, բայց հարկավոր էր հանգուցյալի առաջ կատարել ապրողներիս պարտականությունները։ Առաջին ծանրությունն իր վրա վերցրեց պետությունը՝ թաղման արարողությունը։ Վարդգեսը, ինչպես փողոցում սպանվել էր, փողոցից էլ թաղեցին։

Այդ ամբողջ ժամանակ Արմինեն շարունակում էր ինձ բարեկամ մնալ, գոնե առերեւույթ։ Ես նրան հրավիրեցի զրույցի։ Նա հասկացավ, որ ժառանգություն, ըստ էության, չկա։ Կան թալանված երկու տուն, ցավ, պարտքեր, լեգենդ՝ գրողի եւ մարդու շուրջը։ Ահա այդ ժամանակ հայտնվեց նրա մայրը, որից Վարդգեսը բաժանվել էր 30 տարի առաջ։ Նրա անձը իրավաբանորեն ոչինչ չի նշանակում։ Սակայն պետնոտար Շաբոյանը գերազանցեց իր հնարավորությունները, նա շաբաթներ շարունակ ձգձգում էր ձեւակերպումները, առանց իրավաբանական հիմքի։ Ես Արմինեին առաջարկեցի գալ ձեւակերպումների կամ էլ դրամական փոխհատուցում ընդունել։ Բայց նա գերադասեց գնալ դատարան։ Երկու անգամ մերժելուց հետո դատարանը երրորդ անգամ ճանաչեց ժառանգորդի նրա իրավունքները։ Դա կատարվել է կեղծ փաստաթղթերի հիման վրա, ուստի ես վերահսկողական գանգատով դիմել եմ Գերագույն դատարանին, որպեսզի սխալը շտկվի։

– Դուք դիմել եք նաեւ ՀՀ նախագահին՝ ակնկալելով ձեր շահերի պաշտպանությունը: Մի՞թե նա իրեն թույլ կտա ներազդել արդարադատության օղակների վրա

– Նախագահին դիմելը լավ կյանքից չէ, ես հուսալքվեցի, կորցրի հավատս։

– Եթե Գերագույն դատարանը Արմինե Պետրոսյանի ժառանգության իրավունքները վերահաստատի, ի՞նչ քայլերի եք դիմելու։

– Ես իմ տարբերակը վաղուց եմ առաջարկել, սակայն տարիուկես է՝ նա խանգարում է անգամ հոր գերեզմանի շինարարությանը։ Ես եւ զավակներս մեր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անում ենք՝ գրողի հիշատակը կենդանի պահելու համար։ Գերեզմանն արդեն պատրաստ է։ Միակ բանը, որ պահանջելու նման խնդրում ենք իշխանություններից՝ Երեւանում եւ Աշտարակում նրա անունով փողոցներ կոչելն է, մեկ էլ՝ կիսանդրու տեղադրումը ծննդավայրում։ Թե ո՞րն է լինելու Արմինե Պետրոսյանի, իբրեւ Վ.Պետրոսյանի ժառանգի պարտականությունները, ես չգիտեմ։ Ինքն առայժմ միայն սեփական իրավունքներն է պաշտպանում։

– Տիկին Սոնա, Վ. Պետրոսյանի գրական ժառանգության ամբողջականության վերականգնումը ո՞ր փուլում է:

– Նորություններ  չկան։  Հուսով եմ, որ քննության ավարտից հետո իրավապահ մարմինները կվերադարձնեն ժապավենները, տեսաժապավենները եւ անձնական նամակները։ Իսկ վերջին գրքի ձեռագիրն իմ գրասեղանին է։

– Դուք չեք թաքցնում, որ ձեր եւ ձեր ամուսնու հարաբերությունները վերջին տարիներին երկփեղկվել էին։ Ընտանեկան այս քաշքշուկն, արդյո՞ք դրանց արձագանքը չէ:

– Չեմ կարծում, որովհետեւ Արմինե Պետրոսյանը չէր արդարացնում հոր վերջին տարիների պահվածքը։ Ընդհանրապես, նա երբեք բարձր կարծիքի չի եղել հոր մասին։ Նրանց հարաբերությունները ջերմ չէին։ Ավելին, նա միշտ ընդգծում էր, որ ինձ հետ ավելի բարեկամ է, քան հոր։

– Գրողի օջախի հարատեւությունը վտանգվա՞ծ եք գտնում։

– Զավակներս ուսումն ավարտելուց հետո կվերադառնան՝ ապրելու իրենց հայրական տանը։ Հավատում եմ, որ Վարդգես Պետրոսյանի օջախը միշտ կծխա, որովհետեւ այնտեղ կապրի մեր թոռնիկը՝ Վարդգես Սեւակի Պետրոսյանը։

Զրուցեց՝ Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031