Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանութիւնը

Նոյեմբեր 24,1995 10:08

Տպագրելով Էդուարդ Հովհաննիսյանի հոդվածը, ավելորդ չենք համարում նշել, որ այստեղ արտահայտված մտքերը խորապես խորթ են մեր մտածելակերպին։ Սակայն Է. Հովհաննիսյանի մտածելակերպը գոյություն ունի հայ իրականության մեջ, եւ դրա մասին պետք է տեղյակ լինի մեր ընթերցողը։

«ԱՌԱՎՈՏ»

Աւազակախմբերի համար իշխանութիւնը ինքնանպատակ է եւ յեղափոխութիւնը աւարտւում է իշխանութեան գրաւումով։ Յեղափոխականի համար յեղափոխութիւնը նպատակին հասնելու միջոց է եւ նրա համար յեղափոխութիւնը սկսւում է իշխանութեան գրաւումով։ Այս երկու սկզբունքների վրայ յենուելով կարելի է յանգել տարբեր եզրակացութիւնների, կամ քննարկել իշխանութեան ու յեղափոխութեան տարբեր կողմերը, որոնց նկատմամբ մեզ այսօր անհրաժեշտ է յստակ կողմնորոշում։

Սկզբից դիտարկենք այն պարզ տարբերակը, որ ՀՅ Դաշնակցութիւնը ամէն ինչից զզուած կա՛մ սեփական տկարութիւնը ճանաչելով եւ կամ էլ որեւէ այլ պատճառով, հրաժարւում է իշխանութիւնը սեփական երկրում վերցնելուց, այն էլ այն պայմաններում, երբ իշխանութիւնը անցել է մի աւազակախմբի ձեռք, որի համար յեղափոխութիւնը աւարտուած է։ Նախ եւ առաջ սա նշանակում է, որ աւարտուած է յեղափոխութիւնը նաեւ մեզ համար, քանզի մեր յեղափոխութիւնը սկսւում էր իշխանութեան գրաւմամբ։ Եւ ուրեմն, եթէ մենք հրաժարուենք իշխանութիւնը վերցնելուց, դա կը նշանակի հրաժարական յեղափոխութիւնից եւ այլեւս մեր կուսակցութիւնը կարող է կոչուել որեւէ ձեւով, բայց ոչ յեղափոխական կազմակերպութիւն։

Շատերը հէնց այդպես էլ ուզում են, շփոթելով սակայն յեղափոխութիւն հասկացութիւնը յեղաշրջման հետ։ Այո՛, մեր յեղափոխութիւնը նպատակին հասնելու միջոց է, որի համար անհրաժեշտ է իշխանութեան ձեռք բերում։ Մեր յեղափոխութիւնը իշխանութիւնը վերցնելու միջոց չէ, չնայած նրան, որ համապատասխան պայմաններում դա էլ բացառուած չէ։ Եթե մեզ յաջողուի վերցնել իշխանութիւնը խորհրդարանական կամ այլ խաղաղ ճա¬նապարհով, ուրախ կը լինենք եւ ընտրութիւնները շահելուց յետոյ անմիջապէս կը սկսենք մեր յեղափոխութիւնը, որը տեղի կունենա Հայաստանի թէ՛ ներքին, թէ՛ արտաքին եւ թէ տնտեսական քաղաքականութեան մէջ։ Այն, ինչ այսօր կատարւում է Հայաստանում այդ բնագաւառներում, ամբողջովին ծառայում է ուրիշ նպատակների։ Առանց արմատական փոփոխութիւնների, առանց յեղափոխութեան անկարելի է փոփոխութեան ենթարկել երկրի վիճակը, որը կանգնած է կործանման եզրին։

Բայց եթէ մենք տեսնում ենք, որ անկարելի է խաղաղ ճանապարհով վերցնել իշխանութիւնը, այսինքն մենք տեսնում ենք, որ անկարելի է փոխել գոյութիւն ունեցող կացութիւնը ժողովրդավարական ճանապարհով, մենք որպէս յեղափոխական կուսակցութիւն պէտք է դիմենք ոչ խաղաղ ճանապարհի։ Եթէ մենք տեսնում ենք, որ գոյութիւն ունեցող օրէնքները թոյլ չեն տալիս հասնել մեր նպատակներին, մենք ստիպուած պիտի լինենք շրջանցելու այդ օրէնքները։ Սա է մեր յեղափոխութիւնը, որից հրաժարուողը չի կարող դաշնակցական կոչուել։ Տեսնենք թէ ովքեր են մեր հակառակորդները այս հարցում։

Նախ եւ առաջ հակառակորդներ, որոնց հակայեղափոխականութիւնը ո՛չ գաղափարախօսութիւն է, ո՛չ բարոյական սկզբունք եւ ոչ էլ ծախուածութիւն։ Այդ հակառակորդների համար հակայեղափոխութիւնը նկարագիր է, որը կարելի է կոչել վախ՝ ցնցումների առջեւ եւ հանգիստ կեանքի փնտռտուք։ Մեղադրել սրանց որեւէ բանում՝ անիմաստ է, ճիշդ այնպէս, ինչպէս անիմաստ է մեղադրել այն մարդուն, որ երգիչ, նկարիչ կամ գիտնական չէ : Այս հակառակորդների դէմ պայքարելն էլ անիմաստ է, քանզի, ըստ սեփական նկարագրի, նրանք հէնց պայքարից են խուսափում։ Այնուամենայնիւ այս հակառակորդն էլ որոշ վտանգ է ներկայացնում, որովհետեւ իր շրջապատում բացասական կարծիք է ստեղծում յեղափոխականների մասին, ամբողջովին անտեսելով յեղափոխականի նպատակի բարոյականութիւնը։ Սակայն ի՞նչն է միջոցի արդարացումը, եթէ ոչ նպատակը։

Եւ հէնց այստեղ ի յայտ է գալիս ամենալուրջ հակառակորդը, որը առաջ է քաշում այն թէզը, ուր գոյութիւն չունի ո՛չ բացարձակ ճշմարտութիւն, ո՛չ բացարձակ բարոյականութիւն, ո՛չ կրօն, ո՛չ քաղաքակրթութիւն, ո՛չ աւանդոյթ։ Այս բոլորի փոխարէն գոյութիւն ունի միայն ձայների մէծամսանութիւն եւ ամբոխի տրամադրութիւն։ Ինչո՞ւ պիտի յեղափոխականի նպատակը արդարացնի օրէնքի նրա շրջանցումը, կամ օրէնքը փոխելու նրա ձգտումը։ Ի՞նչ իրաւունքով, օրինակ, ՀՅ Դաշնակցութիւնը իր նպատակները համարում է աւելի ընդունելի եւ աւելի բարոյական, քան օրինակ, նախագահ Լեւոն Տէր Պետրոսեւսնի նպատակները։ Ո՞վ է այն դատաւորը, որը կարող է արդարացնել նպատակների մէկը եւ մերժել միւսը։ Եթէ իսկապես գոյութիւն ունի այդպիսի դատաւոր, ապա նրա վերջին խօսքն էլ կարդարացնի այս կամ այն յեղափոխութիւնը։ Միթէ՞ չէր արդարացնի պատմութիւնը Ստալինի կամ Հիթլէրի դէմ ուղղուած յեղափոխութիւնը։ Կամ որքանո՞վ արդարացուեց Ռուսաստանի հակահամայնավարական յեղաշրջումը։ Կրկնում եմ, այս հարցում դատաւոր է պէտք, որը ոչ մէկ դէպքում չի կարող լինել ձայների մեծամասնութիւնը, առաւել եւս եթէ այդ ձայները ձեռք են բերւում սպառնալիքների, կաշառքի եւ բռնութեան ճամբով։ Կա՞ն արդեօք նման դատաւորներ։ Այո կան, ու նրանց մենք շատ լաւ գիտենք։ Դատաւորներից մէկը եւ ամենակարեւորը ազգն է։ Ոչ թէ տուեալ երկրի բնակիչները, այլ ազգը իր բոլոր այն արժեքներով, որոնք ազգը ազգ են պահում։ Ազգի բնազդը, ազգի ձայնը, ազգի ինքնապահպանման բնական ձգտումը հէնց այն դատաւորն է, որը որոշում է ազգի վարքագծի բարոյականութիւնը։ Եթէ ազգի ղեկավարութիւնը կատարում է որեւէ քայլ, որը սպառնում է ազգի գոյությանը, կամ նրա ազգային արժէքներից մէկի անյայտացմանը, ազգային դատաւորը այդ քայլը անմիջապէս դասում է անբարոյական քայլերի շարքին։ Այդ դատաւորը ունի հզօր հակառակորդ, որն է մարդկային արժէքների պաշտպանը, որը համարում է, որ ազգութիւնների կործանումը մեծ կորուստ չէ մարդկութեան համար, ուստի անհրաժէշտ է պաշտպանել ոչ թէ ազգի, այլ՝ մարդու իրաւունքները։ Վարդան-Վասակ՝ այս երկու հայ քաղաքական գործիչների վէճը անցաւ աւելի քան մէկ հազարամեակի միջից եւ մէր օրերին դարձաւ ամենակարեւոր հասարակական հարցը եւ Դաշնակցութեան ու ՀՀՇ-ի բախման գլխաւոր պատճառը։ Ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրը, եթէ ոչ Հայաստանում տիրող ապազգային մթնոլորտի փոփոխութեամբ։ Կարելի՞ է արդեօք այդ մթնոլորտը փոխել ոչ յեղափոխական ճանապարհով։ Եւ ո՞վ պիտի արդարացնի այդ փոփոխութիւնը եթէ ոչ ազգը, որը մեռնել չի ուզում։ Եւ վերջապէս, կարելի՞ է արդեօք դատապարտել մի ազգի, որը սեփական կեանքը պաշտպանելու համար դիմում է զէնքի։

Բոլոր այս հարցերի պատասխանը կարելի է գտնել անհատի եւ ազգի փոխյարաբերութեան փիլիսոփայութեան մէջ։ Ամէն մի անհատ ունի ինքնապահպանման բնազդ, որը գործում է զոհաբերութեան բնազդի հետ զուգահեռաբար, նրանք, ում մէջ ինքնապաշտպանության բնազդը կամ միակն է եւ կամ էլ շատ ուժեղ՝ հասարակութեան համար վտանգաւոր մարդիկ են, որովհետեւ եսամոլութիւնից բացի նրանք ուրիշ հոգեկան արժէքներ չունեն։ Հասարակական գնահատականների համաձայն, նրանք տականքներ են, որոնք միայն պոկում են շրջապատից ու ազգից նրան ոչինչ չտալով։

Նրանք, ում մէջ ինքնապաշտպանութեան բնազդը հաւասարակշռուած է զոհաբերութեան բնազդով, ներդաշնակ մարդիկ են, որոնք կատարում են իրենց թէ՛ հասարակական եւ թէ անհատական պարտականութիւնները։ Բայց կան նաեւ «Փասիոնար» կոչուող անհատներ, որոնց զոհաբերութեան բնազդը գերազանցում է ինքնապաշտպանման բնազդը եւ սրանք են, որ կազմում են ազգի ինքնապահպանման կարողութիւնը։ Այսինքն, որքան ուժեղ է անհատի ինքնապահպանման բնազդը, այնքան աւելի թոյլ է ազգի ինքնապաշտպանութեան կարողութիւնները: Որքան շատ են ազգի ներսում նրա «Փասիոնար» անդամները, այնքան հզօր է ազգը։ Ի՞նչ եզրակացութեան կարելի է յանգել այս փիլիսոփայութիւնից։ Եզրակացութիւնը այն է, որ մենք, ՀՅ Դաշնակցութիւնը, ՀՀՇ-ի կամ անձամբ Լեւոն Տէր Պետրոսեանի բաղդատմամբ ունի բոլորովին այլ նպատակներ։ Այն հարցին, թէ կարելի՞ է ներել թուրքերին Հայ ժողովրդի ազգային ողբերգութիւնը՝ մարդկայնօրէն հանգիստ կեանք ձեռք բերելու համար, մենք պատասխանում ենք՝ ո՛չ, որովհետեւ այդ ներումը կը նշանակի՝ ազգային արժանապատվութեան անկում։

Այն հարցին, թէ կարելի՞ է արդեօք ժողովրդավարական սկզբունքներին տուրք տալու համար լցնել Հայաստանը տարբեր կրօնական աղանդներով, որոնք սպառնում եւ ոչնչացնում են մեր աւանդական ազգային կրօնը, մենք պատասխանում ենք՝ ո՛չ։ Կարելի՞ է արդեօք ինչ որ նաւթամուղ անցկացնելու եւ կամ էլ ամերիկացիներին հաճոյք պատճառելու համար վերադարձնել Ղարաբաղը Ազրպէյճանին։ Մեր պատասխանը յստակ է՝ ո՛չ։

Կարելի՞ է կորցնել Ռուսաստանի եւ Պարսկաստանի պէս դաշնակիցներ՝ ձեռք բերելու համար Թուրքիայի եւ Միացեալ Նահանգների նման դաշնակից՝ կրկին ո՛չ է մեր պատասխանը։ Կարելի՞ է վաճառել ազգային հարստութիւնները սեփական գրպանները լցնելու համար՝ դարձեալ ո՛չ կը պատասխանենք։

Մի խօսքով մենք ո՛չ ենք ասում բոլոր այն հարցերին, որոնց ՀՀՇ-ն գործնականում տալիս է դրական պատասխան։ Ուրեմն ինչպէս կարող ենք չձգտել իշխանութեան՝ յեղափոխականօրէն փոխելու համար Հայաստանի նեխած մթնոլորտը։

Հակահեղափոխականների մէջ կայ նաեւ մէկ ուրիշ հզօր թշնամի։ Սա ուժեղի հոգեբանութիւն ունեցողներն են, որոնք համարում են, որ օրէնքը եւ բարոյականութիւնը թոյլերի համար է, իսկ իրենք՝ ուժեղները կարող են թելադրել սեփական կամքը ուրիշներին եւ պարտադրել այդ ուրիշներին ապրել ուժեղների ցանկութեամբ։ Սրանք իրենց ուժեղութիւնը համարում են բռնութեան արդարացման հանգամանք։ Սրանք ռմբակոծում են ուրիշ երկրներ, ոչնչացնում են ամբողջ ազգեր, փոխում են աշխարհի քարտէսը, բայց ոչ մի դէպքում չեն ուզում ճանաչել ուրիշի յեղափոխութիւն կատարելու իրաւունքը։ Իրենց հակայեղափոխականութիւնը նրանք արդարացնում են շինծու սկզբունքներով, թէ յեղափոխութիւնը ժամանակավրէպ է, որ նա չի համապատասխանում ժամանակակից քաղաքակրթութեանը, որ մեր դարում զէնքի գործածումը առնուազն յետամնացութիւն է եւ այլն։ Ամենազարմանալին այն է, որ այս մասին ճառում են նրանք, ովքեր աշխարհի տարբեր ծայրերում թափել ու շարունակում են թափել ծով արիւն։

Այսպիսով հասարակական յեղափոխութիւն կատարելու համար անհրաժեշտ են պետական լծակները, որի համար անհրաժեշտ է վերցնել իշխանութիւնը։ Այդ յեղափոխութիւնը միանգամայն արդարացուած կը լինի այն դէպքում, եթէ ժողովուրդը հասկանայ նրա անհրաժեշտութիւնը եւ մասնակցի այդ յեղափոխութեանը։ Հրաժարուել իշխանութիւնը ձեռք բերելուց, նշանակում է հրաժարուել Հայ ժողովրդի քաղաքական ճակատագրին մասնակցելուց։ Մէկ բան, որ իրեն չի կարող թոյլ տալ ՀՅ Դաշնակցութիւնը։

Էդուարդ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«ԱԶԴԱԿ» 13 նոյեմբերի, 1995թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930