Սահմանադրական դատարան դիմած Հարություն Ներսիսյանը (ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) ներկայացնելով թիվ ԵԴ 1/0874/01/25 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ նշել էր, որ չձերբակալված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար անհրաժեշտ ու բավարար ապացույցների առկայության փաստը ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ինքնին չի նախատեսում որպես այդ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միակ և անհրաժեշտ պայման՝ տվյալ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հարցը փաստացի առկախելով քննիչի կամ դատախազի սուբյեկտիվ , այն է՝ որևէ ստուգելի չափանիշով գնահատման ոչ ենթակա կամքից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերում համապատասխանաբար սահմանելով, որ անձի կողմից հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա քննիչն իրավասու է, «ոչ թե պարտավոր է» հսկող դատախազին ներկայացնել անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն, և անձի կողմից հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա հսկող դատախազը կարող է, «ոչ թե պարտավոր է» կայացնել հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում։ Դիմողը բարձրացնում է հետևյալ իրավական հարցը՝ արդյո՞ք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրության 63 -րդ հոդվածի 1-ին մասով անձի համար երաշխավորված՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության հիմնարար իրավունքի բովանդակությանը, երբ չձերբակալված անձի համար հիշյալ ողջամիտ ժամկետի հոսքի մեկնարկը խնդրո առարկա դրույթները փաստացի առկախում են քննիչի ու դատախազի ոչ ստուգելի կամքից: Դիմողի պնդմամբ՝ չձերբակալված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն հսկող դատախազին քննիչի կողմից ներկայացվելու պահը կամ չձերբակալված անձի նկատմամբ հսկող դատախազի կողմից իր նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու պահը որոշելու միակ չափանիշը պետք է լինի այն հարցի պատասխանը, թե ո՞ր պահից են քրեական վարույթով ձեռք բերվել հիշյալ անձի կողմից հանցանքի կատարումը վկայող փաստեր, հետևաբար՝ այն դեպքում, երբ քրեական վարույթով ձեռք են բերվել նման փաստեր, քննիչը ոչ թե իրավասու, այլ պարտավոր է հսկող դատախազին ներկայացնել միջնորդություն՝ չձերբակալված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, կամ հսկող դատախազը ոչ թե կարող է, այլ պարտավոր է իր նախաձեռնությամբ կայացնել որոշում՝ չձերբակալված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Դիմողը գտնում էր, որ ինքը տվյալ քրեական գործով չէր դատապարտվի, քանի որ կփաստվեր, որ իրեն ՀՀ քրեական օրենսգրքի 344 -րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդման ենթարկելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված առավելագույն ժամկետի լրանալուց հետո է հսկող դատախազը վարույթի նյութերը հանձնել դատարան։
ՍԴ-ն ՍԴԱՈ -212 որոշմամբ մերժելով այս անհատական դիմումը, արձանագրել էր, որ առաջին ատյանի դատարանում մեղադրյալը հայտնել է, որ ինքը տեղեկացված չի եղել նախաձեռնված քրեական վարույթի, դրա շրջանակներում ներկայացված տեղեկատվության պահանջի մասին և քրեական վարույթի մասին տեղեկացել է միայն այն ժամանակ, երբ գնացել է քննիչի մոտ։
Դատարանը նշել էր, որ դիմողը իրավաբանորեն պետք է հիմնավորեր, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթների հակասությունը Սահմանադրության 63 -րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության հիմնական իրավունքին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթների և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.09.2026



















































