Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԿԵԼ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՍՈՂԱՆՑՔՆԵՐԸ

Սեպտեմբեր 16,1998 00:00
Ruben Hakobyan

ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Ռուբեն Հակոբյանը համաձայնության իր ստորագրությունը չի դրել ընտրական օրենսգրքի այն տարբերակի տակ, որը հավանության է արժանացել ԱԺ բոլոր խմբերի ու խմբակցությունների կողմից՝ բացառությամբ «Երկրապահ»-ի։ Այդ առիթով էլ նա հարցազրույց տվեց «Առավոտ» օրաթերթի եւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցներին։

– Ես մասնակցել եմ ընտրական օրենսգրքի մշակմանը նվիրված խորհրդակցությանը, ուր հանդես եկա առաջարկությամբ, որը, կարծես, ընդունվեց։ Խոսքը հանձնաժողովների կարգավորման կարգի մասին է։ Մշակված ընդհանուր տարբերակում հանձնաժողովների կազմավորման կարգը շատ արհեստածին է եւ բավականին իրադրային։ Ըստ էության այն կուսակցությունները, որոնք խորհրդարանում չկան, գործնականում բացառվում է դրանց ներկայությունը տարբեր մակարդակի հանձնաժողովներում։ Իսկ դա ճիշտ մոտեցում չէ։ Դա է պատճառը, որ ես չեմ ստորագրել։ Եթե խորությամբ անդրադառնանք առաջարկվող կարգին, նախատեսվող սկզբունքն, ըստ էության, նորից հաշվի է առնում միայն «Հանրապետություն» միավորման կուսակցությունների շահերը։ Դրանք, ճիշտ է, այսօր միասնական չեն եւ ամենքը մի դաշտում է հայտնվել, սակայն ձեւակերպումները տրված են հիմնականում այդ շահերը հաշվի առնելով։

– Իսկ ո՞րն է ձեր այլընտրանքային առաջարկը։

– Ես առաջարկել եմ հանձնաժողովների կազմավորման հիմքում դնել երկու սկզբունք։ Դա չպետք է լինի իրադրային մոտեցում եւ ծիծաղ չառաջացնի, ինչպես այս դեպքում։ Նկատի առնելով 1995թ. ընտրությունների ամբողջ անցուդարձը եւ քաղաքական առկա փաստական իրավիճակը, ես առաջարկեցի անկախ նրանից՝ կուսակցությունները խմբակցություններ կունենան խորհրդարանում, թե ոչ, յուրաքանչյուր կուսակցություն հանձնաժողովներում ունենա մեկական ներկայացուցիչ։

– Բայց չէ՞ որ մատուցվեց այն հակափաստարկը, եւ Էդվարդ Եգորյանն էլ անձնական փորձից օրինակ բերեց, որ իշխանությունը կարող է գրանցել 8 տասնյակից ավելի կուսակցություն ու դրանցով ոչ բնական առավելություն ձեռք բերել հանձնաժողովներում։ Այդ կուսակցությունները, էլի Եգորյանն իր փորձից ելնելով ասաց, թե հանուն պատգամավորական մեկ մանդատի կամ մեկ պաշտոնի, պատրաստ են ցանկացած ծառայություն մատուցել։ Իսկ իրականության մեջ կայացող կամ կայացած կուսակցություն Հայաստանում հազիվ 6-7-ը լինի։

– Պետք է նաեւ իմ փաստարկը հիշենք։ 1995թ. իշխանությունը նպատակ ուներ ջախջախել քաղաքական դաշտը եւ իր ուզած ցուցակում ընդգրկված թեկնածուներին անցկացնել։ Այն ժամանակ ընդդիմության բոլոր ջանքերը, միեւնույն է, որեւէ արդյունք չտվեցին։ Այն ժամանակ դրված էր խնդիր՝ ամեն գնով անցկացնել նրանց, ում պետք է։ Իշխանությունն իր խնդիրը կատարեց։ Եթե այսօրվա իշխանությունն էլ նման խնդիր է դնելու, որպեսզի իրենց ընտրյալներն ամեն գնով դառնան պատգամավորներ, ապա թղթի վրա գրված որեւէ նորմ չի կարող փրկել։ Ուղղակի պետք է ձգտել, որ այդպես չլինի։ Այլապես՝ Հայաստանի այսօրն ու վաղը դրվում են չափազանց վտանգավոր հեռանկարի առջեւ, եթե, իհարկե, իշխանությունները նման քայլեր ձեռնարկելու մտադրություն ունենան։

– Պարոն Հակոբյան, իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ընտրական օրենսգրքի այն մյուս կետերին, որոնք եւս փոխզիջում են ենթադրում։ Խոսքը համամասնական եւ մեծամասնական մանդատների քանակի սահմանազատման եւ ընտրություններին բանակի հնարավոր մասնակցության մասին է։

– Ինչ վերաբերում է համամասնական-մեծամասնականի հարաբերակցությանը, ապա պետք է ասեմ, որ ըստ էության հիմք է ընդունվել մեր տեսակետն արտահայտող թվային հարաբերակցություն։ Կարծում եմ, որ նրանք, ովքեր շահագրգռված են քաղաքական դաշտի կայացման եւ հզորացման հարցում, պետք է գնան այդ քայլին՝ առանց որեւէ դեմագոգիկ պատճառաբանության։ Այս խնդրի շուրջ արտահայտված հակափաստարկ բովանդակող բոլոր պատճառաբանությունները համարում եմ արհեստածին եւ դեմագոգիկ՝ չգիտեմ, կուսակցությունները կայացած չեն եւ այլն, եւ այլն…

Այստեղ փոխզիջումը, կարծում եմ, մեզ հետ չէ, որ պետք է լինի։ Իսկ բանակի մասնակցության հարցը կարելի է քննարկել։ Մենք ժամանակին որոշեցինք ինչ-որ խնդիրներ լուծել, որպեսզի բանակը ճնշման տակ չլինի՝ նրա համար ապահովելով քաղաքացիական ընտրատեղամասերում քվեարկելու հնարավորություն։ Սակայն, ի վերջո, այդ սկզբունքի արձանագրումը հանգեցրեց նրան, որ ամենից շատ քվեարկողներ հայտնվեցին հենց բանակում։ Հիմա մենք պետք է գտնենք այն տարբերակը, որով նվազագույնի կհասցվի խախտումների հնարավորությունը։ Իսկ ընդհանրապես դա բացառելը գրեթե անհնար է։ Ես նման իդեալական տարբերակ չեմ պատկերացնում։ Իմ նպատակն է խարդախության համար հնարավորինս քիչ սողանցքներ թողնել։

– Էդվարդ Եգորյանն ասում էր, որ օրենքով պետք է նվազագույնի հասցվեն հնարավոր սողանցքները։ Այդպես 1995-ին հնարավոր եղավ իշխանությունների գործողությունները գնահատել տալ՝ ընտրությունները արժանացնելով «ոչ արդար» գնահատականի։

– Կարծում եմ, որ խոսքը շատ հարաբերական բաների մասին է։ Նույնիսկ պարզ չէ, թե ով ինչ է հասկանում մեծ կամ փոքր սողանցք ասելով։ Եթե իշխանությունը որոշում է պետության հերն անիծել, տրակտորներով մտնել ասպարեզ ու իր մարդկանց դարձնել պատգամավոր, այդ դեպքում ի՜նչ օրենք էլ գրած լինես, միեւնույն է՝ այդպես է լինելու։ Իսկ այն օրենքը, որ ներկայացվում է իբրեւ միասնական տարբերակ, եթե օրենսդրությունից բան հասկացող մարդիկ ընթերցեն, անմիջապես կարձանագրեն՝ դա այնքան իրադրային է ու այնքան արհեստածին, մանավանդ սողանցքները բացառելու առումով, որ իր խոցելիությամբ դեմագոգներին հնարավորություն կտա այդ օրենքի վրա ընդհանրապես ուշադրություն չդարձնել։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930