Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՄԵԶ ՄՈՏ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԳՐՈՒՄ ԵՆ ԱՂՔԱՏՆԵՐԸ»

Հունիս 23,1998 23:33
Sandoyan

Շաբաթ օրով ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդուարդ Սանդոյանը (լուսանկարում)աշխատանքից կտրել ու իր հետ հանդիպման էր հրավիրել հայ խոշոր գործարարներին։ Նրանք էլ եկել էին։

Ինչո՞ւ է տխուր Անդրանիկ Մանուկյանը

Երկրի տնտեսական վիճակի ինդիկատոր համարեց պարոն նախարարը տվյալ երկրի գործարարների վիճակը։ «Հիմա նայում եմ Անդրանիկ Մանուկյանի աչքերին, լացս գալիս է,- ասաց պարոն Սանդոյանը ժպտալով,- գիտեմ, թե ոնց է հերոսաբար հաղթահարում մաքսային վարչության եւ այլնի հետ իր պրոբլեմները»։ (Այս խոսքերն ուղեկցվում էին պարոն Մանուկյանի գլխի համաձայնության շարժումներով)։ Է. Սանդոյանը նշեց, որ բիզնեսմենները երկրի համար ավելի կարեւոր գործեր են անում, քան իրենք։ Ու, չգիտես ինչու, պետական այրերը միշտ մեծամիտ են լինում ու խոշոր բիզնեսմենների հետ չեն շփվում հավասարի պես։ Պետք է լինի հակառակը։ Պետության թիվ 1 խնդիրը պետք է լինի սեփականատիրոջ շահերի պաշտպանությունը։ Որոշումներ կայացնելուց առաջ նախարարը խոստացավ գործարարներին խորհրդակցել իրենց հետ։ Մեր բիզնեսմենները հաճախ հանդիպում են այնպիսի իրավիճակների, որ «ուզում են ծիծաղել, բայց ծիծաղդ չի գալիս»։ Մինչ իր ծրագիրը ներկայացնելը, պարոն Սանդոյանն ազնիվ խոսք տվեց, խնդրեց հավատալ իր անկեղծությանը, որ իր առաջարկները գործարարներին ամենեւին էլ հանձնարարված չեն, սրտաբուխ են։

Հայ գործարարների ծառան նախարար է

Մեր երկիրը չունի ոչ Թուրքմենիայի, ոչ Քուվեյթի բնական հանածոների պոտենցիալը։ Մերը մարդկային պոտենցիալն է։ Հայաստանը պիտի լինի մի վայր, ուր պիտի բիզնես անելը շահութաբեր լինի ցանկացած երկրի համար։ Այսօրվա մեր երկրի ինվեստիցիոն կլիման համարվեց անբարենպաստ։ Հարկային օրենսդրության զարգացման քայլերը, բանկային օրենսդրությունը չեն տալիս ակնկալվող արդյունքը։ Պատճառն այն է, որ մի բնագավառի օրենքը կատարելագործելով՝ հնարավոր չէ հասնել նման նպատակի։ «Սկսած դատաիրավական հարաբերություններից, ֆիսկալ քաղաքականությունից, ընդհուպ մինչեւ թաղայինը, մլիցեն, ժեկի պետը, բոլոր հարաբերությունները ձեւավորում են մի դաշտ, ուր կամ արդյունավետ չէ, կամ ցանկալի չէ բիզնես անել»։ Շատ օտարերկրյա բիզնեսմեններ են փորձել այստեղ ինչ-որ գործ սկսել, սակայն որոշ ժամանակ անց՝ իրենց կապիտալով հանդերձ, թողել են Հայաստանը։ Պարոն Սանդոյանը բիզնեսմեններին խոստացավ ծառայել իրենց շահերին։ Պիտի ստեղծվի մի դաշտ, որ մեզ մոտ բիզնեսը, փող աշխատելը հնարավոր լինի։ «Ժողովուրդը կեղծ սիմվոլիկ հակումներ ունի, որ… Անուններ են տալիս, Խաչիկի մասին են շատ գրում (տես՝ Խաչատուր Սուքիասյանին- Լ. Ա.)…»։

Նախարարը դեմ էր հարուստների դեմ պայքարելու կեղծ կատեգորիային։ Փոխարենն առաջարկեց, որ գործարարներն ավելի համախմբված լինեն, պարբերաբար հանդիպեն։ Ինքն էլ խոստացավ, որ պետությունը պիտի հովանավորի նրանց։ «Ինչո՞ւ մեզ մոտ պլաստմասսայե պատրաստի իրեր չեն արտադրվում։ Խանգարում են պարսկական շուկայից Հայաստան ներկրվող պատրաստի իրե՞րը։ Ինչո՞ւ մաքսային քաղաքականությունով չնպաստենք, որ մեզ մոտ զարգանա այդ արտադրությունը։ Ապա՝ մեքենաների բիզնեսը (Մանուկյան Անդրանիկը կասի) գրչի մի հարվածով կործանեցինք. 48 տոկոս հարկերի հավաքմամբ հասանք նրան, որ շատերը, նույնիսկ՝ ձեզանից, վրացական համարանիշերի մեքենաներով են ման գալիս։ Ճի՛շտ են անում»։

Էդ. Սանդոյանը քիչ անց իրավացիորեն սկսեց նաեւ ինքնաքննադատությունը՝ ասելով, որ շատ հաճախ իրենք դրական ակնկալիքներով ինչ-որ գործ են բռնում, որը որոշ ժամանակ անց տապալվում է։ Պատճառը չխորհրդակցելն է։ Հնչեց այն պարզ ճշմարտությունը, որ գործարարների բիզնեսի զարգացումը նաեւ պետական գանձատան մուծվող հարկերի ավելացում է ենթադրում։ «Եթե ձեզ ճնշենք, հակառակ էֆեկտ կստանանք։ Ձեզանից կարեւոր մարդ էսօր Հայաստանում չպիտի լինի»։ Սա պարոն Սանդոյանի գերնպատակն էր։

Ազնիվ, պարկեշտ, խելացի Ավանեսյանը

Ֆոնդային բորսայի տնօրեն Սեդրակ Սեդրակյանը նախարարի ելույթից հետո որոշեց պարզել, թե ինչո՞ւ նման հանդիպումներն առաջ չեն եղել։ Հարց տվեց ու ինքն էլ պատասխանեց, որ եթե առաջ իրենք էին կախված չինովնիկներից, հիմա նրանք են իրենցից կախված։ Նրան շատ զարմացրեց, որ ինվեստիցիոն ներդրումների խորհրդի կազմում բիզնեսմենների ու չինովնիկների հարաբերակցությունը գոնե 50/50 չէ։ Այն դեպքում, երբ «այս երկրի» 75 տոկոսն արդեն սեփական է։ «Մի անգամ մեզ պրեզիդենտն ընդունեց՝ մի քանի հոգով, որից հետո վարչապետը որոշեց, թե՝ ես էլ հավաքեմ։ Հավաքեց 300 հոգի, ու սկսեցին բիզնեսմեններին սովորեցնել, թե ոնց փող հավաքեն, ոնց նալոգ մուծեն։ Ու դա ասում էր մարդ, որը կյանքում նալոգ չի մուծել… Վահրամ Ավանեսյանը»։ Վերջինիս Սեդրակ Սեդրակյանի դաժան խոսքերից փորձեց պաշտպանել նախարարը՝ մեջտեղ բերելով Վահրամ Ավանեսյանի պարկեշտ, ազնիվ, խելացի տղա լինելու հանգամանքը եւ չհասկանալով, թե ինչո՞ւ են նրան չորս կողմից քարկոծում։ «Ես ասում եմ՝ ազնիվ չի՞»,- շշնջաց պրն Սեդրակյանը։ «Ավանեսյանը ձեր շահերի պաշտպաններից մեկն է։ Ամենամեծը։ Չգիտեմ՝ ինչո՞ւ էդ մարդուն չեն հասկանում»։

«Հարկեր կարող եք եւ չմուծել»

Այս միտքը պարոն Սանդոյանն ասաց եւ զգուշացրեց, որ ճիշտ հասկանան։ Հարկեր կարող են չմուծել…օրենքի շրջանակում։ «Եթե հարկային օրենսդրության մեջ լազեյկաներ եք տեսնում, խուսափեք։ Ես վատ բան եմ ասում։ Իրավունք չունեմ ասելու։ Էդ պահին խուսափեք, հետո եկեք նստենք, վերջին հաշվով, մի քիչ պետական մտածողությամբ մոտենանք հարցին»։ Հաճախ մարդու հասույթի 90 տոկոսը հարկվում է։ Պրն նախարարը, ի դեպ, մի առիթով Սեդրակ Մարգարիչին ասել է, որ օրենքով հարկերից խուսափելու 102 ձեւ է գտել։ Նախարարի այս խոսքերին չդիմացավ եւ տառացիորեն աթոռից ընկավ (ավելի ստույգ՝ աթոռը կոտրվեց) «Ֆլեշ» ընկերության նախագահը։

– Հենց հարկերից խոսեցի, ընկավ։ Բարսե՛ղ, որ ասում ա՝ պլատի նալոգի՝ սպի սպակոյնը,- ընկածին խորհուրդ տվեց նախարարը։

– «Սիդի սպակոյնը»,- խմբագրեց Սեդրակ Սեդրակյանը։

Սա՝ ի դեպ։ Պարոն Սեդրակյանը օրինակ բերեց Ֆրանսիայի նախագահի այն խոսքը, թե երկրի տնտեսությունը խթանելու գործում իր լուման պիտի լինի բիզնեսմենի գրպանի փողը չհաշվելը։
«Մեր նպատակն էլ,- ֆրանսիացի պրեզիդենտից որոշեց հետ չմնալ պարոն Սանդոյանը,-պիտի լինի ձեր ջեբի փողը ավելացնելը։ Որ ձեր ջեբի փողը մենակ ջեբում չմնա, այլ մտնի շրջանառության մեջ»։

Օրվա հանրագումարը

Սեդրակ Սեդրակյանն ասաց, որ երկար մտածելուց հետո եկել է այն եզրակացության, որ մեզ մոտ տնտեսական եւ օրենքների դաշտի այս վիճակի պատճառն այն է, որ աղքատներն են գրում օրենքները։ «Օրենքները պիտի գրեն հարուստները»,- կրկնում էր ու կրկնում պարոն Սեդրակյանը՝ նախարարի խրախուսական ծափի ներքո։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930