Թիվ ՀԿԴ/0137/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով Սահմանադրական դատարան դիմած Մաթեւոս Դավթյանը (ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) Սահմանադրական դատարանի առջեւ 2 հարց էր բարձրացրել. արդյո՞ք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը համապատասխանում է Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության հիմնական իրավունքի բովանդակությանն այն պայմաններում, երբ թույլ է տալիս, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայց ներկայացնելու միջոցով սեփականության իրավունքին միջամտություն կատարվի, այն է՝ գույքն իր հայեցողությամբ տնօրինելու սեփականատիրոջ իրավունքն այդ գույքի բռնագանձման նպատակով սահմանափակվի՝ անկախ վիճարկվող օրենքի հետապնդած նպատակից եւ դրանով նախատեսված հիմքից, մասնավորապես՝ այդպիսի միջամտության ազդեցությունը կրի այնպիսի գույք, որը կապված չէ իրավասու մարմնի կատարած ուսումնասիրության նպատակի, հետեւաբար՝ հիմքի հետ («Առավոտ» օրաթերթ 29.11.2025)։
Դիմողը իր նոր՝ 2026 թ. հունիսի 3-ի անհատական դիմումով նշում է՝ որ վիճարկվող՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում առկա ենթադրյալ օրենսդրական բացի պատճառով թիվ ՀԿԴ/0137/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարանը հնարավորություն չի ունեցել վերացնելու «Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, 50-րդ փող., թիվ 11 հողամաս» հասցեում գտնվող անշարժ գույքի տնօրինման հետ կապված որեւէ գործողություն կատարելն իրեն արգելելու մասին 2024 թ. դեկտեմբերի 6-ի որոշմամբ կիրառված սահմանափակումը, որն անհամաչափորեն սահմանափակել է իր՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ իր վերոհիշյալ գույքն իր հայեցողությամբ տնօրինելու հիմնական իրավունքը։ Նա խնդրում է՝ «Սահմանադրության 60-րդ և 78-րդ հոդվածներին հակասող ճանաչել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածն՝ այնքանով, որքանով այն թույլ է տալիս, որպեսզի որպես ապօրինի ծագում ունեցող բռնագանձվի այնպիսի գույք, որը կապված չէ Իրավասու մարմնի կողմից ուսումնասիրություն սկսելու հիմքի, հետևաբար՝ իրականացված ուսումնասիրության հիմքի հետ»։
Դավթյանը վկայակոչելով Սահմանադրական դատարանի՝ 2025 թ. ապրիլի 16-ի ՍԴՈ-1776 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, գտնում է, որ տվյալ որոշման 102-րդ կետով արտահայտված վերաբերելի դիրքորոշումը երբեք չի կարող մեկնաբանվել այն բովանդակությամբ, որ եթե ուսումնասիրությունն սկսվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այսինքն՝ փաստական այն պատճառաբանությամբ, որ վերոգրյալ օրենքով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ դրանով նախատեսված պաշտոնն ստանձնելուց հետո և այդ օրենքով նախատեսված՝ համապատասխան հանցանք կատարելու համար հարուցվել է քրեական հետապնդում, և առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ մեղադրյալին կամ վերջինիս հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, ապա այդ փաստն ինքնին բավարար է «ինքնաշխատ» կամ փաստացի կերպով համարելու, որ առկա է եղել ուսումնասիրություն սկսելու՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վիճարկվող՝ 5-րդ հոդվածի 1-ին մասի նաև 5-րդ կամ 6-րդ կետով նախատեսված հիմքը: Դիմողը պնդում է, որ այն դեպքում, երբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի իմաստով պաշտոնատար անձին առերևույթ պատկանող գույքի վերաբերյալ տվյալ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով սկսվում է ուսումնասիրություն, ապա դա չի կարող նշանակել նաև այն, որ բռնագանձման ենթակա գույքը կարող է գեներացված լինել ոչ թե քրեական հետապնդում հարուցելու հիմք հանդիսացած՝ պաշտոնատար անձի հանցավոր արարքի արդյունքում, այլ պաշտոնատար անձի` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված պաշտոնն ստանձնելուց հետո դրսևորած այնպիսի վարքագծի արդյունքում, որը հանցավոր չէ կամ թեկուզև հանցավոր է, սակայն այդ արարքի կապակցությամբ պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։
Սահմանադրական դատարանն արձանագրեց, որ թիվ ՀԿԴ/0137/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործի շրջանակներում դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, սույն գործով բացակայում է գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտը, որի շրջանակներում դեռևս կարող է լուծում ստանալ դիմողի բարձրացրած հարցը: Այսինքն՝ տվյալ պարագայում բացակայում է Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը: Հետևաբար, դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ, և մերժեց գործի քննությունը։
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.07.2026


















































