Լրահոս
Օրվա լրահոսը

ALMA MATER

Դեկտեմբեր 09,1995 20:37
Nikol pashinyan

Կամ ինչո՞ւ է լռում համալսարանը

Այսօր համալսարանում գործում են բազմաթիվ երիտասարդական կազմակերպություններ՝ Երակ, Երիտասարդական Հայաստան, Ուսանողական խորհուրդ, Երթ, Երիտասարդ իրավաբանների միություն եւ այլն։ Այդ կազմակերպությունների կանոնակարգերում անպայման կհանդիպեք ուսանողների շահերին ու իրավունքներին սատար կանգնելու ամպագոռգոռ ձեւակերպումների։ Հեռացվեց ուսանող, իսկ նրանք լռում են (չհաշված 1-2 կիսավախվորած հայտարարությունների): Այս կազմակերպությունները չկարողացան օրենքի սահմաններում կազմակերպել «ընդդիմություն-հակազդեցություն» կամայական ընդունված որոշման դեմ։ Հետկուլիսյան խոսակցություններում նրանք ցածրաձայն ասում են, որ իրենք էլ ուսանող են եւ ապահովագրված չեն նմանատիպ հեռացումներից: Այսպիսի երկատված վիճակներ համալսարանական կյանքը մեկ անգամ չէ, որ ունենում է։ Սեպտեմբերի 9-ը հայտարարվել էր ուսանողի իրավունքների պաշտպանության օր։ Նախատեսվում էր այդ օրը համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց կազմակերպել համերաշխության ու միասնության համերգ, որին պիտի մասնակցեր Ռ. Հախվերդյանը։ Կազմակերպիչներն էին՝ Երակը, Երթը եւ այլն։ Համերգը չեղավ, միջոցառումը տապալվեց, նրանց պարզապես համալսարանի ղեկավարությունը թույլ չտվեց։ Պարզվում է, որ առանց Ուսանողական խորհրդի «համաձայնության եւ որոշման», արգելվում է համալսարանի տարածքում որեւէ միջոցառման անցկացումը։ Ստացվում է, որ մի ուսանողական կազմակերպություն կարող է խոչընդոտել մի այլ կազմակերպության գործունեությունը։ Ոչ մեկը իր իրավունքները առանց պայքարի չի պաշտպանում։ 1988-ին էլ չէին թողնում միտինգ, ցույց անել, այն ժամանակ հեռացումը եւ ավելի լուրջ միջոցների կիրառումը ավելի իրական էին, բայց համալսարանը այն ժամանակ չլռեց։ Ազատամիտ գաղափարները մեծամասամբ ծագում էին նույն բանասիրականի, ժուռնալիստիկայի ֆակուլտետում, այն ժամանակ էլ սաստող, զսպող ուժերը գրեթե նույնն էին, եթե ոչ անձնապես, ապա գոնե՝ ի պաշտոնե։ Բայց ուսանողական զանգվածը կազմակերպվեց ու դրան ոչ ոք չկարողացավ խոչընդոտել։ Եթե 88-ի կոմունիստական մեքենան, իր բոլոր ստորություններով, չկարողացավ ոչինչ անել, ապա այժմ իրադրությունը վերականգնելու համար պայմանները ավելի բարենպաստ են։ Մանավանդ, եթե պայքարը գնում է սեփական իրավունքների համար։ Հիշեցնեմ նաեւ, որ այս նույն ուսանողներից շատերը հուլիսի 5-ի նախօրեին, նախընտրական արշավի ժամանակ, ընտրողների հետ հանդիպումներում «ոգեշնչված» ծափահարում էին իրենց թեկնածու-ռեկտորին։ Նրանցից շատերը «անշահախնդիր» աջակցում էին ավագ համալսարանականին, հաճախ առիթ տալով անցանկալի միջադեպերի։

Վախը մարդկային թերություններից ամենաստորն է, որովհետեւ այն արգելակում է մյուս գաղափարների իրագործումը։ Այսօրվա համալսարանում վախը ամենաառաջադիմական գաղափարն է։ Վախենում են՝ ամեն մեկը իր ձեւով։ Վախենում են հեռացված լինելուց, ազատ մտածելուց, համերգ կազմակերպելուց, ճանաչված ուսանող ունենալուց, չհամաձայնվելուց, ընդունելության քննություններին չմասնակցելուց։

Ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

Քանակական առումով այս ֆակուլտետը թողարկում է տասնյակ ու տասնյակ լրագրողների։ Որակական բնութագիրը առավել ճշգրիտ տվել է Արամ Աբրահամյանը, ըստ որի՝ ժուռնալիստ-ուսանողների մակարդակը չի անցնում «դպրոցական սիլվա-կապուտիկյանական զգացմունքային շարադրություններից»։ Ֆակուլտետը հեռացրեց իր լավագույն ուսանողին, պատճառաբանելով բացակայությունները։ Եթե դասի չհաճախելով հնարավոր է ապահովել նման մակարդակ, բնականաբար ծագում է այդ դասերի նպատակահարմարության հարցը։ Մյուս կողմից ակնկալել ժուռնալիստ-ուսանողների համերաշխությունը հեռացված գործընկերոջ հանդեպ անիմաստ էր, նրանք պարզապես դեռ չեն կայացել որպես ուսանող, առավել եւս՝ որպես ժուռնալիստ։ Այսօրվա համալսարանական ուսանողության միասնությունը նման է չձեւավորված, կիսամարս զանգվածի։ Որովհետեւ նրանց մեծ մասը հաջողությամբ հաղթահարել են կաշառակերությամբ ու անարդարություններով կառուցված ընդունելության պատնեշը, ու հիմա նրանց մի մասը մեծահոգաբար վայելում է 5 տարի բանակ չզորակոչվելու հաճույքը, իսկ մյուս մասը, բանասիրական ֆակուլտետի փորձված դասախոսներից մեկի խոսքերով՝ «Ընդամենը դառնում են լավ մայրեր»։

Նիկոլ Փաշինյանին առնվազն այս երկրորդը չի սպառնում, ժուռնալիստի դիպլոմի կարիքը հավանորեն, չի զգում։ Հետեւությունների ու անձնական բարեփոխումների անհրաժեշտությունը վերաբերում է հանուն դիպլոմի սովորող ժուռնալիստներին ու վաղուց արդեն դիպլոմավոր, չկողմնորոշված դասախոսներին։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031