Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐԴԻՍ ԷԼ ԼԻՆԻ, ՊԻՏԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՏԱ

Հուլիս 29,1998 00:00
qnnutyunner

Արդեն 4-րդ օրն է, ինչ հանրապետությունում ընթանում են պետական բուհերի ընդունելության քննությունները եւ, բնականաբար, այն սովորական բնույթ է ձեռք բերում։ Թերեւս, հետաքրքրությունը շարունակում է պահպանվել դիմորդների, ծնողների, լրագրողների շրջանակներում, եւ նույնիսկ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված դիտորդների մոտ աստիճանաբար հետաքրքրությունը նվազում է (I օրը 12 կազմակերպությունից ներկայացված 22 դիտորդի փոխարեն IV օրը 4 կազմակերպությունից ներկայացել էին ընդամենը 6 դիտորդ)։

Առավոտյան կայացած վիճակահանութունն ինձ հնարավորություն ընձեռնեց դիտել ԵՊՀ-ում ընթացող հայոց լեզու առարկայի գրավոր քննությունը եւ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում ընթացող կենսաբանություն առարկայի գրավոր քննությունը։ ԵՊՀ-ում հայոց լեզվից քննություն էին հանձնում 320 դիմորդ։ Եւ երբ ստուգվում էին դիմորդների փաստաթղթերը եւ վիճակահանությամբ որոշվում՝ թե ով որ քննասենյակում պետք է քննություն հանձնի (մենք արդեն տեղեկացրել ենք, որ ԵՊՀ-ում հայոց լեզվից մեծ թվով դիմորդներ են քննություն հանձնում, ուստի 2 սրահ է ընտրվել), ականջիս Քոչարյան ազգանունը հասավ։ Բնականաբար, չէի կարող չճշտել, թե արդյոք այդ ազգանվան կրողը որեւէ կապ ունի՞ հանրապետության նախագահի հետ (մանավանդ որ ողջ հանրապետությունը գիտի, որ այս տարի նախագահի ավագ որդին եւս դիմորդ է)։

Պարզվեց, որ ինչպես միշտ «Առավոտը» հայտնվել է այնտեղ, ուր հարկն է (կամ ոմանց կարծիքով՝ ուր հարկը չէ)։ Մինչ դիմորդները ներս կմտնեին, հասցրի պարզել, որ իսկապես Քոչարյան ազգանուն կրողը նախագահի որդին է, եւ ի տարբերություն մյուս դիմորդների, նրան ուղեկցում էին ոչ թե ծնողները, այլ վարորդը։ Նախորդ օրերի նման, այսօր էլ դիտորդների, ծնողների եւ լրագրողների ներկայությամբ ծրարված տարբերակները բացեցին դիմորդները։ Իմ «լրագրողական ողջ ցանկությունը»՝ քննասենյակում արտագրման, կամ միջնորդության որեւէ դեպք հայտնաբերել, չիրականացավ։

Մտածելով, որ միայն իմ «բախտը չի բերում» նման տեսարանի հանդիպելու հարցում՝ դիմեցի հայոց լեզվի հանձնաժողովի նախագահ Սեյրան Գրիգորյանին։ Նա եւս ինձ «հուսախաբ» արեց, ասելով, որ այս քննության ժամանակ արտագրելու հնարավորություն գրեթե չկա, միայն մի դեպք է հայտնաբերվել, այն էլ՝ առաջին օրը։ Ու քանի որ քննասենյակում սովորական քննություն էր ընթանում՝ «ձեռնունայն» դուրս եկա՝ գոնե ծնողներից ինչ-որ բան իմանալու նպատակով։ Հենց մուտքի մոտ ինձ դիմավորեց քննասենյակ մտնելու անհագ ցանկություն ունեցող ծնողների բազմությունը։

Կանոնակարգով յուրաքանչյուր 15 րոպեն մեկ ծնողները իրավունք ունեն հենց քննասենյակից դիտելու հարազատ զավակներին։ Ասեմ, որ ծնողները կամովի անհամեմատ շուտ էին դուրս գալիս քննասենյակից։ Ծնողներից շատերը նույնիսկ դժգոհում էին, թե ինչու է կանոնակարգով ծնողներին նման հնարավորություն տրվել. «չէ՞ որ երեխաների ուշադրությունը շեղվում է»։ Բայց միեւնույն է, դրանից քննասենյակ չմտած ծնողների հետաքրքրությունը չէր մարում։

ԵՊՀ-ից էլ ուղեւորվեցի օտար լեզուների ինստիտուտ։ Դեռ ոտքս ինստիտուտի շեմին չդրած, դեռ չհասցրած ներկայանալ՝ պատասխանատու քարտուղարն ու հսկիչները վրա տվեցին՝ «ո՞ւր եք գնում»։ Երբ իմացան ինքնությունս, իրենց գրանցման մատյանում գրանցեցին անուն-ազգանունս եւ ներկայանալուս ժամը, որից հետո պատասխանատու քարտուղար Սարգիս Շահմուրադյանը հաճույքով ինձ ուղեկցեց կենսաբանության քննասենյակ, բայց հավանաբար արտաքինս շատ էր կասկածելի, ուստի այստեղ եւս ստուգեցին փաստաթղթերս։ Երբ կատակով՝ հարցրի «մի՞թե այդքան կասկածելի արտաքին ունեմ», նախարարության լիազոր ներկայացուցիչը նշեց, որ իրենք վարվում են համաձայն աշխատակարգի։

Ինչեւէ, այստեղ 24 դիմորդից քննության էին ներկայացել 22-ը, եւ քննությունն էլ սկսվել էր ուղիղ ժամը 9.00-ին։ Կենսաբանության քննասենյակից դուրս գալուց հետո պարոն Շահմուրադյանից տեղեկացա, որ բացի կենսաբանությունից այդ օրը Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում քննություն էին հանձնում բանավոր անգլերենից (8 հոգի)։ Առաջ ընկնելով տեղեկացնեմ, որ հուլիսի 28-ին ընդհանուր թվով քննություն էին հանձնում 759 դիմորդ. 34 հոգի՝ ֆիզիկա, 36 հոգի՝ անգլերեն գրավոր, 63 հոգի՝ ռուսաց լեզու գրավոր, 11 հոգի՝ հայ ժողովրդի պատմություն եւ, վերը նշված թվերից զատ, բժշկական համալսարանում 240 հոգի՝ հայոց լեզու գրավոր։ Ի դեպ, նախորդ տարվա նման այս տարի եւս Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում քննությունից դուրս եկած դիմորդին առաջարկվում էր կամովի լրացնել քննության անցկացման վերաբերյալ հարցաթերթիկը։ Իմ տեսած գրեթե 10 հարցաթերթիկներից մի քանիսում, չնայած չէին համաձայնել, թե գնահատականը համապատասխանում է պատասխանին, այդուհանդերձ հաջորդ տողում բոլորն էլ նշել էին, որ քննությունները օբյեկտիվ են անցնում։

2 օր առաջ խմբագրությանն էր դիմել այս ինստիտուտում անգլերեն քննություն հանձնած մի դիմորդի ծնող։ Նա դժգոհում էր, որ քննությունն անցկացվել է 2 քննասենյակում, եւ իբրեւ թե մեկում հայտնվել են «արտոնյալները»։ Ինստիտուտում գտնվելու առիթից օգտվելով փորձեցի ճշտել նաեւ այս պատմությունը։ Պարոն Շահմուրադյանը տեղեկացրեց, որ իսկապես անգլերեն քննությունն այդ օրը անցկացվել է 2 քննասենյակում, միայն արտոնյալների եւ ոչ արտոնյալների խնդիր չի եղել, այլ, ինչպես մյուս տեղերում այստեղ, եւս դիմորդները մեծ թիվ են կազմել, եւ հանձնաժողովը վիճակահանությամբ պարզել է, թե որ դիմորդը որ քննասենյակում պետք է հանձնի քննությունը։ Եւ չնայած այն հանգամանքին, որ մոնիտորների միջոցով ծնողներին հնարավորություն է տրված դիտել քննությունը՝ այդուհանդերձ իր կարծիքով ցածր գնահատական ստացած դիմորդի ծնողը չի բավարարվել եւ որոշել է «օգնության կանչել» Երիտասարդական կուսակցության անդամ Գուրգեն Պարոնյանին։ Պրն Շահմուրադյանն ավելացրեց, որ վերջինս էլ ունենալով նախորդ օրվա լիազորագիր, փորձել է մուտք գործել ինստիտուտ եւ միջամտել քննության ընթացքին։

Նման միջադեպերից խուսափելու եւ դիտորդներին գործող կարգը ու նրանց լիազորությունները բացատրելու նպատակով էլ ԵրՕԼԻ-ի հանձնաժողովը դիմել է հանրապետական ընդունող հանձնաժողովին։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հ. Գ. Թերեւս հիմա պարզ է, թե լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների դիտորդների մասնակցությամբ կրթության եւ գիտության նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ ինչու էին հասարակական կազմակերպությունների որոշ ներկայացուցիչներ դժգոհում դիտորդների համար սահմանած «սահմանափակ» կարգից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031