Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀԵՐԹԱՓՈԽ

Սեպտեմբեր 15,1998 00:00
skori

Լրագրողը փոխում է մասնագիտությունը

Դեռ չէի հասցրել ետ վարժվել պետավտոտեսուչի կերպարից, արդեն ժամանակն է բժիշկ աշխատելու: Մի քիչ վերամբարձ հնչեց, իրականում ոչ թե աշխատելու, այլ բժիշկների աշխատանքին հետեւելու: Քաղաքային շտապ բուժօգնության կայանի տնօրեն Ռ. Խառատյանի հետ պայմանավորվելով դուրս եմ գալիս գիշերային հերթապահության Արաբկիրի շտապօգնության կայան:

ԵՐԵԿՈ, ԳԻՇԵՐ, ԱՌԱՎՈՏ

Կայանի հետ ծանոթությունը սկսվում է դիսպետչերական կետից, որտեղ օրվա հերթափոխը կանչերի արանքում մի կտոր հաց է ուտում: Պետը՝ Արտյոմ Պետրոսյանը սիրալիր ցույց է տալիս իրենց պայմանները, նույնքան սիրալիր դժգոհում դժվարություններից: Ամենաակնհայտը, որ աչքի է զարնում մեքենաների վիճակն է: Քիչ է ասել՝ անմխիթար, դրանք բոլորովին շարքից դուրս եկած են եւ շարունակում են աշխատել միանգամայն անհասկանալի պատճառով: Այս կարգի մեքենաների ծառայության ժամկետը 4-4.5 տարի է, իսկ եղածներից ամենաթարմը 90 թվականին է ստացվել: Չհաշված «Երազը», որը մեկ տարվա կյանք է ապրել, բայց հպարտությամբ շարունակում է հայրենական մեքենաշինության դրոշը «բարձր» պահել:

Բուժանձնակազմերի հետ զրուցելու ընթացքում առաջ է քաշվում հաջորդ մեծ խնդիրը, կանչերի գնում են համարյա դեղորայք չունենալով: Զգացվում է, որ բժիշկները վիրավորված են: Շտապօգնության նախորդ տնօրենը հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել եւ հայտարարել, որ իրենց ծառայությունը դեղորայքով ապահովված է «փցՑՖ սՌ վպ» 100 տոկոսով, եւ բնակիչները որեւէ խնդիր չունեն:

Պարզվում է, ունեն, եւ շատ մեծ: Իրականությունն այն է, որ դեղորայքն իսկապես չի բավարարում, եւ բժիշկը հայտնվում է շատ անհարմար վիճակում: Մի կողմից, ղեկավարությունը հայտարարել է, որ ամեն ինչ լավ է, եւ օգնության դիմած հիվանդը հակված է լավին հավատալ: Մյուս կողմից, բժիշկն իսկապես դեղեր չունի, եւ որպեսզի անհարմար վիճակում չհայտնվի, ստիպված անհրաժեշտ նվազագույն հավաքածուն պահում է մոտը: Իսկ դա գումար արժե, որը ոչ մի տեղից չի փոխհատուցվում: Ինչեւէ, դժվարությունները շատ են, եւ դրանց մասին կարելի է ամբողջ գիշերը խոսել, բայց մեր հիմնական աշխատանքը /նկատեցի՞ք, արդեն դերի մեջ եմ մտնում/ կանչեր սպասարկելն է:

Իմ ներկայությամբ առաջին կանչը ստացվում է Արամ Խաչատրյան փողոցից: Ստանում եմ ճերմակ խալաթը եւ 19 անց 50-ին դուրս ենք գալիս: Տասը րոպե անց տեղում ենք, բայց ոչ ոք չի դիմավորում: Փնտրելով գտնում ենք բնակարանը: 94 տարեկան միայնակ մարդ է, որ արդեն մի քանի օր չի կարողանում սնունդ ընդունել: Բժիշկն ու քույրը արագ ստուգում են վիճակը, հարցուփորձով պարզում պատկերը: Պարզվում է, մարդը զբաղվել է ինքնաբուժումով եւ ընդունել հաբեր, որոնք իր տարիքում ավելի քան հակացուցված են: Բժիշկը նշանակումներ է անում եւ փորձում հրաժեշտ տալ, սակայն ծերունին խորամանկում է, նոր հարցեր է տալիս, փորձում ձգել զրույցը: Հասկանալի վիճակ է, զավակներից ոչ մեկը մոտը չէ, միայն ծեր հարեւանուհին է երբեմն այցելում:

Հաջորդ կանչը մի քանի շենք այն կողմ է, հասնում ենք շատ արագ: Կին է, բողոքում է սրտի ուժեղ ցավերից: Այստեղ էլ ինքնաբուժման փաստ է, բայց վիճակն իսկապես լուրջ է, եւ ստիպված հրավիրում ենք մասնագիտացված կարդիոբրիգադը, որը ոչ մի կերպ չի կարողանում ազատվել: Ստիպված ենք սպասել: Մոտ 20 րոպե անց գալիս են, եւ հիվանդին ձեռքից ձեռք հանձնելով մեկնում ենք:

Կայան վերադառնալու փոխարեն վարորդը կանգնում է փողոցում: Իմ զարմացած հայացքը տեսնելով բացատրում է, որ այս ձեւով խնայում են բենզինը, որի օրական նորման 15 լիտր է: Ընդհանրապես հաճելի է, բայց փորձում եմ պատկերացնել նույն գործողությունը մի քանի ամսից, ձմռանը: Պատկերը ստացվում է շատ տխուր: Ռացիան խռխռում է, սակայն դիսպետչերի փոխարեն եթերում հայտնվում է գործարար զույգ: «Ազիզ, էն դուբլյոնկեքը որ բերել էիր, վրես էրկու ռազմեր մեծ են, կարա՞ս վռազ ուրիշ ճարես»: «Էս էրկու օրը ախպերս Ստամբուլից գալիս ա, ոտդ կախ քցի, մի բան կկպցնենք»: Մեջբերվածը խոսակցության մի փոքր հատվածն է ընդամենը, բուն զրույցը մոտ 3-4 րոպե տեւեց: Բուժքրոջ վկայությամբ, պատահում է, 15-20 րոպեանոց ալիքի տակ են հայտնվում, եւ դիսպետչերը, թեկուզ պատառոտվի, չի կարող անձնակազմի հետ կապի մեջ մտնել: Կապի միջոցների տեխնիկական առաջընթացը լավ բան է, իհարկե, բայց այն անցել է մեր շտապօգնության ծառայության կողքով ու չի նկատել:

Ժամը 22-ին կանչ է ստացվում Հակոբյան փողոցից: Բառացիորեն երկու րոպե հետո հասնում ենք: Մարդիկ չեն հասցնում դիմավորել: Երիտասարդ կին է, նույնպես սրտից է բողոքում, բայց օգնական բրիգադ կանչելու անհրաժեշտություն չի զգացվում: Բժշկուհին արագ պարզում է պատճառը եւ ներարկում նշանակում: Մի քանի րոպեից կինը խաղաղվում է, բայց անպայման պետք է բուժման կուրս անցնի: Մինչեւ 23.00 փողոցում ենք, բայց նոր կանչեր չկան: Վերադառնում ենք կայան: Նույնպես հանգիստ է: Դրսում միայն երկու անձնակազմ կա: Մեկը դատարկաձեռն է վերադառնում: Արաբկիրի զբոսայգում վատ զգացած թափառաշրջիկի մասին կանչը չի հաստատվել:

Կեսգիշերից այն կողմ կանչ է ստացվում, եւ նորից սրտի տագնապ: Այս անգամ մեկնում եմ կարդիոանձնակազմի հետ: Ծեր կին է, վերջին կաթվածից հետո մի քանի օր առաջ է դուրս գրվել հիվանդանոցից: 20-25 րոպեում հասցնում ենք սիրտը նկարել, սրսկել, նշանակումներ անել եւ վերադառնալ: Մեզ հետ վերադառնում է մյուս անձնակազմը, որը ոտքը կոտրված մի երիտասարդի հիվանդանոց է տեղափոխել: Ժամը երկուսին նորից կանչ է ստացվում, այս անգամ՝ բարձր ջերմություն: Թեթեւ կանչ է: Հետո՝ լռություն, մինչեւ ժամը հինգը:

Դիսպետչերը չի դադարում զարմանալ, սովորաբար ամենաշատ կանչերը լինում են գիշերվա ժամերին, իսկ այս մի գիշերը խախտում է սովորական դարձած ռիթմը: Բարեբախտաբար: Խալաթս հանձնում եմ եւ շնորհակալություն ու բարի գիշեր /շուտով լույսը կբացվի/ մաղթելով հեռանում: Ծանր կյանք է, ես երեւի չէի կարող այս ծառայությունում թեկուզ վարորդ աշխատել: Յուրաքանչյուր հերթապահության ընթացքում ամեն անձնակազմի բաժին է հասնում միջինը 9-12 կանչ, եւ բոլորը՝ շտապ: Այսինքն, հերթափոխն անցնում է սթրեսից սթրես ռեժիմով: Իսկ պատահում է նաեւ, որ ոչ մի օգնություն արդեն պետք չէ: Այս ամենին վարժվելը չափազանց բարդ է:

ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ ԶՐՈՒՅՑԻՑ

Ռաֆայել Խառատյանը ընդամենը մի քանի ամիս է գլխավորում քաղաքային շտապ բուժօգնությունը եւ բավական ինքնավստահ է: Ամենամեծ դժվարությունն այսօր ծառայության բուժանձնակազմին վճարելն է: «Ամեն կանչի սպասարկման արժեքը դարձնելու ենք 5800 դրամ, ինչը թույլ կտա հունվարի 1-ից բժիշկների աշխատավարձը հասցնել 50 հազարի: Ես եմ դա խոստացել եւ կանեմ միանշանակ»- հայտարարեց Ռ. Խառատյանը նշելով, որ ցանկացած բժշկի նույն պահին կազատի աշխատանքից, եթե հանկարծ իմանա, որ բժիշկը հիվանդից գումար է պահանջել:

«Շտապ բուժօգնությունը մեզ մոտ ձրի է, եւ թող սա իմանան բոլորը, եւ իմանան, որ իրենք ոչնչով պարտավորված չեն շտապօգնության հանդեպ»- մյուս միանշանակ հայտարարությունն է անում տնօրենը: Եթե, տա Աստված, տնօրենը հասնի իր նպատակին, ծառայության վիճակը, որն իր իսկ խոսքերով, վիճակ չէ, կդառնա վիճակ: Մեքենաների պարկի թարմացման հարցում առաջխաղացման նշաններ կան: Պայմանավորվածություն կա Ռուսաստանի հետ 60 հատ «Գազել» տիպի հատուկ կահավորված մեքենա բերելու մասին, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 15 հազար դոլար է: Այս թեմայի շուրջ զրուցելիս մի հետաքրքիր հանգամանք բացահայտվեց:

Օրերս քաղաքում հայտնված երթուղային մարդատարների հետ Երեւան են բերվել նաեւ շտապօգնության 10 մեքենա, սակայն Ռ. Խառատյանը պաշտոնապես տեղեկացված չէ այդ մասին: Մինչդեռ, ըստ նրա, կարելի կլիներ ամեն կայանում ունենալ մեկական թարմ մեքենա եւ երեքը վերափոխել ու դարձնել սրտաբանական մասնագիտացված մեքենաներ, որոնք կսպասարկեին ողջ քաղաքը: Դեղորայքի մասին: Ռ. Խառատյանը համամիտ է, որ նախկին տնօրենը բնակչությանը ճիշտ տեղեկություններ չի տվել եւ խոստովանում է. «Չկա, դեղորայք իսկապես չկա, բայց որ ասեն կա, դրանից դեղորայքը չի հայտնվի բժշկի մոտ: Ամբողջ խնդիրը ֆինանսական է, ամեն ինչ անում ենք, որ լինի, բայց ես ֆինանսների նախարարի փոխարեն չեմ կարող երաշխիքներ տալ»:

Զրույցն իսկապես անկեղծ ու անկաշկանդ է ստացվում: Մարդը չի աշխատում կոծկել արատներն ու խնդիրները, ինչը սովորական է պետական ծառայողների մեծագույն մասի դեպքում, այլ հրապարակավ հայտարարում է, որ եկել է այդ խնդիրները լուծելու: Եւ հայտարարում է, որ մամուլի համար իր ղեկավարած ծառայությունը բաց է լինելու:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Չհավատալու ոչ մի պատճառ չկա: Այսպիսի անկեղծությունից հետո մնում է միայն սպասել արդյունքին, եւ մաղթել, որ այն արագ լինի: Ի վերջո, հեռու բոլորից, բայց այս մի ծառայությանը ստիպված ենք լինում դիմել բոլորս:

ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930