Լրահոս
Օրվա լրահոսը

Արմատական եւ կիսա-ընդդիմությունը՝ նոր կառավարության մասին

Ապրիլ 22,1998 00:00

Սենտիմենտալ գործընկերուհիներիցս մեկը երեկ նայելով անընդհատ նույն պատգամավորներից նոր կառավարության վերաբերյալ մեկնաբանություններ խնդրող տարբեր թղթակիցներին՝ նրանց նմանեցրեց մեղուների պարսի, որ հերթով մի ծաղկից մյուսն են թռչում:Սույն զզվելի համեմատության համաձայն, ես հատկապես այն «ծաղիկներն» էի ընտրում, որոնցից հույս ունեի ոչ միայն մեղրի պես քաղցր-մաղցր խոսքեր լսել նոր նախարարների հասցեին։ Սակայն լրագրական նորմալ լեզվին անցնենք։

ԱԺ պատգամավորներին խնդրում էի գնահատել, թե արդյոք իրար համընկնո՞ւմ են բարեփոխումները շարունակելու մասին արված հայտարարությունը եւ նորանշանակ կառավարությունը։ ՀՀՇ գործիչներից առանձնակի նաեւ հետաքրքրվում էի, թե ինչն էր իրենց ժամանակին խանգարում այլ կուսակցություններում եղած արհեստավարժներին աշխատանքների մեջ ներգրավվել։ Չնայած, հանուն ճշմարտության արձանագրենք, որ նոր իշխանություններն էլ այս անգամ առանձնապես լայնախոհություն հանդես չբերեցին, եւ ընդդիմության մեջ եղած արհեստավարժներից որեւէ մեկը պորտֆել չստացավ։ Գուցե՝ առայժմ։

 Շավարշ Քոչարյան, ԱԺՄ

– Կառավարությունը կազմի տեսակետից առանձնապես հույսեր չի ներշնչում։ Անկեղծ ասած, քանի որ իշխանության կառուցվածքն այնպիսին է, որ իրական իշխանության տերերը որպես կանոն պաշտոնների հետ կապված չեն լինում՝ ուղղակի այդ տեսակետից կարելի է հույսեր ունենալ, որ երկիրը կգնա դեպի ժողովրդավարություն, իրոք բարեփոխումներ կլինեն միայն այն դեպքում, երբ այդ ավանդույթը խախտվի։ Իմ գնահատականով, դրա համար արմատական փոփոխություններ են անհրաժեշտ։ Այնպես որ, կգնա՞ երկիրը դեպի զարգացում հարցի պատասխանը կարելի է տալ միայն այն ժամանակ, երբ կներկայացվեն սահմանադրական փոփոխությունները։

 Վանո Սիրադեղյան, ՀՀՇ

– 50 տոկոսով կազմը փոխվել է, երիտասարդ մարդիկ են, որոնք ներգրավված են եղել բարեփոխումների գործընթացում։ Բարեփոխումները չշարունակելու տարբերակ Հայաստանը չունի՝ ինչ կառավարություն էլ լինի։ Դա կնշանակեր, որ կյանքը կանգ կառներ, ու միայն կոմունիստական կառավարությունը կգնար այդ քայլին։ Քանզի այս 10 տարում կոմունիստները չեն եղել մեր քաղաքական կյանքի մեջ, իսկ տնտեսական կյանքի մեջ եղել են, բայց՝ Մոսկվայի, Դոնի Ռոստովի, Լեհաստանի։ Այլ կուսակցությունների արհեստավարժներ ասելով Լեւոն Մկրտչյանի՞ն նկատի ունեք։ Պատմաբան նշանակում է արհեստավա՞րժ։ Լեւոն Մկրտչյանի պես Հայաստանում մի 200 հոգի կան։ Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը նրանցից մեկին է նշանակել եւ ոչ մյուսին՝ չի նշանակում, որ այս մեկը ճիշտ է, իսկ մյուսները՝ սխալ։

 Էդվարդ Եգորյան, «Ժողովրդավարական Հայրենիք»

– Մեր կուսակցությունն ու «Հայրենիք» խումբն ընդդիմադիր կազմակերպություններ են այսօրվա իշխանության նկատմամբ։ Բայց ձեռնպահ կմնամ կառավարության կազմի մեկնաբանությունից, համարելով, որ որեւէ տարօրինակ նշանակում չկա։ Կփորձենք կառավարության մասին կարծիքն ըստ նրա գործունեության հայտնել։ Նախօրոք ասեմ, որ ուշի-ուշով կհետեւենք, ցանկացած սխալի մասին կխոսենք, բայց ճիշտ արված գործերի մասին վատը չենք ասելու։

 Լեոնիդ Հակոբյան, ՀԿԿ

– Քանի դեռ նոր են՝ որոշել եմ 100 օր քաղաքական պաուզա տալ։ Միանգամից ճիշտ չի լինի կառավարությանը գնահատական տալ։ Եթե ինչ-ինչ արտառոց հարցեր չլինեն՝ որոշել եմ սպասել, տեսնել, թե ինչ ծրագրով է հանդես գալու նոր կառավարությունը։

 Վիգեն Խաչատրյան, ՌԱ(ԼԴ)Կ

– Ինձ անհայտ են կառավարության նոր կազմի ընտրության սկզբունքները՝ որտե՞ղ է դա որոշվել, ինչպե՞ս։ Բոլորովին անհայտ է նաեւ, թե ո՞րն է այս կառավարության քաղաքական հենարանը։ Անկուսակցական կառավարությունն, իհարկե, անհեթեթություն է։ Այնպես որ, այս կառավարության կազմից լուրջ փոփոխություններ չեմ ակնկալում։ Եվ ոչ թե, որ չեմ կամենում՝ շատ կուզենայի, որ լավ աշխատեին եւ արդյունավետ, բայց ենթադրում եմ, որ տարվող քաղաքականության մեջ էական փոփոխություններ չեն լինի։ Այնպես որ, չեմ կարծում, թե մարդկանց մեջ առանձնապես ոգեւորվածություն կառաջացնի այս կառավարության կազմը։ Եվ նաեւ, չեմ կարծում, թե նրանք կկարողանան մեզ լավ իմաստով զարմացնել։

Արա Սահակյան, ՀՀՇ

– Նախ, ի սրտե շնորհավորում եմ նոր կառավարությանը եւ հաջողություններ ցանկանում։ Անշուշտ, հանրապետության նախագահի փոփոխմամբ եւ կառավարության անհատական կազմի որոշ բարեփոխմամբ հանրապետության առջեւ կանգնած ծանրագույն խնդիրներն ամենեւին չեն փոխվել։ Հույս ունեմ, որ երիտասարդ բարեփոխիչները, իրոք, կշարունակեն Հայաստանում ազատ շուկայական տնտեսության ձեւավորման դժվարին գործընթացը։ (Արա Սահակյանն այլ բարեմաղթանքներ եւս արեց, որոնք տեղի սղության պատճառով ստիպված ենք թողնել կառավարության անդամների երեւակայությանը.- Ա.Ի.)։

Հայտարարությունները, թե սա մասնագետների կառավարություն է՝ անշուշտ, իրականությանը չեն համապատասխանում։ Մեր հասարակությունը փոքր է՝ բոլորը բոլորին ճանաչում են, հատկապես քաղաքական վերնախավում գրեթե գաղտնիքներ չկան, եւ չարժե այնպիսի բաներ հայտարարել, որոնց «տակից» հետո դժվար է դուրս գալ։ Նաեւ անզգույշ տեղեկատվություն տարածվեց՝ հայտարարվեց, թե մշակույթի նախարարի նշանակման կապակցությամբ բանակցությունները շարունակվում են։ Հարցականներ են առաջանում. եթե կառավարությունն ըստ մասնագիտական կարողությունների է ձեւավորվում, ապա ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը։ Ենթադրվում է, թե քաղաքական բանակցություններ են ինչ-որ կուսակցությունների հետ։ Նախորդ կառավարություններում այլ կուսակցությունների արհեստավարժների բացակայությունը երկար վերլուծության խնդիր է՝ տարբեր շրջաններում դա տարբեր ձեւով է լուծվել։ 1990-ի կառավարությունը՝ Վազգեն Մանուկյանը, նույնպես հայտարարեց որպես «սպեց»-երի կառավարություն։ Բայց այնտեղ ե՛ւ մասնագետներ կային, ե՛ւ ընկերներ, ե՛ւ կուսակցականներ։ Լեւոն Տեր-Պետրոսյանը տարիների ընթացքում երբեք ՀՀՇ առաջնորդին չի հանձնարարել վարչապետի պաշտոն եւ նաեւ՝ կուսակցական կառավարություն ձեւավորել։ Կառավարությունը միշտ կազմվել է՝ տարբեր ուժեր աղբյուր ունենալով։ Կոմունիստական նախկին նոմենկլատուրան է բավականին ներկայացված եղել բոլոր կառավարություններում։ Բնական է, որովհետեւ քաղաքական նոր վերնաշենքն ուղղակի ավազի վրա հնարավոր չէր կառուցել, եւ պետք էր օգտվել առաջադիմական տրամադրված կոմունիստական նոմենկլատուրայի ծառայություններից։ Բնականաբար, կարող էին (եւ հիմա էլ է այդպես) անձնական հավատարմության հիման վրա ընտրված որոշ մարդիկ տեղ գրավել։ Նրանց մի մասն, իհարկե, ձախողվեց։ Մյուսներն օգտակար գործիչներ դարձան։ Եվ ես չեմ կարող ասել, որ այս կառավարության ձեւավորման ժամանակ մոտեցումներն այլ են եղել։ Միշտ էլ կառավարություններում շատ երիտասարդներ են եղել, անհայտ մարդիկ էլ, կուսակցական գործունեությամբ քաղաքական ասպարեզ դուրս եկածներ էլ, իրենց բնագավառում հայտնի մասնագետներ էլ։ Եվ միշտ էլ տեղի է ունեցել թարմացման ու նաեւ ժառանգականության սկզբունքների հնարավոր ներդաշնակում։ Այնպես որ, չեմ կարող ասել, թե արմատապես նոր սկզբունքների հիման վրա է ձեւավորված կառավարությունը։ Բայց լավատես եմ, եւ իրոք կուզեի, որ նոր կառավարությունը ջանասիրությամբ ու հավատով լծվեր գործին, որովհետեւ սա մեր կառուցած պետությունն է, եւ ամենաաննշան ձախողումներն իսկ մեզանից յուրաքանչյուրն ընկալում է որպես իր ձախողում։ Մենք «մեր» եւ «ձեր»-ի որեւէ գիծ չենք քաշել…

Հարցազրույցները վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930