Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ ՉԷ ՏՆՏԵՍԱՎԱՐԵԼ

Հուլիս 17,1998 00:00
barepoxum

Ազգային ժողովը հասարակական կյանքի «վտանգավոր» օղակ է դառնում։ Այստեղ ընթացող քննարկումներն ու հետազոտությունները մեր տնտեսական կյանքի մասին ինֆորմացիայի «արտահոսքի» պատճառ են դառնում։ ԱԺ Վերստուգիչ պալատի տարեկան հաշվետվությունը վերջապես հրապարակայնություն մտցրեց վարկերի ոլորտում։ Նույն գործը նույն հաջողությամբ շարունակվում է։ Անցած շաբաթ խորհրդարանը նոր վարկային պայմանագրեր վավերացրեց։ Իսկ այս շաբաթ Վերստուգիչ պալատը իր եզրակացությունը հրապարակեց եւս երկու վարկային ծրագրերի արդյունավետության մասին։

«Գյուղատնտեսական մեծածախ շուկայի» վարկային ծրագիրը Հրանտ Բագրատյանի կառավարության վերջին ծրագրերից է։ ՀՀ կառավարությունը, ի դեմս ֆինանսների նախարարի, այն ստորագրել էր 1995 թ. դեկտեմբերին։ 1996 թ. փետրվարին այն վավերացվել է Ազգային ժողովի կողմից։ Այդ պայմանագրով պետությունը 15 մլն դոլար պարտք էր վերցնում՝ Երեւանի արվարձանում գյուղատնտեսական մթերքների մեծածախ շուկա կառուցելու նպատակով։ Վարկի պայմանագրի քննարկման ժամանակ կոմունիստ պատգամավոր Լ. Հակոբյանը փորձում էր համոզել, որ հանրապետության տարածքում պահանջվածից ավելի բազաներ կան։ Սակայն խորհրդարանը որոշեց նոր պահեստներ կառուցելու նպատակով երկրի արտաքին պարտքը մեծացնել եւս 15 մլն դոլարով։ Փաստորեն, հենց առաջին օրվանից այս վարկը կարելի է համարել սխալ տնտեսավարման դասական նմուշ։

Այս վարկի օգտագործումը, ինչպես նաեւ վարկից հրաժարվելը, մեր տնտեսական ղեկավարության համար ուսուցողական լուրջ արժեք կունենա՝ նորօրյա լիկբեզի նման մի բան։ Թե ինչից է սկսվում վարկային ծրագիրը Հայաստանում, առայժմ քչերին է հայտնի։ Կառավարությունում որտե՞ղ, ո՞ւմ կողմից են մշակվում վարկային պայմանագրերը, հասարակությանը համարյա անհայտ է։ Վարկերի մասին մենք տեղեկանում ենք միայն խորհրդարանական վավերացման պահին։ Վարկային գումարների հետագա տնօրինումը եւս մի ժամանակ պետական գաղտնիքից ավելի անհայտ բան էր։ Վարկային միջոցների օգտագործման կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 1994 թ. թիվ 577 որոշմամբ։ Այն պահանջում է, որ վարկային ծրագրերն իրագործող հիմնարկություններն ընտրվեն մրցութային կարգով։ Այդ մրցույթ կոչվածը Հայաստանում խիստ սիմվոլիկ նշանակություն ունի։ Մի բուռ ժողովուրդ ենք, հետեւաբար, բոլորս էլ գիտենք, թե ով որ մրցույթին է մասնակցելու։

Առավել եւս, գիտենք, թե ով որ մրցույթում է հաղթելու։ Մեր միջից ամենաիրազեկը հաստատ ՀՀ կառավարությունն է։ Նրա համար գաղտնի բան չկա։ Հենց այդ պատճառով էլ մրցույթը հայտարարվել էր 1996 թվականի հունիսի 8-ին։ Մինչեւ մրցույթն անցկացնելը, կառավարությունը հաստատ գիտեր հաղթողի անունը։ Ապագա հաղթողին ժամանակավոր շուկայի վերակառուցման աշխատանքները սկսելու պատվերը տրվել էր դեռ մայիս ամսից։ Նա էլ սկսել էր աշխատանքները։ Այն, որ պատահական մի կազմակերպություն չի կարող հաղթել նման հեղինակավոր մրցույթում, պարզ դարձավ հուլիսի 20-ին։ Վարկային ծրագրի կատարման պայմանագիր ստորագրվեց «Հայշինարար» ՍՊԸ-ի հետ։

Հետագայում, իհարկե, մրցույթի կազմակերպման փաստաթղթեր փնտրելը պարապ զբաղմունք էր։ Նման փաստաթղթեր հավանաբար չեն էլ եղել։ Հաղթող «Հայշինարարը» 19 հիմնադիր փայատերերի կողմից 5 մլն դրամ կանոնադրական կապիտալով գրանցվել էր 1994 թ.։ Ըստ ԱԺ Վերահսկիչ պալատի տեղեկանքի, 5 միլիոնը հետագայում ձեռագիր ուղղվել է՝ դառնալով 50 մլն դրամ։ Այն, որ հիմնադիր կապիտալ ասածը Հայաստանում փիլիսոփայության դասի երեւույթ է, այսօր ոչ ոքի չի զարմացնում։ 19 հիմնադիրներից մեկը՝ Գյուղատնտեսության նախարարությունը, փայաբաժնի իր ներդրումն արել էր կառույցի տեսքով։ Կառույցի արժեք հաշվելն էլ հարաբերական է։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ հենց այդ կառույցն էլ հետո վերանորոգման է ենթարկվել ժամանակավոր շուկա ստեղծելու նպատակով։ Հետո սկսվել է այդ մեծ վերանորոգումը։

Այդ ընթացքում հանրապետությունում երեք կառավարություն է փոխվել։ Ծախսված գումարը մեր վարկային թվաբանության մասնագետները մեծ չեն համարի։ Երեք նախկին եւ մեկ ներկա կառավարությունների օրոք ծախսվել է ընդամենը 755 հազար դոլար։ Իսկ հետո կատարվել է անսպասելին։ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից ծախսված վարկային միջոցները գնահատվել են ոչ արդյունավետ։ «Արդյունքում ՎԶԵԲ-ի կողմից 1988 թ. փետրվարի 4-ին լուծարվել է գյուղատնտեսական մեծածախ շուկայի ծրագրերի ղեկավարման մարմնին տեխնիկական աջակցության պայմանագիրը եւ դադարեցվել է վարկային ծրագրի ղեկավար մարմնի գործունեությունը»։

Այս դեպքից հետո, ասում են, մերոնք անակնկալ ու միանգամից հասկացել են, որ մեծածախ շուկան ավելորդ շքեղություն էր։ Հնարավոր է, որ իսկապես հասկացել են, հնարավոր է, որ իսկապես ցանկանում են հրաժարվել 15 մլն դոլարանոց վարկային պայմանագրից։ Ցանկանում են, բայց չգիտեն ինչպես։ Իսկ վարկային «հաշվիչն» աշխատում է։ Վարկը սպասարկող չորրորդ կառավարությունը մարում է վարկային պարտքն ու տոկոսադրույքները։ Ոչ արդյունավետ օգտագործված 755 հազար դոլարը վերադարձվել է արդեն որպես տոկոսավճար, մուծվել է եւս մոտ 650 հազար։

Տնտեսավարման այս նմուշը ցանկացած տնտեսագիտական դասագրքի «ինչպես պետք չէ տնտեսավարել» բաժնի լավագույն օրինակ կարող է հանդիսանալ։ Ուրիշներն ավելի հարմար օրինակ չեն գտնի։ Ուրիշները մեր կառավարություններից չունեն։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031