Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՐՍԻ ՀԱՄԱՐ

Հոկտեմբեր 16,1998 00:00
kusakcutyunner

Երբ երկրի նախագահը համարում է, որ իր կուսակցությունը իր ժողովուրդն է, խորհրդարանի խոսնակը իրեն ոչ մի քաղաքական ուժի հետ չի կապում, իսկ խորհրդարանում մեծամասնություն կազմող երկրապահները ոչ թե կուսակցություն են, այլ պարզապես միություն, հարց է ծագում՝ ո՞ր քաղաքական ուժն է այսօր պատասխանատվություն կրում երկրի քաղաքական կուրսի համար։ Այդ հարցը ուղղեցինք կուսակցությունների ղեկավարներին։

Վազգեն Մանուկյան (ԱԺՄ)– Այսօր պատասխանատու է ՀՀՇ-ն՝ երկու պատճառով. Առաջին՝ անցած տարիներին ՀՀՇ-ն պետական այնպիսի համակարգ ստեղծեց, որ այսօրվա շատ հարցեր լուծվում են այդ համակարգի ներքին տրամաբանությամբ։ Երկրորդ՝ 1998 թ. ընտրությունների ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիմնականում կազմված էր 1996 թ. հանձնաժողովի անդամներից եւ հենց այդ հանձնաժողովների կողմից են խեղաթյուրվել ընտրությունների արդյունքները Ռ. Քոչարյանի օգտին։ Երկրորդ ուժը, որը պատասխանատվություն է կրում, դաշնակցությունն է՝ կուսակցություն, որը պաշտպանում եւ աջակցում էր Ռ. Քոչարյանին, եւ բոլոր միջոցներն ու հնարավորությունները օգտագործում նրան նախագահ դարձնելու համար։ Վերջապես, ես կնշեի ոչ այնքան քաղաքական ուժը, այլ անձնավորությանը՝ Վազգեն Սարգսյանին։ Ես դիտավորյալ չեմ ասում՝ երկրապահները, քանի որ նրանք որպես ուժային կառույց իրենց գեներալի հրամանն են կատարում։ Վ. Սարգսյանը պատասխանատու է երկրի քաղաքական կուրսի համար, քանի որ ոչ միայն պաշտպանել է Ռ. Քոչարյանին, այլ ամեն ինչ արել նրան իշխանության բերելու։ Իսկ թե այսօր ինչպիսի՞ քաղաքական ծրագիր է իրականացնում երկիրը՝ սա ռեբուս է, որը պետք է դեռ կարողանալ լուծել։

Հրանտ Բագրատյան («Ազատություն»)– Ակնհայտ է, որ այսօր երկրի քաղաքական կուրսի համար պատասխանատու են «Երկրապահն» ու Դաշնակցությունը։ Վիգեն Խաչատրյան (ՌԱ(ԼԴ)Կ)- Ես կարծում եմ, որ բոլոր այն կուսակցությունները, որոնք նախագահական ընտրություններում աջակցել են Ռոբերտ Քոչարյանին, լիովին պատասխանատու էին իրավիճակի համար։ Ոմանց կեցվածքը, թե իրենք մասամբ են պատասխանատու, պարզապես անհեթեթ է։

Վանո Սիրադեղյան (ՀՀՇ)– Սատանան գիտե։

Հարություն Կարապետյան (ՀՌԱԿ)– Ես կցանկանայի, որ բոլոր քաղաքական ուժերը պատասխանատվություն կրեին երկրի քաղաքական կուրսի համար։ Դա արդար կլինի, քանզի երբեք չէի գտնում, որ ղեկավարող կուսակցությունը մի ժողովուրդ է ներկայացնում, չափավոր-ընդդիմադիրները՝ մեկ այլ, արմատականները՝ մի երրորդ։ Իմ խորին համոզմամբ, բոլոր կուսակցություններն էլ մի ժողովուրդ են ներկայացնում, այդ պատճառով էլ բոլորի պատասխանատվությունն էլ նույնն է։

Հրանտ Խաչատրյան («Սահմանադրական իրավունք»)– Այն քաղաքական ուժն է պատասխանատու, որը իշխանության եկել է, իսկ իշխանության գլխին դեռեւս անձինք են կանգնած։ Իշխանության առողջացման գործընթացը կանգ է առել նախագահի ընտրությամբ։

Սերգեյ Բադալյան (Կոմկուս)– Երբ երեք օրվա ընթացքում երեք տարբեր մեկնաբանություններ են տրվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների շուրջ, երբ կառավարությունը հայտնում է, որ ռուսաստանյան տնտեսական իրադարձությունները ոչ մի կերպ չեն ազդելու Հայաստանի վրա, առավել եւս, երբ պրն վարչապետը զարմանալի ինքնավստահությամբ Ռուսաստանին ուսուցանում է, թե ինչպես վարել էկոնոմիկան, ձեւավորել բյուջեն, երբ երկրում գլխավոր դատախազի քաղաքական բնույթի սպանություն է կատարվում, իսկ նախագահը մասնավոր մի անձի հրավերով Նիցցայի ափերին է հանգստանում, դա խոսում է այն մասին, որ երկրում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը։ Այդ մարդիկ չգիտեն երկիրը ղեկավարել, քաղաքական կուրս չկա ընդհանրապես։ Իսկ ինչ վերաբերում է այն բանին, թե որ քաղաքական ուժերն են պատասխանատվություն կրում, ապա գլխավոր պատասխանատուները խորհրդարանից դուրս դաշնակներն են, իսկ խորհրդարանի ներսում՝ երկրապահները։

Անդրանիկ Մարգարյան (Հանրապետական կուսակցություն)– Աջ եւ ձախ ուժերի քաղաքական մի ամբողջ սպեկտր, որը պաշտպանել ու աջակցել էր Ռ. Քոչարյանին։ Բայց առայժմ քաղաքական այդ ուժերը հստակ դիրքորոշում չունեն. կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ պարզ կդառնա, թե որ քաղաքական ուժն է պատասխանատվություն կրում։ Ըստ իս, քաղաքական մեկ ուժի վրա պատասխանատվությունը դնելը սխալ է։

Արմեն Հովսեփյան (Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ)– Բարդ հարց է։ Ներքին եւ արտաքին քաղաքականության կրողները, որ այս վերջին տարիներին ուղղություն են որոշել, տնտեսական առումով, շարունակում են նույն քաղաքականությունը։ Դերակատարները եւ գործող անձինք նույնն են, ավելացել է մի տարր, որը նեցուկ դարձավ Ռ. Քոչարյանին։

ԺԱՍՄԵՆ ՎԻԼՅԱՆ

Քանի որ հարցման մասնակիցների մեծ մասի կարծիքով, երկրի քաղաքական կուրսի համար պատասխանատուներից մեկը դաշնակցությունն է, առաջիկա համարներից մեկում կներկայացնենք հարցազրույց ՀՅԴ ԳՄ քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031